Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը:
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ իրեն հայտնել են, թե ամբաստանյալ Շահեն Հարությունյանն առողջական խնդիրներ ունի: Նա հարց ուղղեց իրավահաջորդին՝ հնարավոր է այդ պարագայում շարունակել նիստը. Շահենի մայրը` Ռուզան Բադալյանը հայտնեց, որ հնարավոր է:
Ապա ցուցմունք տվեց տուժող, չորրորդ գումարտակի հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանը, ով հայտնեց, որ դեպքի օրը եղել է ծառայողական մուտքի մոտ: Տուժողը նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Շանթ Հարությունյանին:
«Այդ օրը Շանթ Հարությունյանն ինձ հրեց: Մյուսներն էլ բղավում էին, անկանոն շարժումներ անում: Ընթացքում մի քաղաքացու ծեծում էին, բղավոցներ եղան՝ «ոստիկան է, մի՛ խփեք, հետո էլ, թե՝ «միլիցա է, խփե՛ք»,- պատմեց տուժողը:
Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը հարց հնչեցրեց, թե ինչպես են գործով բոլոր վկաներն ու տուժողները տեսել այդ դրվագը, եթե բոլորն էլ տարբեր վայրերում են եղել:
«Էտ դեպքի հետ կապված կա 40-ից ավելի վկա, ու եթե չեմ սխալվում, 16-18 տուժող: Բոլորը միաբերան ասում են` քաղաքացիական հագուստով տուժող կա: Խնդիրն էնա, որ 70 հոգին տարբեր տեղեր են եղել, բայց չգիտես` ոնց բոլորը գիտեն դրա մասին, գիտեն, որ ասել ենք միլիցա է, խփեք, որևէ տեղ այդ ձայնագրությունը կա՞, որ ըտենց բան ա ասվել:
Դատարանը հարց հանեց` պատճառաբանելով, որ եթե կան ձայնագրությունները, դա արդեն հիմք է հանդիսանում որպես ապացույց ներգրավվելու:
Պաշտպան Արա Զաքարյանի հարցին, թե տուժողը տեսել է՝ իրենց աշխատակիցների կողմից պահանջներ կամ հորդորներ եղել են, Խաչատուր Ավետիսյանն ասաց, որ ինքը պահանջ չի տեսել կամ լսել: «Չորրորդ գումարտակի մեր աշխատակիցը մոտեցել է Շանթ Հարությունյանին, և ժեստիկուլյացիայից ջոկել եմ, որ փորձել է կանխել, իսկ Շանթ Հարությունյանը հրել է նրան»,- ասաց տուժողը:
Ամբաստանյալ Սևակի հարցին, թե տուժողը նկատել է՝ ինչպես է իրենց հրամանատար Գեղամ Խաչատրյանը հայհոյանքներ հնչեցնում, տուժողը բացասական պատասխան տվեց:
«Ես նկատել եմ էն պահից սկսած, երբ Գեղամ Խաչատրյանը մոտեցել է Շանթ Հարությունյանին: Վերահսկել եմ այդ ամեն ինչը, և իմ վերահսկելը դուրս է եկել այն պահից սկսած, երբ դուրս է եկել վերահսկողությունից»,- ասաց տուժողը` նկատի ունենալով այն պահը, երբ, իր ասելով, ամեն ինչ դուրս էր եկել վերահսկողությունից:
«Հրահանգ տվե՞լ եք որևէ գործողություն կատարելու Ձեր աշխատակիցներին, երբ Շանթ Հարությունյանը դուրս է եկել երթևեկելի մաս, և ինչո՞վ է դա արտահայտվել»,- հարցրեց պաշտպանը, իսկ տուժողը պատասխանեց, որ հրահանգը եղել է այն, որ բոլորին բերեն մայթ, և հրահանգը կատարվել է կապի միջոցով:
Ամբաստանյալ Ալեք Պողոսյանը հարցեր հնչեցրեց. «Դուք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք: Դուք ձեզ տուժող համարո՞ւմ եք» հարցերը հանվեցին:
Պաշտպանի հարցին` երթից առաջ, մինչև փողոց դուրս գալը, հայտարարություններ եղե՞լ են, տուժողն ասաց, որ «սայտերը լցված են եղել, ուրիշ տեղից հայտարարություններ չենք լսել»:
Հաջորդ հարցին` ինչպես են նրանց տեղափոխել մայթ, կոպտորեն, թե սիրելով, պատասխանեց. «Ես հետևից գրկելով, սիրելով, ոնց որ դուք եք ասում, տեղափոխել եմ մայթ»:
Վարդան Վարդանյանը կրկին հարց հնչեցրեց, թե նրանք Օսիպյանի հետ համաձայնեցրել են իրենց գործողութոյւնները: Տուժողը դրական պատասխան տվեց:
Շանթ Հարությունյանը նկատեց, որ ինքը օպերայում ասել է. «Ոստիկաններին կարգի՛ բերեք, որ չխոչընդոտեն, թե չէ մահակներով կծեծենք, դա դիմելու ձև չի՞: Ես ոչ մեկին զվանիներով կամ անունով չգիտեմ, որ դիմեի»,- տուժողն ասաց, որ իրենք չէին կարող պատկերացնել, որ դուրս կգան երթևեկելի մաս:
Ապա ցուցմունք տվեց տուժող Էվրիկ Լոնսկին, ով ամբաստանյալ Ալեք Պողոսյանի հարցին, թե նա վնասվածքներ ստացել է, պատասխանեց, որ ինքը վնասվածքներ չի ստացել, պարզապես աչքերն են մռմռացել և հազացել է:
«Ինձնից վնասվածք ստացե՞լ եք»,- հարցրեց ամբաստանյալը, ինչին տուժողը բացասական պատասխան տվեց:
«Ալի՛կ, վախտին, որ փետը չես տվել գլխին, հիմա ի՞նչ ես ուզում էս մարդուց»,- տեղից ասաց Շանթ Հարությունյանը` դիմելով Ա. Պողոսյանին: