«Վ. Ավետիսյանին 6 տարվա ազատազրկման դատապարտելը՝ «վերևից» իջեցված քաղաքական պատվեր է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարվա ազատազրկման դատապարտելը «Ժառանգություն» կուսակցությունը գնահատում է որպես «վերեւից» իջեցված քաղաքական պատվերի շրջանակում հայրենի դատարանի իրականացրած հերթական հաշվեհարդար, որն ուղղված է արդարացի բողոքի գործողության եւ ազատ կամարտահայտության ժողովրդավարական սկզբունքի կոպիտ ոտնահարմանը:

Հետխորհրդային տարածքում, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում պարբերաբար շարունակվող նմանօրինակ բռնությունները չեկիստական գործելակերպին հարիր վերապրուկներ են, որոնց շուտափույթ հաղթահարումը օրվա հրամայականն է:

Քաղաքական բանտարկյալներ Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի, Վարդան Պետրոսյանի եւ այլակարծիք մյուս քաղաքացիների հետապնդումները, որոնք թելադրված են մեր պետության անվան տակ գործող իշխանության կողմից, ոչ այլ ինչ են, քան թշնամական բռնարարք հայ ժողովրդի եւ նրա շահերի դեմ: Անկախ նրանից, թե որ պետությունում են մեր հայրենակիցները հետապնդվել ու դատապարտվել այլախոհության համար կամ քաղաքական դրդապատճառներով, մենք պարտավոր ենք պաշտպանել ԱՄՆ-ում՝ Համբիկ Սասունյանի, Թուրքիայում՝ Հրանտ Դինքի, Սեւան Նշանյանի, Սեւակ Բալըքչիի, Վրաստանում՝ Վահագն Չախալյանի, ՌԴ-ում՝ Լեւոն Հայրապետյանի իրավունքները՝ իբրեւ ազգային շահերից բխող կարեւոր հանձնառություն:

«Ժառանգություն» կուսակցությունը համարում է, որ հայազգի քաղաքացիների հանդեպ վերոնշյալ հալածանքները Հայոց պետական իշխանության բացակայության վկայություն են, եւ կոչ է անում մեր ժողովրդի զավակներին՝ համախմբվելով ազգային դրոշի ներքո, լծվել ազատ ու իրավատեր պետականության ստեղծման նվիրական առաքելությանը»:




Լրահոս