ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու 4 հասցեում գտնվող չորս ընկերությունների գործունեությունը խաթարվել է, քանի որ նրանք չեն կարողանում օգտվել դեպի իրենց արտադրական տարածքներ տանող ընդհանուր օգտագործման ճանապարհից: Բանն այն է, որ ճանապարհն այս պահին երկաթներով փակ է: Այն փակել է նույն հասցեում գտնվող «Լոգիստիկ» ՓԲԸ-ի նոր սեփականատեր Միխայիլ Հարությունյանը, որը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է եւ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի մորեղբայրը:

Այս ամենից տուժած տնտեսվարողներն են «ՄՈՄ ԶԱՎ» ՍՊԸ-ն, «Սարգիս Խանոյան» ՍՊԸ-ն, ԱՁ Դավիթ Հարությունյանը եւ ԱՁ Ալլա Ջիմի Աբրահամյանը: Հիմա այս չորս ընկերություններն էլ հայտնվել են անելանելի վիճակում:
Հիշեցնենք, որ բացի «Մետեքս Տիմ» ընկերությունից, որն էլ ձեռք է բերել «Լոգիստիկ» ՓԲԸ-ն, Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միխայիլ Հարությունյանին են պատկանում նաեւ «Փարքինգ սիթի սերվիս»-ը, «Միկմետալ»-ը եւ «Ասկե գրուպ»-ը:
Նշենք, որ չորս ընկերություններից մեկի տնօրենն ԱՄՆ քաղաքացի է, որն արդեն հասցրել է հիասթափվել տեղի իշխանություններից: Նա պատրաստվում է առաջիկայում դիմել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն:
«Սարգիս Խանոյան» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբեն Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց. «Հարությունյանը գնել է միայն «Լոգիստիկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը, իսկ ընկերությանը պատկանող հողերն անհատույց են իրեն տրվել: Չգիտես թե ինչու, բոլոր պայմաններն իր համար ստեղծված են: Իսկ այն ժամանակ, երբ մենք էինք խնդրում անհատույց հողերը տալ, ասում էին` չի լինի: Հենց այսօր ես ստացել եմ 12 բեռնատար մեքենայով ապրանք, նախկինում մեքենաները գալիս կանգնում էին այդ ընդհանուր օգտագործման ճանապարհին, եւ հերթականությամբ դատարկում էինք պահեստները, բայց հիմա մեքենաները կանգնած են փողոցում: Չեմ կարողանում ապրանքը դատարկել պահեստում: Ինչո՞ւ»:
Ըստ «Սարգիս Խանոյան» ՍՊԸ-ի իրավաբան Կարեն Սարդարյանի` ընդհանուր օգտագործման ճանապարհն ապօրինի ձեւով է սեփականաշնորհվել. «Մենք էլ դատարան ենք դիմել, որպեսզի այս սեփականաշնորհումը չեղյալ համարվի: Եվ դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, մինչեւ դատական ակտի վերջնական կայացումը, որտեղ կորոշվի, թե ով է ճիշտ եւ ով` սխալ, արգելել է այդ ընդհանուր ճանապարհի հետ որեւէ գործողություն կատարել: Այսինքն` այն չպետք է փակվի եւ այլն»: Նա տեղեկացրեց, որ այս հարցով դիմել են նաեւ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, որտեղ իրավաբանների հարցերին հրաժարվել են բանավոր պատասխանել. «Ինչը գործնականում այդպես չի լինում: Պահանջեցին հարցերը գրավոր ուղարկել: Մենք էլ ուղարկեցինք»:
Տուժած ընկերությունների մյուս իրավաբան Վահե Մնացականյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ այս պահին կաթվածահար վիճակ է ստեղծվել, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում աշխատել. «Ավելին, «Լոգիստիկ» ՓԲԸ-ի նոր սեփականատիրոջն ամենեւին էլ պետք չէ այդ ընդհանուր օգտագործման ճանապարհը: Նրանք դա չեն օգտագործում: Բերել են ու երկաթե կտորներով ծածկել, կարծես միտումնավոր են անում»: Իրավաբանից տեղեկացանք նաեւ, որ ԴԱՀԿ ծառայություն ուղարկված իր գրավոր հարցմանն ի պատասխան` այնտեղից հայտնել են, որ այս խնդիրը հիմա քննարկման փուլում է գտնվում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթն իր հերթին նույնպես դիմեց ԴԱՀԿ ծառայություն: Մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը խոստացավ պատասխանել մեր հարցերին, բայց այդպես էլ չպատասխանեց:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ «Մետեքս Տիմ»-ի հետ, սակայն ընկերության հեռախոսավարուհին մեզ տեղեկացրեց, որ տնօրենը տեղում չէ: Իսկ Միխայիլ Հարությունյանի հետ կապ հաստատելու մեր տեւական փորձերը չհաջողվեցին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս