ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՐԻՊՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը ներկայացրել էր ՀՀ պետական պաշտոնյաների անձնական ունեցվածքի հայտարարագրերը, որտեղ վրիպակ է եղել: Նշվել է, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն ունի 278 մլն դոլար, 92 հազար դոլար եւ ստանում է 2 մլն դրամ աշխատավարձ: Մինչդեռ 278 մլն դոլարի փոխարեն պետք է լիներ 278 մլն դրամ:

 

 

 

13 ՁԱԽՈՂՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ, ամփոփելով 2013 թվականը, առանձնացրել է իշխանությունների կողմից թույլ տրված ներքին եւ արտաքին քաղաքական, ինչպես նաեւ տնտեսական 13 ձախողում: Նա խորհրդանշական է համարել, որ 2013թ. ձախողումները 13-ն են: Ի թիվս այլ հարցերի՝ նա առանձնացրել է կեղծված նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալը, գազային համաձայնագրերը, եվրաինտեգրացիայի ձախողումն ու ՄՄ-ին անդամագրվելու հայտարարությունները:

 

 

 

ՏԱՔՍԻՍՏԻ ՄԵՂՔՈՎ

shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության կողմից Գրիգոր Լուսավորչի եւ Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկի արձանագրած կադրերի վերծանումից պարզ է դարձել, որ դեկտեմբերի 24-ին նշված հատվածում ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մեղավորը եղել է տաքսի ավտոմեքենայի վարորդը, որի մեջ էլ եղել է Շ. Պետրոսյանը: Վարորդը ճանապարհը փորձել է անցնել կարմիր լույսի տակով, ինչի հետեւանքով 4 հոգի, որոնց մեջ էր Շուշան Պետրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

 

 

ՄԱՌԱԶՄ

Հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, երկու ամսով երկարացնելու համար: Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այդ առթիվ NEWS.am-ին հայտնել է, որ քննիչը այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող դերասանին, սակայն նա հրաժարվել է ցուցմունք տալ՝ ասելով, որ մինչեւ չդադարեցնեն ապօրինությունները, ինքը ցուցմունք չի տալու: Վ. Պետրոսյանի եւ քննիչ Դ. Մարտիրոսյանի միջեւ տեղի է ունեցել հետեւյալ երկխոսությունը.
Քննիչ. Մենք Ձեր կալանքը երկու ամսով երկարացնում ենք:
Վ. Պետրոսյան. Իսկ ինչի՞ համար:
Քննիչ. Դուք կարող եք այլ հանցագործություն կատարել:
Վ. Պետրոսյան. Ե՞ս:
Քննիչ. Այո՛, Դուք կարող եք օրենքով արգելված նոր արարք կատարել եւ դատավարության մասնակից այլ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել:
Վ. Պետրոսյան. Սցենարը ոնց որ թե Դուք եք գրում, ոչ թե ես:
Այս խոսքերից հետո քննիչը ոչինչ չի պատասխանել Վ. Պետրոսյանին: Նրա խափանման միջոցը երկարացնելու խնդրով դատական նիստը կկայանա առաջիկա երկու օրերին:




Լրահոս