ԿԳԲ-ի հայաստանյան ներկայացուցիչներն աշխատում են հանուն Ադրբեջանի. Շ. Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր ցուցմունք տվեց տուժող Արա Մարտիրոսյանը, ով դատարանին հայտնեց, որ նախքան նոյեմբերի 5-ի միջադեպն ինքը ոչ մեկին չի ճանաչել: Տուժողի փոխանցմամբ` դեպքի օրը Շանթ Հարությունյանը մյուս ամբաստանյալների հետ դեպի իրեն էին գնում, որպեսզի մտնեն փողոց: Արա Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանն իրեն հրել է:

Պաշտպան Արա Զաքարյանի հարցին, թե բարձրախոսներով երթի մասնակիցներին ոստիկանները փորձում էին դիմել, տուժողը պատասխանեց, որ չի տեսել նման բան: Ապա Արա Զաքարյանը հարց ուղղեց, թե հնարավոր է՝ երթի այլ մասնակիցներ նրան հրեին, սակայն ինքը մոռանար, տուժողն ասաց, որ հնարավոր է՝ չհիշի: Տուժողն ընթացքում ասաց նաև, որ բոլոր տեսանյութերն ինքը չի նայել, և չի կարող ասել, թե այն, ինչն ինքը հնարավոր է մոռացած լինի, տեսանյութերից հիշի:

Այսքանով այսօրվա ցուցմունքներն ավարտվեցին, և ամբաստանյալ Շանթ Հարությունյանը հայտարարություն արեց:

«Արդեն բազմիցս նշել եմ, որ ռուսական ԿԳԲ-ի հայաստանյան ներկայացուցիչներն աշխատում են հանուն Ադրբեջանի: Նրանցից մեկն է Գեորգի Վանյանը, ով, եթե պաշտպաներ ադրբեջանցի դիվերսանտների իրավունքները, ես կհասկանայի, սակայն նրանց, դիվերսանտի փոխարեն, ասում է պատանդ, ուրեմն` ազգի դավաճանն է: Նա, ով բացահայտ աշխատում է հանուն Ադրբեջանի, միայն դաժան պատժի է արժանի:

Ռուսական ԿԳԲ-ն իր գործակալներին, տվյալ դեպքում` Վանյանին, հանձնարարում է, որ որքան շատ հայհոյեն ռուսներին, այդքան շատ պետք է պաշտպանեն թուրքերին: Այս մեթոդը մինչև վերջերս հաջողություն է բերում ռուսներին: Նման բան Հայաստանում այսօր կարող է թույլ տալ միայն Ռուսաստանի գործակալը: Հայաստանն իրեն պետք է, բայց՝ առանց հայերի:

Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծվել է Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքի շնորհիվ: Ես ճանաչում եմ Ադբեջանի հետ հարևանություն անելու սկզբունքը, բայց միայն մի պայմանով, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանագրեր ստեղծվեն` Ռուսաստանի զրոյական մասնակցությամբ: Միայն այս դեպքում Ռուսաստանի իմպերիան չի կարող թուրքերին հայերի վրա քսի տալ: Դիմում եմ բոլոր չծախվողներին` մի՛ մոռացեք Նժդեհի հորդորները»:




Լրահոս