ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿԴԱՏԵ՞Ն

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին մի շարք քաղաքացիներ պատրաստվում են դատի տալ ՀՀ վերաքննիչ քրեական գործերով նախկին դատավոր Աիդա Հովհաննիսյանին: Խաբված քաղաքացիներն արդեն երկար ժամանակ է, ինչ փնտրում են նրան, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գտնել: Իրենց գումարները վերադարձնելու այլ ելք չունենալով` նրանք փորձելու են դա անել դատարանի միջոցով: Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու համար դիմել էր ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով: Արդյունքում՝ նոյեմբերի 19-ին Սերժ Սարգսյանի հրամանով դատավորի լիազորությունները դադարեցվեցին:

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ
ՀԱՐՎԱԾԵՑԻՆ

«Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի դերասաններից Կարեն Մկրտչյանը չի կարողանում հասկանալ՝ ովքեր եւ ինչու ծեծի ենթարկեցին իրեն: «Ոչ մի թշնամի չունեմ ու, առհասարակ, որեւէ մեկի հետ էլ խնդիր չունեմ: Գիշերը՝ ժամը 2:00-ի կողմերն է եղել, թատրոնից տուն էի գալիս, ձայն լսեցի, անկախ ինձնից՝ շրջվեցի ու հարված ստացա գլխիս: Միջանցքում շատ մութ էր, ոչ ոքի չեմ տեսել: Այնտեղ երկար ուշագնաց մնացել ու սառել էի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց դերասանը` համոզմունք հայտնելով, որ այս ամենն իր հետ որեւէ կապ չունի, քանի որ ինքը այնպիսի կյանքով չի ապրում, որ իր հետ այդպես վարվեին:

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը պարբերաբար Մոսկվա է մեկնում գործուղումների: Վերջին անգամ նա ՌԴ մայրաքաղաքում է եղել դեկտեմբերի 22-23-ին: Հաճախակի այցերը կազմակերպվում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ որոշակի բանակցությունների նպատակով: Իսկ ահա դեկտեմբերի 22-23-ին Մինասյանը մասնակցել է ՄՄ-ին, ինչպես նաեւ` Բելառուսի, Ղազախստանի եւ ՌԴ-ի` միասնական տնտեսական տարածքին միանալու հարցերին նվիրված նիստերին:

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՈՐԴՈՒ ՇՈՒՐՋ

Դեռեւս հոկտեմբերի 22-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդուն հայ-իրանական սահմանին ձերբակալել են թմրանյութ պահելու համար: Դավիթ Վարդանյանի կալանքից անցել է մոտ 2 ամիս: «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ այս գործով նախաքննությունն ավարտման փուլում է: Շուտով այն կուղարկվի դատարան: Իսկ մինչ այդ Դավիթը հավանաբար կմնա կալանքի տակ:

 




Լրահոս