Գարիկ Մարգարյանի մոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մոր՝ Նունե Մարգարյանի մասով քրեական գործը կարճվել և վերջինիս քրեական հետապնդումը դադարեցվել է:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման օրը տեղի ունեցած աղմկոտ միջադեպի առթիվ՝ նիստի ձայնային արձանագրման կրիչում առկա տվյալների և նախապատրաստված նյութերի հիման վրա:

Armlur.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից տեղեկացրին, որ նախաքննությունը շարունակվում է: Ոստիկանությունից մեզ հայտնեցին նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի երկրորդ մասով (դատարան նկատմամբ անհարգալից վերաբերմունք)՝ դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով զուգորդված դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում այս որոշումն ընդունվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով:

Այսինքն՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել և քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի հատկանիշով (իրադրության փոփոխում):

Հիշեցնենք, որ «Հարսնաքար»  ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած սպանության գործով 6 ամբաստանյալներն էլ դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման և, որպես փոխհատուցում, նրանցից բռնագանձվել է 100 000-ական ՀՀ դրամ տուգանք:




Լրահոս