ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԵՆ ԳՆԱՑԵԼ

Երեկ ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը պաշտոնյաներին հրավիրել էր Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենսիա» ռեստորան՝ մասնակցելու 10 լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշացման պատճառով միջոցառումը սկսվել է նախատեսվածից 1 ժամ ուշացումով: Տեղեկացանք նաեւ, որ չնայած ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրավիրված են եղել միջոցառմանը, սակայն չեն գնացել, իսկ վոլեյբոլի ֆեդերացիայի նորաթուխ նախագահ Արթուր Բաղդասարյանը ռեստորան է հասել 2 ժամ ուշացումով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ: Նշենք նաեւ, որ ամեն տարի այդ միջոցառմանը մասնակցում էր Սերժ Սարգսյանը, սակայն նա սգի մեջ է, դրա համար ներկա չի եղել:

 

 

ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԶԸ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2013 թվականը մարզի համար հաջող տարի է համարում: «Շատ հաջողակ տարի էր: Գյուղատնտեսության բոլոր ոլորտներում աճ է գրանցվել մեր մարզում: Վերջին հինգ տարիների միջինով ենք մենք հաշվարկում, եւ կարելի է ասել, որ անցյալ տարվա եւ հինգ տարիների համեմատ՝ այս տարին մարզի համար բավականին հաջողակ էր: Պարտքով չենք փակելու տարին: Ավելին, բազմաբնակարան շենքի կառուցումն ավարտեցինք այս տարում՝ շուրջ 40 բնակարանով, մոտավորապես 17 դպրոց է մարզում վերանորոգվել, երկու միջպետական ճանապարհ է ամբողջովին ասֆալտապատվել եւ այլն»,-ներկայացրեց մարզպետը: «Ժողովուրդ»-ը զրույցի ավարտին հետաքրքրվեց, թե որտեղ է անցկացնելու Ամանորը. «Իմ հարազատ ծննդավայրում՝ Դիան համայնքում»:

 

 

 

ՀՈՒՅՍԵՐ ՉՈՒՆԵՆ

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ամիսներ շարունակ կալանավորված Արայիկ Պետրոսյանը երեկ ազատ է արձակվել: Վերջինիս փաստաբան Նորայր Նորիկյանը տեղեկացրել է, որ իրենք միջնորդություն էին ներկայացրել գլխավոր դատախազին, եւ այն բավարարվել է: Արայիկ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, եւ որեւէ խափանման միջոց չի ընտրվել: Ավելին, hանցագործության ամբողջական բացահայտման նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ նոյեմբերին ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ: Սակայն սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբոր որդին՝ Հակոբ Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը չի հավատում, թե այս գործը երբեւէ կբացահայտվի. «Կապրենք, կտեսնենք, բայց հույսեր չունեմ»:




Լրահոս