Այսօր անգլիացի դրամատուրգ Բեռնարդ Շոուի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջորջ Բեռնարդ Շոուն իռլանդական ծագումով անգլիացի դրամատուրգ է, Նոբելյան մրցանակակիր: Նա ծնվել է 1856թ. հուլիսի 26-ին: Դուբլինում դպրոցն ավարտելուց հետո 1876 թվականին տեղափոխվել է Լոնդոն, զբաղվել ժուռնալիստիկայով և գրականությամբ , եղել երաժշտական ու թատերական քննադատ։

Ստեղծագործական մեթոդի գերադասած ձևը պարադոքսն է։ Առաջին իսկ պիեսը («Այրի տղամարդու տները») աղմկոտ վիճաբանության առիթ է տվել և հաջողություն չի ունեցել այնպես, ինչպես և դրան հաջորդած «Սրտեր նվաճող տղամարդը»  պիեսը։ «Տիկին Ուորնի մասնագիտությունը», որ քննարկման է դնում պոռնկության թեման, առաջին անգամ բեմադրվել է Անգլիայում, 1907 թվականին։

Բեմադրության հետ կապված դժվարությունները Շոուին հարկադրել են հրատարակելու իր պիեսները (մամուլը նախնական գրաքննության չէր ենթարկվում)։ Վերոհիշյալ գործերը կազմել են «Տհաճ պիեսներ» (1898) ժողովածուն, նույն թվականին լույս է տեսել երկրորդ շարքը՝ «Հաճելի պիեսներ»-ը. «Զենք և մարդ» (1894), «Կանդիդա» (1894), «Ճակատագրի ընտրյալը» (1895), «Կապրենք՝ կտեսնենք» (1895)։ Հաջորդ շարքի վերնադիրն է «Երեք պիես՝ պուրիտանների համար» (1901), որի մեջ մտնում են «Սատանայի աշակերտը» (1896–1897), «Կեսարը և Կլեոպատրան» (1898), «Կապիտան Բրասբաունդի վարմունքը» (1899) պիեսները։

Անգլիական բեմերում դժվարությամբ ընդունված Շոուի դրամատուրգիան լայն ճանաչում է գտել աշխարհում և դարձել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի աշխարհի շատ թատրոնների խաղացանկը։ Հայ թատրոն մուտք են գործել 20-րդ դարի սկգբներից։ Հայաստանի բեմերում բազմիցս ներկայացվել են «Սատանայի աշակերտը», «Մարդը և զենքը» («Շոկոլադ ուտող զինվորը» վերտառությամբ), «Պիգմալիոն», հայկական հեռուստատեսությամբ՝ «Առնետների թուխ տիկինը» պիեսները։




Լրահոս