ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵԿԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ

Նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված Դավիթ Մարկոսյանին դեկտեմբերի 11-ին ազատ են արձակել, նա գնացել է տուն: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց զինվորի հայրը` Սամվել Մարկոսյանը: Նրա խոսքով՝ իր որդուն ազատ են արձակել ստորագրությամբ. «Բայց այդ ստորագրության պատճառն այն է, որ այդ դեպքից բացի՝ հոսպիտալում որդիս մի տղայի է հրել, որը բողոքել է»: Իսկ ահա մյուս զինծառայողներ Արշակն ու Ռազմիկն այս օրերին գտնվում են Նուբարաշենի հոգեբուժարանում: Ռազմիկի մայրը՝ տիկին Աննան, ասաց որ դեռ սպասում են, թե երեխաներին բուժզննման ենթարկած հանձնաժողովն ինչ որոշում կկայացնի:

 

 

 

ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ

Պարզվում է` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ Դերոն, չի ուզում պաշտոնական փաստաթղթերում ճանաչել իր որդուն` ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին: «Ժողովուրդ»-ը, ուսումնասիրելով Դերենիկ Դումանյանի` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը, պարզել է, որ այնտեղ նախարարն ընտանիքի անդամներին թվարկելիս նշել է միայն իր կնոջ՝ Անահիտ Կոստանյանի եւ որդիներից Հրանտ Դումանյան տվյալները, իսկ ահա իր բարձրաստիճան որդու` Գուրգենի մասին ոչ մի հիշատակում չկա: Եվ սա այն դեպքում, երբ հայտարարագրում հատուկ տող կա բարձրաստիճան պաշտոնյայի հետ արյունակցական կապի մեջ գտնվող, պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձանց վերաբերյալ: Փոխարենը Գ. Դումանյանը՝ որպես խոնարհ որդի, բարեխղճորեն մատնանշել է Դ.Դումանյանի մասին: Մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձեց Գ. Դումանյանից մեկնաբանություններ ստանալ, բայց նա համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

 

 

ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, երեկ համատեղ խորհրդակցություն են անցկացրել` քննարկելու իրենց հետագա անելիքները: Խոսքը հաշվիչ հանձնաժողովի անդամների` այսօր հրավիրած արտահերթ նիստի մասին է, որտեղ նրանք ցանկանում են անվստահություն հայտնել հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հանձնաժողովի իշխանական անդամները` Սուքիաս Ավետիսյանը, Տաճատ Վարդապետյանն ու Իշխան Խաչատրյանը մտադիր են բոյկոտել այդ նիստն ու չգնալ խորհրդարան: Չի բացառվում, որ ոչ կոալիցիոն պատգամավորների արտահերթ նիստը խոչընդոտի նաեւ ԱԺ աշխատակազմը` նշված ժամին չբացելով 334 դահլիճ-սենյակի դուռը, որտեղ եւ նրանք ցանկանում են անցկացնել նիստը: Ըստ որոշ լուրերի` երեկ այս թեմայով բանակցություններ են տարվել ԱԺ ղեկավարության հետ, որպեսզի նրանք նման քայլերով չսրեն առանց այն էլ սրված իրավիճակը, քանի որ դուռը փակ լինելու դեպքում պատգամավորները նիստը կարող են անել մեկ այլ վայրում` խմբակցություններից մեկի աշխատասենյակում:
Կխոչընդոտեն նրանց, թե ոչ՝ պարզ կդառնա այսօր:




Լրահոս