ՏՂԱՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՍՏՈՒՄ, ՔԱՆ ԿԱՆԱՅՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոգեբան Լաուրա Սահակյանը տեղեկացնում է` յուրաքանչյուր մարդ օրական 100-ից 200 անգամ սուտ է խոսում: Իսկ գիտնականները` պրոֆեսոր Բելլա Դե Պաուլոյի ղեկավարությամբ հետազոտություն են անցկացրել եւ պարզել` որքան գիտակ է մարդը, այնքան մեծ է նրա ստելու հավանականությունը, քանի որ հարուստ բառապաշար ունենալը հեշտացնում է ստեր հորինելու հնարավորությունը:

«Իհարկե, սա հոգեւոր դասին չի վերաբերում… Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ ավելի շատ են ստում, քան կանայք, ընդ որում՝ դատարկ բաներում: Իսկ կանայք հիմնականում ստում են անհրաժեշտության դեպքում, երբ պետք է փրկել ընտանիքը, տեղավորվել աշխատանքի եւ այլն»,- ասում է հոգեբան Լաուրա Սահակյանը: Ըստ նրա` գոյություն ունեն ստի բազում տեսակներ՝ քաղցր, սպիտակ, երեխայական, հումորային եւ այլն: Քաղցր ստի դեպքում մարդիկ խաբում են դիմացինի բարօրության համար, որպեսզի չնեղացնեն եւ չցավեցնեն նրան: Ստի այս տեսակն օգտագործվում է հատկապես սիրային հարաբերություններում:
Այս շորը քեզ շատ է սազում, դու բոլորովին էլ գեր չես, շատ գեղեցիկ աչքեր ունես. այս եւ այլ հաճոյախոսություններն ու շողոքորթությունները եւս սուտ են համարվում: Պատկանում են սպիտակ ստի տեսակին, որն իր բնույթով շատ նման է քաղցր ստին:
Իսկ ահա երեխայական ստերի հեղինակները հենց երեխաներն են: Հոգեբան Լաուրա Սահակյանն այս հանգամանքը պայմանավորում է նրանով, որ մինչեւ որոշակի տարիքը (սովորաբար մինչեւ 5-ը) երեխաները չեն տարբերում երեւակայականն իրականությունից։ Ծնողները չպետք է անհանգստանան, երբ երեխաներն ասում են, թե հրեշտակներ են տեսնում, զրուցում են թիթեռների հետ եւ այլն: Սա բնական երեւույթ է երեխայի զարգացման շրջանում, այլ բան է, երբ երեխայի երեւակայությունը դրսեւորվում է 7 տարեկանից հետո: Հոգեբանի խոսքով` լռությունը եւս սուտ է, բայց այն դեպքում, երբ մարդը դիտավորյալ կերպով թաքցնում է կարեւորագույն փաստերը՝ մոլորեցնելով դիմացինին: Հաճախ այդպես են վարվում խանութի աշխատակիցները, երբ ասում են, թե տվյալ քաղցրավենիքը որակյալ է, համեղ, պահանջված, սակայն լռում են՝ թաքցնելով այն փաստը, որ դա հին է:
Իսկ ինչ վերաբերում է հումորային ստին, ապա դրա տեսակներն են որոշակի հեգնանք պարունակող անեկդոտներն ու կոմիքսները: Մեր զրուցակցի խոսքով, գոյություն ունեն նաեւ ինքնապաշտպանության համար նախատեսված ստեր, երբ մարդիկ խաբում են՝ փորձելով խուսափել սեփական հանցանքի պատասխանատվությունից կամ հետագա խնդիրներից, օրինակ՝ երբ քննությունների ժամանակ արտագրությամբ են զբաղվում: 17-ամյա Արամը պատմում է, որ վերջին մեծ սուտը հորինել է հենց քննություններից մեկի ժամանակ։ «Պատմության քննությանս անպատրաստ էի ներկայացել: Դասախոսիս ստեցի, որ տասնութս լրացել է եւ որ մի քանի օրից զորակոչվելու եմ, խնդրեցի ընդառաջել: Իրականում դեռ մեկ տարի ժամանակ ունեմ բանակ գնալու համար»,- խոստովանեց պատանին:
Արամը ստուգարքը ստանում է, սակայն այս պատմությունը սրանով չի ավարտվում, մյուս տարվա ստուգարքին եւս ստպված է լինելու ստել: Դասախոսի զարմանքին ի պատասխան, թե ինչ գործ ունի համալսարանում, պատասխանելու է՝ զորակոչն են հետաձգել:
21-ամյա Նարինեն էլ շատ ու շատ աղջիկների նման ստում է ծնողներին՝ թաքցնելով այն փաստը, որ ինքն ընկեր ունի. «Մեր հարաբերությունները դեռ սկզբնական փուլում են: Յուրաքանչյուր աղջիկ էլ նախ ցանկանում է հասկանալ՝ արդյո՞ք իր զուգընկերն իր կեսն է, արժե՞ հարաբերությունները լուրջ հիմքի վրա դնել, թե ոչ եւ նոր միայն այդ մասին տեղեկացնել ծնողներին՝ մանավանդ հայրիկին»,-ասում է նա: Հարցին՝ դժվար չէ՞ արդյոք ճշմարտությունը թաքցնելը, պատասխանում է՝ դա ամենադժվար բանն է աշխարհում, հաճախ է խիղճը տանջում եւ իրեն մեղավոր զգում:
Հոգեբան Լաուրա Սահակյանի խոսքով՝ որոշակի հնարքների միջոցով կարելի է բացահայտել ճիշտ է խոսում դիմացինդ, թե ոչ: Ըստ նրա՝ սուտ խոսելու ժամանակ մարդիկ ավելի հաճախ են թարթում աչքերը, շարժում ոտքերը (սովորաբար հետ ու առաջ են գնում), փոխարենը փորձում են անգործության մատնել ձեռքերը՝ հաճախ միայն խաչելով կամ ընդհանրապես չշարժելով, նաեւ ժպտում են միայն շուրթերով:
Բացահայտելու համար՝ արդյոք դիմացինդ չի ստում քեզ, հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ հետեւյալ տարրերին. «Եթե դիմացինդ շեղվում է խոսակցության թեմայից եւ երկրորդական բաներ է պատմում, իսկ ձեր հարցերին չափազանց հակիրճ է պատասխանում, հավանաբար ստում է: Փորձե՛ք որոշ ժամանակ հետո «թարմացնել» նրա հիշողությունը: Ճշմարտությունները երբեք չեն մոռացվում»,-եզրափակում է հոգեբանը:
Ասում են՝ ավելի լավ է քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը, սակայն օրական մեկ կամ 100 անգամ ստելով մենք ավելացնում ենք մեր մեղքերի քանակը, քանզի Աստծո 10 պատվիրաններից մեկն ասում է. «Մի՛ ստիր»:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ




Լրահոս