ՄԻԱՁԱՅՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցություններն իշխանափոխությունը սկսել են խորհրդարանից: Երեկ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստում ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների անդամները որոշում են կայացրել անվավեր ճանաչել դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստում գազային համաձայնագրերի քվեարկությունների արդյունքները: Բացի այդ՝ նրանք անվստահություն են հայտնել հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանին: Իսկ պատճառը եղել է դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստում Ավետիսյանի կողմից լիազորությունները չարաշահելը:

Երեկ հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, իսկ քարտուղար` ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը: Տեղեկացնենք, որ Ի. Խաչատրյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ականներ Սուքիաս Ավետիսյանն ու Տաճատ Վարդապետյանը երեկվա նիստին չեն մասնակցել: Նիստից հետո ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը լրագրողներին ասաց, որ իրենք այս գործընթացով օրինական հիմքեր են նախապատրաստում` «գազային» համաձայնագրերն անվավեր ճանաչելու հայցով ՍԴ դիմելու համար:
Նկատենք, որ ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունները ՍԴ-ում պատրաստվում են վիճարկել ոչ միայն դեկտեմբերի 23-ի քվեարկության հարցը, այլեւ համաձայնագրերի բանակցման եւ ստորագրման օրինականության հարցն առհասարակ: Սուքիաս Ավետիսյանը հայտարարել է, թե Լ. Սարգսյանի ընտրությունը լեգիտիմ չէ. ըստ նրա` Սարգսյանը ձեռնպահ է քվեարկել իր թեկնածությանը: Մինչդեռ Լ. Սարգսյանը հերքեց՝ ասելով, որ բոլոր որոշումներն անցել են միաձայն, եւ ինքը եւս կողմ է քվեարկել:
Նիստից հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց.
-ՀԱԿ-ը վերջապես իշխանափոխությո՞ւն արեց:
-ՀԱԿ-ը չարեց, չորս խմբակցություններն արեցին ու միաձայն նախագահ ընտրեցին:
-Այս անգամ, սակայն, հանձնաժողովի: Հնարավո՞ր է՝ ողջ իշխանությունը գրավեք:
-Մանրից… Չորսով գրավում ենք:

Ա. Գ.




Լրահոս