ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ 10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քվեն ուժ է» հասարակական շարժման իջեւանցի մասնակիցներին` Ռոբերտ Խաչատրյանին եւ Արսեն Ալիխանյանին, հանդիպեցինք Իջեւանի Անկախության փողոցում տեղադրված վրանում: Վրանի առաջ` սեղանին, ընտրական իրավունքի պաշտպանության մասին բրոշյուրներ են, որոնք տեղեկացնում են, որ հասարակական շարժման նպատակն է ընտրական իրավունքի իրացման միջոցով հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը, այդ կերպ խափանել իշխանության վերարտադրման առկա գործընթացը, ստեղծել իշխանափոխության իրականացման եւ նոր որակի իշխանության ձեւավորման նախադրյալներ, իսկ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների ձախողման դեպքում հասնել նոր ընտրությունների անցկացման օրինական պահանջի բավարարմանը: Մարտի 16-ից հասարակական այդ շարժման վրանը գտնվում էր Իջեւանի կենտրոնական` Շատրվանների հրապարակում, իսկ մարտի 21-ին վրանը տեղափոխվել է քաղաքի  Անկախության փողոց: Ռոբերտ Խաչատրյանը եւ Արսեն Ալիխանյանն ասացին, որ իրենք ՀՅԴ անդամներ են, սակայն այս դեպքում հասարակական շարժման ներկայացուցիչներ են: Շարժմանը միացողների անուն-ազգանունները գրառում են, նրանք ստորագրում են, սակայն այդ մարդկանց անձնագրային տվյալները չեն հաշվառվում: Ռոբերտ Խաչատրյանի եւ Արսեն Ալիխանյանի խոսքերով` անցած վեց օրվա ընթացքում շարժմանը միացել է շուրջ 160 իջեւանցի: Քսան հազար բնակչություն ունեցող Տավուշի մարզկենտրոնի համար սա համեստ ցուցանիշ է: Մեր զրույցի ժամանակ ոչ ոք չմոտեցավ վրանին, չհետաքրքրվեց, չնայած Իջեւանի կենտրոնում կարմիր վրանը պետք է որ ուշադրություն գրավեր:
«Շատերն են մոտենում եւ ասում` ում էլ ընտրենք, ոչինչ էլ չի փոխվելու, նույնն է լինելու, ոմանք ել ասում են` ով փող կտա, նրան էլ կընտրենք: Ժողովրդի մեջ արդար ընտրության նկատմամբ հավատը կորել է»,-հավաստեցին Ռոբերտ Խաչատրյանն ու Արսեն Ալիխանյանը: Նշենք, որ Իջեւանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում յուրաքանչյուր ձայնի համար ընտրակաշառքի չափը լինելու է տասը հազար դրամ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս