Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը, ծանոթանալով Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանի կողմից սոցիալական ցանցի օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում առաջին անգամ կատարած հայտարարությանը, որով վարչապետը հմտորեն սրբագրում է ՀՀ ԱԳՆ-ի վերջին տարիների ընթացքում վարած վախվորած եւ խայտառակ գործունեությունը, ողջունելի է համարում ԼՂՀ ղեկավարության քաղաքական կեցվածքն ու տված պարզաբանումը, առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների սեղանին կրկին վերադառնալու դեպքում, Մադրիդյան սկզբունքներ անվանումը կրող փաստաթուղթը չի կարող լինել քննարկման օրակարգում:
Առավել ոգեւորիչ է ԼՂՀ վարչապետի պաշտոնական հայտարարությունը ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս կազմող ազատագրված տարածքների վերաբերյալ. դրանք հանդիսանում են ԼՂՀ-ի անքակտելի մաս եւ շենացվում են կառավարության կողմից, իրականացվում են կապիտալ աշխատանքներ, ներդրումներ, հեռանկարային ծրագրեր:
ԵՀՄՖ Նախագահությունը, ողջունելով ԼՂՀ վարչապետի պաշտոնական տեսակետը, հույս է հայտնում, որ այսուհետեւ ԼՂՀ քաղաքական պատասխանատուները կվարեն ինքնուրույն, համարձակ, հաղթանակած կողմին վայել արտաքին քաղաքականություն, զուգահեռաբար հզորացնելով ԼՂՀ տնտեսությունը, հստակ գիտակցելով, որ այն կհանդիսանա հիմնական երաշխիք եւ գրավական տարածաշրջանային երկարամյա կայունության եւ խաղաղության համար:
Հիմք ընդունելով վերը նշվածը` ԵՀՄՖ Նախագահությունը հայտնում է, որ շարունակելու է ԼՂՀ պաշտպանական համակարգին եւ տնտեսության հզորացմանը գործուն օգնություն ցուցաբերելու իր կողմից որդեգրած քաղաքականությունը` սերտ համագործակցելով եւ մասնակցություն բերելով ԼՂՀ կառավարության ծրագրերին:
ԵՀՄՖ Նախագահություն
Հիշեցնենք, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարեց Մադրիդյան սկզբունքների անընդունելի լինելու մասին: