Սամվել Բաբայանին կմերժեն. ինչ զարգացումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում փոփոխություն կատարելու համար կազմակերպված ստորագրահավաքը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, օրերս բացասական եզրակացություն է ստացել ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Մեր տեղեկությունների համաձայն` նախատեսված է, որ հոկտեմբերի 31-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստում հարցը կընդգրկվի օրակարգ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` խորհրդարանը պատրաստվում է հարցի քննարկումից հետո եւս մերժել Արցախի հերոս Սամվել Բաբայանին ու դեմ քվեարկել նրա թիմակիցների կողմից ներկայացված նախագծին: Այսինքն` այն հանրաքվեն, որը ակնկալում են անցկացնել բաբայանականները, Արցախում չի լինելու:

Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 4-ից Արցախում մեկնարկել էր ստորագրահավաք: Սամվել Բաբայանը ցանկանում է փոխել Սահմանադրության այն նորմը, որն արգելում է վերջին տասը տարվա ընթացքում Արցախում չբնակված քաղաքացիներին առաջադրվել նախագահի ընտրություններին: Փոփոխությունը հնարավորություն կտա Սամվել Բաբայանին եւ Սահմանադրության այդ նորմին չհամապատասխանող մյուս քաղաքացիներին առաջադրվել 2020 թվականի գարնանը կայանալիք ընտրություններին:

Ըստ Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարության. «Օգտվելով սահմանադրության մեջ ամրագրված իր իրավունքից` արդեն 23.000 արցախցի իր հաստատուն խոսքն ասել է: Ինչպես երեսուն տարի առաջ, այսօր եւս արցախցին մարտնչում է, բայց արդեն իր հաղթանակները ամրագրելու օրինական սահմանադրական դաշտում: Իսկ արցախցու փափագը ինչպես երեսուն տարի առաջ, այսօր էլ նույնն է ու անփոփոխ` Մայր հայրենիքի սահմանները իր միացումով ամբողջացնելն է, ու այդ քայլը արդեն 23.000 արցախցի արել է»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին լարված մթնոլորտ է եղել Արցախի Ազգային Ժողովում, քանի որ կան պատգամավորներ, ովքեր ամեն դեպքում առաջարկել են կողմ քվեարկել ու թույլ տալ, որպեսզի Արցախում հանրաքվե տեղի ունենա: Բայց արցախցի պատգամավորներից շատերը չեն կիսում այդ դիրքորոշումը ու կարծում են, որ պետք է հենց սկզբում էլ մերժել նախագիծը ու այդ պահից էլ ներկայացնել հստակ դիրքորոշում:

Մեր տեղեկություններով` ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում շատ լուրջ քննարկումներ են տեղի ունեցել այս հարցի հետ կապված: Հանձնաժողովի 5 անդամներից միայն նախագծին կողմ է եղել հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Հովիկ Ջիվանյանը: Սակայն մյուս 4 անդամները դեմ են եղել, ու նախագիծը բացասական եզրակացությամբ ներառվել է ԱԺ հերթական նիստի օրակարգ քննարկելու համար:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանի հետ:

-Պարո՛ն Ջիվանյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հանձնաժողովի աշխատանքները` կապված Արցախում Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում փոփոխություն կատարելու համար կազմակերպված ստորագրահավաքի հարցի քննության հետ: Ի՞նչ արդյունք ունեցաք:

-Մենք, այո, ուսումնասիրել ենք բնակչության 10 տոկոսից ավելի ստորագրահավաքի նախաձեռնությունը, այո, մենք այդ օրինագիծը քննարկել ենք մեր հանձնաժողովում: Օրինագիծը բացասական եզրակացություն է ստացել, այո, մենք այն ուղարկել ենք ԱԺ լիագումար նիստին: Կարծում եմ, որ այն կընդգրկվի օրակարգ, կքննարկվի, իսկ մեր հանձնաժողովում այն բացասական եզրակացություն է տվել:

-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրինագծին, ո՞րն էր մերժման պատճառը:

-Ես չեմ կարող պատասխանել հանձնաժողովի անդամների փոխարեն, ամեն մեկն իր դիրքորոշումն ունի, ամեն մի պատգամավոր իր քվերակությունն արել է օրինագծի հետ կապված: Ես չեմ կարող ուրիշների փոխարեն պատասխանել, ուղղակի կարող եմ մի հստակ բան ասել, որ դրական, թե բացասական է տրվել եզրակացությունը, միեւնույնն է, այն գնալու է լիագումար նիստ, ու այնտեղ է քննարկվելու հարցը: Ամեն ինչ պարզ կլինի, երբ օրակարգում հարցը քննարկվի: Դեռեւս որեւէ բան հստակ չեմ կարող ասել: Հետագա ընթացքը կերեւա ԱԺ լիագումար նիստի քննարկումներից հետո:

-Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք օրինագծի հետ կապված, արդյոք կո՞ղմ եք, որ հանրաքվե անցկացվի Արցախում:

-Ես կարող եմ ասել, որ կողմ եմ քվեարկել, դրական եմ քվարկել ու ես կարծում եմ, որ պետք է, ավելի ճիշտ կլինի, քանի որ այն քաղաքացիական նախաձեռնություն է, լիներ հանրաքվե: Դա իմ անձնական կարծիքն է եղել, դա իմ դիրքորոշում է եղել, իսկ մնացածի դիրքորոշման հետ կապված ես որեւէ բան չեմ կարող ասել: Դրանք մոտեցումների հարցեր են, որի մասին կարելի է շատ երկար խոսել, սա իմ կարծիքն է, ես այս դիրքրոշումը ունեմ: Բայց միանշանակ հարցը գնալու է լիագումար նիստ, արդեն պատգամավորական ամբողջ կազմը որոշում կկայացնեն: Եթե առաջին ընթերցմամբ ընդունվի, կշարունակվի, չէ, ուրեմն չէ: Ես այլ բան չեմ կարող ասել: Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս