Սահմանադրական փոփոխությունները` քաղաքական «Արմենիկում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով» անունը կրող խմբի հայաստանյան շրջագայությունը գնալով հիշեցնում է կրկեսային ներկայացումների շարք: Միայն թե, չնայած նրանց լեզվի ու մտքի ակրոբատիկ ակտիվ ճկումներին, ներկայացումների ժամանակ քիչ մարդ է հավաքվում. մարզերից հասած տեղեկությունների համաձայն՝ հավատարիմ հանդիսատեսը հիմնականում մարզպետարանների, քաղաքապետարանների ու դրանց կից հիմնարկությունների աշխատակիցներն են, ուրիշ ոչ ոք:

Ակնհայտ է, որ սահմանադրական նոր հայեցակարգի քննարկումները, մեղմ ասած, չեն ստացվում: Բայց որպեսզի իշխանությունները համոզեն ժողովրդին փոփոխությունների անհրաժեշտության մեջ, նոր թեզ են հորինել. վատ եք ապրում, որովհետեւ Սահմանադրությունը մարդակենտրոն չէ, երկրում համատարած կոռուպցիա եւ մենաշնորհներ կան, որովհետեւ՝ Սահմանադրությունը թերություններ ունի, պետական համակարգը վատ է գործում, իսկ երկիրը չի զարգանում, որովհետեւ Սահմանադրությունն է վատ:

Ուստի, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը Սահմանադրությունը փոփոխելու մեջ է: Եվ երբ իրականացնենք գործող ռեժիմի նվիրական երազանքը, այդ ժամանակ Հայաստանն իր զարգացվածությամբ ոչ միայն կանցնի տարածաշրջանի երկրներից, այլեւ՝ կմոտենա Մեծ ութնյակին, եւ այսպես շարունակ: Այլ կերպ ասած, քաղաքական դաշտի ու երկրի փրկության «Արմենիկումը» գտնված է:

Միայն թե, հարկ է նկատել, որ այսօրվա գործող Սահմանադրությունը նախատեսում է մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների պաշտպանություն, նախատեսում է իշխանության մարմինների հստակ բաժանում ու զսպման մեխանիզմներ, նախատեսում է ազատ տնտեսական մրցակցություն, արդարադատություն:

Սահմանադրության մեջ անգամ նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ որ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների միջոցով, ավելին՝ իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Սահմանադրությունը նախատեսում է, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են (չնայած՝ ՍԴ նախագահ, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը պնդում է, որ Սահմանադրությունը մարդակենտրոն չէ):

Նաեւ նշված է, որ երկրի պետական լեզուն էլ հայերենն է: Բայց արի ու տես, որ այս դրույթները մեզանում ուղղակի չեն գործում: Եվ հաստատ՝ Սահմանադրությունը չէ մեղավոր, որ Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ չեն անցկացվում, որ իշխանությունը լեգիտիմ չէ, որ ռուս պաշտոնյաները, անգամ՝ ռուս լրագրողները ՀՀ ԱԺ-ում իրենց իրավունք են վերապահում ռուսերենով դասեր տալ պատգամավորներին՝ պահանջելով ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալ, ռուսերենով նիստեր անցկացնել՝ առանց հայերեն թարգմանության:

Ի դեպ, նույն Սահմանադրությունը նախատեսում է, որ պատգամավորն ու կառավարության անդամն իրավունք չունեն զբաղվել ձեռնարկատիրությամբ, բայց ԱԺ պատգամավորների  զգալի մեծամասնությունը պարզապես ձեռնարկատերեր են՝ գործարարներ:

Ավելին, երբ հենց ԱԺ նիստի օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում էր կազմակերպել գործարարների հետ, ԱԺ դահլիճում հատուկենտ թվով պատգամավորներ կային, փոխարենը՝ նույն ժամին այդ պատգամավորները հավաքվել էին կառավարության նիստերի դահլիճում. շեշտենք, վարչապետի մոտ էին գնացել ոչ թե այդ պատգամավորների կանայք, զավակները կամ զոքանչները, ովքեր ըստ փաստաթղթերի՝ իբր ձեռնարկատերն են, այլ՝ անձամբ օրենսդիրի ներկայացուցիչները:

Ու եթե նման դեպքում Սահմանադրությունը չի պահպանվում, ապա մեղավորը ոչ թե Սահմանադրության որակն է, այլ դրա կիրառողները՝ իշխանությունը: Ի դեպ, Սահմանադրությունը նաեւ նախատեսում է, որ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, եւ որ առաջնորդվում է իր խղճով ու համոզմունքներով:

Ու եթե իշխանական պատգամավորներին նախագահական նստավայրից ճնշում են՝ ստիպելով քվեարկել այս կամ այն նախագծի օգտին (մինչդեռ մի օր առաջ նույն պատգամավորը քննադատել էր այդ նախագիծը), ապա դա Սահմանադրության բովանդակության հետ այլեւս կապ չունի: Սահմանադրությունն, ընդհակառակը, միանգամայն այլ պայմաններ է նախատեսել:

Եվ վերջապես, Սահմանադրությունը նախանշում է, թե երբ եւ ինչպես կարելի է երկրում արտակարգ դրություն հայտարարել: Ու եթե նախկին նախագահը 2008թ. մարտի 1-ին Սահմանադրությունը խախտելով արտակարգ դրություն է հայտարարում, իսկ Գագիկ Հարությունյանը 6 տարի անց Մարտի 1-ը ՙահաբեկչական ակտ՚ որակում, ապա այստեղ եւս Սահմանադրությունը չէ մեղավոր:

Հ.Գ. ԽՍՀՄ Սահմանադրությունն իր բովանդակությամբ վատն էր, բայց ԽՍՀՄ-ից Հայաստանի Հանրապետության անջատումն ու անկախության հռչակումը տեղի ունեցավ

ԽՍՀՄ Սահմանադրության դրույթներին համապատասխան: Ընդ որում, 15 հանրապետություններից Հայաստանը միակն էր, որ անկախություն հռչակեց օրենքի տառին ու ոգուն համապատասխան՝ ապահովելով այդ գործընթացի լիարժեք լեգիտիմությունը: Եվ դա արեց ԽՍՀՄ վատ Սահմանադրության շրջանակներում:

Արման Գալոյան




Լրահոս