ՀԱՄԱԼԻՐԸ «ԼՑՆԵԼՈՒ» ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Օրինաց երկիր» կուսակցությունը տոնեց հիմնադրման 15-ամյակը: Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց նաեւ Սերժ Սարգսյանը:
Մարդիկ սկզբում մեծ ոգեւորությամբ մտնում էին դահլիճ, քանի որ չգիտեին, թե ինչ է սպասվում: Երբ սկսվեց ՕԵԿ հիմնադիր Արթուր Բաղդասարյանի ողջույնի խոսքը, որն ավելի շատ նախընտրական քարոզչություն էր հիշեցնում, ներկաները ձանձրույթից հոգոց էին հանում եւ հորանջում: Ելույթ ունեցավ նաեւ Սերժ Սարգսյանը` ՕԵԿ-ին գովերգող խոսքեր շռայլելով:
Իսկ Արթուր Բաղդասարյանը պաթոսով հայտարարեց, թե ՕԵԿ-ն այսօր Հայաստանի քաղաքական դաշտի ամենաամուր եւ ամենակայացած կառույցն է, որն ունի 160 հազար անդամ: Ինչպե՞ս է ՕԵԿ-ը մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, եւ ո՞րն է լինելու նրանց հիմնական կարգախոսը: Այս հարցերի պատասխանները եւս Արթուր Բաղդասարյանը տվեց` կոչով դիմելով ներկաներին. «Վստահե՛ք եւ պահանջե՛ք, հավատացե՛ք եւ պահանջե՛ք»:
Թեեւ հասարակությունը բուռն ծափահարում էր, բայց նկատվում էր, որ նրանք անհամբեր սպասում էին, թե երբ է պաշտոնական մասն ավարտվելու, որպեսզի սկսվի համերգը: Սակայն համերգը եւս շատերին առանձնապես չհետաքրքրեց: Միջոցառման կեսից մարդիկ դուրս էին գալիս դահլիճից եւ այս ու այն կողմ նայելով` հեռանում:
Երեկ հրապարակվեցին նաեւ ՕԵԿ համամասնական ընտրացուցակի առաջին 15 հորիզոնականները զբաղեցրածների անունները.
1. Արթուր Բաղդասարյան,
2. Հեղինե Բիշարյան,
3. Արմեն Երիցյան` ԱԻՆ նախարար,
4. Սերգո Կարապետյան` գյուղնախարար,
5. Նելսոն Զուրոյան,
6. Դիանա Նիազյան` Հայաստանում ԱՄՆ-ի առեւտրա-արդյունաբերական պալատի տնօրեն,
7. Մանուկ Վարդանյան` ՏԿ նախարար,
8. Դավիթ Կարապետյան` ՊՆ խոսնակ,
9. Խաչիկ Հարությունյան` ԱԺ պատգամավոր,
10. Նատալյա Ադամյան,
11. Մհեր Շահգելդյան,
12. Հովհաննես Մարգարյան` ԱԺ պատգամավոր,
13. Սամվել Թադեւոսյան (Վերահսկիչ պալատի առաջին վարչության պետ, լամինատի խոշոր ներկրող Հայաստանում),
14. Իշխան Խաչատրյան` ԱԺ պատգամավոր,
15. Տիգրան Ղալեչյան:
Իսկ մեծամասնական ընտրակարգով ՕԵԿ-ը կպաշտպանի այս թեկնածուներին.
Էդուարդ Մադաթյան (Խուճուճ Էդո),
Կարեն Բոթոյան (Շինանյութի Սերգեյի փեսան)
Արմեն Հարությունյան,
Հունան Պետրոսյան,
Ալբերտ Այվազյան,
Արթուր Միսակյան,
Դեզի Հովհաննիսյան,
Վահե Վարդապետյան,
Հայկ Հովհաննիսյան:
Անուններն ընթերցելուց հետո ՕԵԿ-ականները սկսեցին բեմի վրա քոչարի պարել, ապա Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ այս խորհրդարանական ընտրությունները պատվով հաղթահարելուց հետո ունեն նաեւ մի նոր ընտրարշավ եւ 2013-ի նախագահական ընտրությունները, որի ընթացքում զորակցելու են Սերժ Սարգսյանին:
Հ.Գ. Ուշագրավ է, որ ՕԵԿ-ից այլեւս պատգամավոր չեն դառնա Խաչիկ Պետրոսյանը (ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի եղբորորդին) եւ Սերգեյ Աբրահամյանը (Արա Աբրահամյանի եղբայրը), որոնք ավանդաբար մանդատ են ստացել ՕԵԿ-ի միջոցով: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ն այսօրվա խորհրդարանում ունի 8 մանդատ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս