ՀԱՎԱՏԱՐԻՄՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Հրանտ Բեգլարյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Հ. Բեգլարյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Սակայն տեղեկություններ են շրջանառվում, որ վերջին ժամանակահատվածում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ Հրանտ Բեգլարյանի փոխհարաբերությունները լարված էին, ու դա է եղել պատճառը, որ Հ. Բեգլարյանին աշխատանքից ազատել են: Առավել եւս, որ Հ. Բեգլարյանը համարվել է Երվանդ Զախարյանի կադրը:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանից, որն ասաց, թե որեւէ տարաձայնություն չի եղել. «Չէ՛, ոչ մի խնդիր, արդեն նշվել է, որ ազատվել է իր դիմումի համաձայն»:
Հրանտ Բեգլարյանը եւս նշեց, թե տարաձայնությունների մասին լուրերը սուտ են. «Ես 16 տարի զբաղեցնում էի նախարարի տեղակալի պաշտոնը, որից 14-ը եղել եմ առաջին փոխնախարար: Չի կարելի այդքան երկար նույն պաշտոնում աշխատել: Իսկ ինչ վերաբերում է Զախարյանին, ապա ես նրա օրոք եմ փոխնախարարի պաշտոնը ստանձնել նրա առաջարկով: Զախարյանին հարգում եմ, սիրում եւ ընդունում, բայց նա 8 տարի է` նախարար չէ, եւ նրա գնալուց հետո ես շարունակել եմ պաշտոնավարել: Այնպես որ, այդ ամենը կապ չունի»:
Նշենք նաեւ, որ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Առաքելյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ: Հիշեցնենք, որ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետը երկար տարիներ եղել է Գագիկ Բեգլարյանի հարազատ եղբայրը:




Լրահոս