Կարմիր խաչից վաղը կայցելեն գնդակոծված Չինարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունից վաղը կայցելեն Տավուշի մարզի Չինարի գյուղ: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանը, ում փոխանցմամբ՝ իրենք, ի տարբերություն մյուս համայնքների, ավելի վաղ էին դիմել ԿԽՄԿ-ին, որպեսզի ապահովեն իրենց անվտանգությունը հակառակորդ կողմից՝ հացահատիկ հավաքելու համար:

Հիշեցնենք, որ մարզի մի քանի համայնքներ օրերս դիմել էին Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` անվտանգության ապահովման համար: Պատճառը հուլիսի 20-ին հնչած կրակոցներն էին, որոնց պատճառով ժամանակավորապես դադարեցվել էին հացահատիկի հավաքման աշխատանքները: Իսկ հացահատիկի հավաքը հետաձգելու հետևանքով, ինչպես հայտնի է, կարող են տոկոսային կորուստներ լինել:

Մովսես գյուղի ղեկավար Արարատ Ավալյանը Armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց առայժմ պատասխան չի եկել, սակայն իրենք համեմատաբար հանգիստ վայրերում հացահատիկի հավաք իրականացրել են:

«Ապահով վայրերում ենք հավաքել, մինչև տեսնենք ՝ կրակոցների հնչած տեղի համար Կարմիր խաչից ինչ կասեն: Ընդհանրապես 20 օր տևում է, մինչև այստեղից հասցնում են Ժնև, Ժնևից՝ Բաքու, Բաքվից՝ նորից Ժնև, Ժնևից էլ հետ են բերում այստեղ: Ինֆորմացիան, ըստ իրենց մեկնաբանության, այսպիսին է»,- շարունակելով խոսքն՝ ասաց համայնքապետը:

Իսկ ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցական ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղապետերի խնդրանքը համապատասխանում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մանդատին, և դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է:

«Այս պահին բանակցում ենք ադրբեջանական իշխանությունների հետ»,- նշեց Զ.Ամատունին:




Լրահոս