Աբովյանում ամուսինները բռնությամբ ստիպել են երեխաներին մուրացկանությամբ զբաղվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում բնակվող ամուսիններ 42-ամյա Արամ Ներսիսյանն ու 40-ամյա Անահիտ Օհանյանը աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկել Արամ Ներսիսյանի քրոջ անչափահաս երեխաներին:

Ինչպես տեղեկանում է Armlur.am-ը, 2012-2013 թթ.-ի ընթացքում Աբովյան քաղաքի տնակներից մեկում բնակվող Աղավնի Ներսիսյանի անչափահաս երեխաներ 15-ամյա Ռ.Ն.-ն և 12-ամյա Ի.Ն.-ն ենթարկվել են իրենց քեռու և քեռակնոջ բռնություններին և շահագործումներին: Ա. Ներսիսյանն ու Ա. Օհանյանը երեխաների նկատմամբ բռնություն գործադրելով` սկզբնական շրջանում ծեծի ենթարկելով, այնուհետև դրա սպառնալիքով, նրանց հարկադրել են զբաղվել մուրացկանությամբ:

Նույն ժամանակահատվածում ամուսինները ստացել են անչափահաս երեխաների կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները և ուղղել իրենց ընտանիքի կարիքները հոգալուն:

Բացի այդ, Արամ Ներսիսյանը, կրկին կնոջ հետ նախնական համաձայնությամբ, ծնողներից ժառանգություն մնացած՝ Աբովյան քաղաքում գտնվող բնակարանը որոշում են վաճառել ոմն Լիաննա Կիրակոսյանին: Այս նպատակով վերջինից վերցնում են 5000 ԱՄՆ դոլար, որն ամբողջությամբ վատնում են, իսկ հետագայում գործարքը չեղյալ են հայտարարում, և այդ գումարը ամուսինները Լիաննային պարտք են մնում: Պարտքը մարելու համար կրկին շահագործում են իրենց ազգական անչափահաս երեխաներին, ինչի արդյունքում Աղավնի Ներսիսյանը շուրջ երեք տարի, իր կողմից մուրացկանությամբ վաստակած գումարներից օրական միջինը` 3.000 ՀՀ դրամ գումար վճարելով Լիաննա Կիրակոսյանին, ամբողջությամբ մարում է եղբոր պարտքը:

Այսպիսով` նախկինում դատված Արամ Ներսիսյանին և Անահիտ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 132.2 հոդվածի 2-րդ մասի 1,2,4 կետերով (անչափահասին աշխատանքային շահագործման ենթարկելը): Ամուսնու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, կնոջ նկատմամբ` ստորագրությամբ չհեռանալը:

Քրգործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Յուրի Բաղդասարյանին:




Լրահոս