ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, եթե մեկ գործարքի համար 300 հազար դրամը գերազանցող գումարը վճարվում է մաս-մաս, բայց կանխիկ, ապա դա համարվո՞ւմ է դրամարկղային գործառնությունների խախտում, թե՞ ոչ: Եթե այո՛, ապա նշե՛ք օրենքի որեւէ կետ:

Կարեն Արոյան (34 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Արոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն՝ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը սահմանված է 300 հազար դրամ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանված սահմանափակումների կիրառման իմաստով կանխիկ դրամով վճարում են համարվում գնման դիմաց կատարված բոլոր վճարումները: Հետեւաբար, եթե միանվագ գործարքի արժեքը գերազանցում է 300 հազար դրամը, եւ վճարումը կատարվում է մաս-մաս կանխիկ դրամով, ապա համարվում է դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջի խախտում, եւ կիրառվում է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը:
ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ եթե հանգամանքների բերումով պահանջվող վճարումը կատարվում է մաս-մաս, ապա դա արդեն իսկ խախտում է դիտվում: Առհասարակ, ծանոթանալով մեր հարկային օրենսդրությանը՝ հաճախ այնպիսի տպավորություն է, որ այդ օրենքներն ընդունելիս հատուկ արվել է ամեն ինչ` քաղաքացիների համար լրացուցիչ դժվարություններ ստեղծելու նպատակով:

 

 

 

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ դպրոցում եւ ուսումնարանում համատեղությամբ: Ցանկանում եմ դպրոցի հիմնական աշխատանքային պայմանագիրը փոխել համատեղությամբ աշխատանքի պայմանագրի: Ինչպե՞ս կարող եմ դա անել:

Լիդա Գալստյան (38 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համատեղությամբ աշխատանքը ենթադրում է, որ անձն արդեն մեկ այլ տեղ հիմնական աշխատանք ունի, որտեղ էլ գտնվում է նրա աշխատանքային գրքույկը: Այս տարբերակում հնարավոր չէ հիմնական աշխատանքային պայմանագիրը փոխել համատեղությամբ աշխատանքի պայմանագրի, քանի որ այդ պահին Դուք այլ տեղում հիմնական աշխատանք չունեք: Այլ տեղում հիմնական աշխատանք չունեք, որովհետեւ Ձեր հիմնական աշխատատեղի պայմանագիրը գործում է, եւ աշխատանքային գրքույկն էլ գտնվում է այնտեղ: Կարող ենք ասել, որ Դուք պետք է լուծեք Ձեր հիմնական աշխատատեղի պայմանագիրը, այնուհետեւ աշխատանքի ընդունվեք ուսումնարանում եւ միայն դրանից հետո դպրոցում կնքեք համատեղությամբ աշխատանքի պայմանագիր:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը փոքր-ինչ խուճուճ է ներկայացված, բայց անհրաժեշտության դեպքում նման խնդրի առջեւ հայտնված քաղաքացիները հնարավորություն ունեն, որոշակի քայլեր ձեռնարկելով, խնդրին օգտակար լուծում տալ:




Լրահոս