ԱԱԾ-Ն ՀՍԿՈՒՄ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի բնակարանը գող է մտել: Ըստ մեր տեղեկությունների`  ոսկեղեն են գողացել, Վարժապետյանը դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ինչպես նաեւ ազգային անվտանգության ծառայություն` իր անվտանգությունն ապահովելու համար: Նրան թիկնապահ եւ հատուկ մեքենա են տրամադրել: «Ժողովուրդ»-ը զրուցեց տիկին Վարժապետյանի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունը եւ հայտնեց, որ իր ամենօրյա օգտագործման ոսկեղենն են գողացել:
Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չէր ցանկանա, որպեսզի այդ մասին լրատվամիջոցները տեղեկանային. «Ես ոչ մեկին չէի ասել, բայց Դուք եք իմացել, չգիտեմ` ինչ ասեմ, այո՛, գողություն է եղել, ոսկեղեն են գողացել, ես այդքան ոսկեղեն չունեմ, ինչ-որ եղել է, դա էլ շատ ափսոս էր, բայց կարողացել են գողանալ: Դա իմ զապաս ոսկեղենը չէր, այլ իմ ամենօրյա օգտագործման զարդերը, որոնք ես կրում էի մեծ սիրով, քանի որ իմ որդիներն էին նվիրել»: Նա նշեց, որ բացի ոսկեղենից, ուրիշ ոչինչ չեն գողացել: Վարժապետյանը տեղեկացրեց, որ Երեւանում ամուսնու հետ են բնակվում, իսկ դեպքի ժամանակ երկուսով էլ տանն են եղել. «Ասեմ, որ մենք մի սովորություն ունենք՝ մեր բնակարանի դուռը երբեք բանալիով չենք փակում, երբ որ տանն ենք լինում: Մեր տուն միշտ մեր մտերիմներն են գալիս, եւ մեր դռները միշտ բաց են նրանց համար: Մեր տունն այնպիսի հնաոճ իրեր չկան, որ մենք անհանգստանանք, բայց տեսնում եք, թե ինչ պատահեց»:
Մեր զրուցակցի խոսքերով` երեկոյան ժամին, երբ իր ամուսինը հեռուստացույց է դիտել, իսկ ինքը խոհանոցում ինչ-որ գործ է արել, հանկարծ տարօրինակ բան է նկատել. «Մի վայրկյան ես խոհանոցից ուզեցի դուրս գալ եւ հանկարծ տեսա` ինչ-որ մեկը վազքով դուրս է գալիս ննջասենյակից: Ես էլ հուշանվերների մի տուփ ունեմ, որի մեջ ոսկիներն եմ պահում, որն իմ սենյակի «տրիմոյի» վրա է, ես այն չեմ թաքցնում, այսինքն` այն, ինչը ես ամեն օր օգտագործում եմ,  այնտեղ դրված էր… ես այդ մարդու միայն շողքը տեսա, եւ հանկարծ դուռը փակեց ու վերջ»:
Վարժապետյանը նշեց, որ այդ ամենից հետո իր ամուսինը դուրս է եկել եւ արագ վազել` գողին բռնելու, սակայն դա նրան չի հաջողվել. «Մենք միանգամից զանգահարեցինք ոստիկանություն, սակայն դեռեւս ոչ մի նորություն չկա»:  Մեր հարցին, թե արդյոք ազգային անվտանգությունը հսկում է իրեն, տիկինն ասաց. «Գողության առումով ոչ ոք ինձ չի հսկում, երեւի մեկ այլ պատճառով են հսկում, դա չեն անում, որ հսկեն իմ հարստությունը: Այո՛, ինձ հսկում են, եւ ես շատ շնորհակալ եմ պետությանը, որ ինձ պաշտպանում է, որովհետեւ իսկապես ես շատ բան եմ անում հայերի համար եւ շատ եմ ուզում, որ այստեղ ամեն ինչ լավ լինի»: Տիկինը նշեց, որ ինքը որեւէ թշնամի չունի, եւ իր համար անհասկանալի է, թե ով կարող էր իր հետ նման կերպ վարվել:
«Ես ոչ մեկի վրա չեմ կասկածում, երեւի հետեւել են, հիմա գիտեք, որ տները շատ մարդիկ են գալիս, ասենք` ինչ-որ մեկը վարձով բնակարան է փնտրում, ինչ-որ մեկը գովազդային թղթեր է բաժանում, դուռը ծեծում են, մատաղի փող են ուզում… ուղղակի մենք մեղավոր էինք այն առումով, որ մեր դուռը լավ չէինք փակել»: Մեզ հետ զրույցում Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը նշեց, որ ինքը չի խնդրել ԱԱԾ-ին իրեն հսկել, այլ իրենք են նման առաջարկություն արել: «Ես ոչ մեկին ոչ մի բան չեմ վճարում, դա ամբողջությամբ պետությունն է անում, ո՛չ,  դա իմ ցանկությունը չէր, եւ մենք չենք վախենում որեւէ մեկից, մեզ ինչ-որ մեկը չի էլ սպառնացել, դա ինչ-որ մի հիմար էր, որը նման բան արեց»,-ասաց տիկին Վարժապետյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` տիկնոջն անգամ հատուկ մեքենա են տրամադրել (սպիտակ «Նիսան», վերջին համարներն էլ SS 02), որով էլ նրան ուղեկցում են: Սակայն վերջինս չցանկացավ այդ ամենի մասին խոսել: «Նման մանրամասներ պետք չէ գրել, նման բաները գրելը ե՛ւ մեզ, ե՛ւ Ձեզ համար վատ է: Դուք իմացե՛ք, որ թերթը կարդում են ոչ միայն լավ ցանկացողները, այլեւ վատ մարդիկ»,-եզրափակեց  Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ նախաքննությունը դեռեւս շարունակվում է: Փորձեցինք ազգային անվտանգության ծառայության մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանից տեղեկանալ, թե ինչու է ԱԱԾ-ն հատուկ հսկում տիկնոջը, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս