Հունիսի 29-ին ռեալիզմի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրը` 195 տարի առաջ ծնվել է հայ դրամատուրգ, հասարակական գործիչ, հայ գրականության մեջ ռեալիզմի սկզբնավորողներից մեկը` Գաբրիել Սունդուկյանը:

Սունդուկյանի գրական-թատերական գործունեությունը համընկել է Անդրկովկասում կապիտալիզմի սկզբնավորմանը, եւ այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերություններն արտացոլված են նրա ստեղծագործության մեջ։ Դերենիկ Դեմիրճյանի բնութագրմամբ, Սունդուկյանը հայ դրամատուրգիայի Աբովյանն է։ Նա հեղաշրջեց հայ դրամատուրգիան, նրան տվեց մասշտաբայնություն, ժամանակի այրող խնդիրներն առաջադրելու կարողություն։ Սունդուկյանն առաջինն է, որ հայ դրամատուրգիայում պատկերեց քաղաքային կյանքն ու կենցաղը, խորությամբ արծարծեց ընտանիքի եւ ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, դրամատատիկական հասարակության մեջ հայրերի ու որդիների փոխհարաբերության հարցերը:

Սունդուկյանը ներկայացրել է հասարակության տարբեր խավերի՝ առեւտրական, վաշխառու, մտավորական։ Նա առաջինն է պատկերել հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով եւ ուրախություններով, շեշտել նրանց ազնվությունը, մարդկայնությունը։ Հետեւելով ժամանակի առաջավոր գեղագիտական մտքին` զարգացրել է դեմոկրատիզմի ու ռեալիզմի գաղափարները, հայ դրամատուրգիայի հետագա զարգացման համար   նշել նոր ուղիներ։  «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությամբ սկսել է իր ստեղծագործական առաջին շրջանը։ 1866 թ. գրել է «Խաթաբալա» և «Օսկան Պետրովիչըն էն կինքումը», իսկ 1869 թ. «Եվայլն կամ Նոր Դիոգինս» կատակերգությունները։ Այս շրջանի գործերը հիմնականում ուրախ կատակերգություններ են, որտեղ հեղինակը քննադատում է դրամասիրությունը, ձևամոլությունը և բարձրացնում բարոյական կարևոր հարցեր։

Ստեղծագործության երկրորդ շրջանում նա գրել է լուրջ կատակերգություններ, որոնք բացահայտում են կյանքի դրամաները. դրանց մեջ ծիծաղը ներհյուսված է արցունքին։ Թատերագիրը կատարում է սոցիալական խոր ընդհանրացումներ, որոնք աննախադեպ էին հայ դրամատուրգիայի պատմության մեջ։ Սունդուկյանի տաղանդի արգասիքն է «Պեպո» կատակերգությունը։ Պիեսը պատկերում է երկու հակադիր սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների հակադրությունը։ Դրական հերոսներն ունեն վեհ արժանապատվություն եւ հոգեկան բարձր հատկանիշներ։ Պեպոյի կերպարը ժողովրդի խոհերի, վշտի, ինքնագիտակցության արտահայտությունն է։ Նրա ողբերգությունը հասարակական մի ամբողջ խավի ողբերգությունն է։ «Պեպո»-ն հայ ռեալիստական դրամատուրգիայի ամենանշանակալից երևույթն է և ունի քննադատական հզոր շերտեր։ Պիեսի բեմադրությունը 1871 թ.ունեցել է հսկայական հաջողություն։

Սունդուկյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով։ Նա գրել է թիֆլիսահայ բարբառով՝ հասարակ ժողովրդին հասկանալի լինելու համար, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, ինչպես նաև դրության և խոսքի կոմիզմ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա։ Թումանյանը նրան համարել է երկրորդ մեծ «թիֆլիսեցի» եւ դրել է Սայաթ-Նովայի կողքին։




Լրահոս