«Գլորիա» կարի ֆաբրիկան արտոնություն ստացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր  որոշում ընդունեց, որով թույլատրեց  Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2017 թվականի օգոստոսի 25-ը:

Ըստ որոշման նախագծի` կառավարությունն այս կերպ ընկերության կողմից իրականացվող գործունեության կայունությանը և շարունակականությանը նպաստելու նպատակ ունի: Արդյունքում կառավարությունն ակնկալում է, որ կավելանան ընկերության արտահանման ծավալները, կպահպանվեն առկա աշխատատեղերն, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Ընկերության կայուն գործունեության անհրաժեշտությունը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ այն ուղղված է հանրապետության տարածքային համաչափ զարգացմանն ու մարզերում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը: Ընկերության աշխատակիցների 90%-ը կանայք են:

«Հաշվի առնելով ընկերության դերը ՀՀ Լոռու մարզի արդյունաբերության զարգացման գործում և կարևորելով մարզում աշխատատեղերի ստեղծման ու պահպանման հարցում պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դրական է գնահատում ընկերության ծրագրային նկարագիրը և նպատակահարմար է գտնում «Ժամանակավոր ներմուծում»  մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը դիմողի կողմից խնդրարկված ժամկետով»,- նշվում է որոշման նախագծում:




Լրահոս