ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոսները չեն ստացել 2013-ի իրենց 13-րդ աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ին ահազանգած դասախոսները նշեցին, որ համալսարանի տնօրինությունը խոստացել, բայց չի վճարել այն: Խնդրի առնչությամբ զրուցեցինք համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանի հետ, որն էլ զայրացած ասաց. «Բուհը կարողանում՝ վճարում է, չի կարողանում՝ ոչ: Մենք այս տարի պատրաստվում ենք համալսարանի հինգերորդ հարկում շինարարություն անել: Բացի այս՝ մեզ մոտ 45 տոկոսով բարձրացավ դասախոսների աշխատավարձը: Ո՞րն է դասախոսին ձեռնտու՝ ամեն ամիս ստանալ 45 տոկոսով բարձրացված աշխատավա՞րձ, թե՞ տարին մեկ անգամ 13-րդ աշխատավարձ: Ի դեպ, չի ավելացել ուսման վարձը: Ես տնտեսող ռեկտորներից եմ, որն առաջին հերթին մտածում է իր կոլեկտիվի մասին»: Բայց պարզվում է, որ լեզվաբանական համալսարանում շինարարությունն իրականացվում է դասախոսների հաշվին:
 

 

ՀՈՎՀԱՐԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի ոսկու շուկայում (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) օրվա մեջ երեք ժամով էլեկտրաէներգիան անջատվում է: Արդյունքում տուժում են շուկայի աշխատակիցները, որոնք աշխատանքային բոլոր ժամերին չէ, որ կարողանում են աշխատել, ու նաեւ՝ ոսկերիչները: Տեղեկացանք, որ ոսկու շուկան չունի լույսի իր սեփական ենթակայանը (պաստանցիա): Այս պատճառով էլ օգտվում է հարակից բնակելի շենքերին էներգիա մատակարարող ենթակայաններից, ինչն էլ գրեթե չի բավարարում շուկային: Ի դեպ, այս խնդիրը եղել է նաեւ Ամանորից առաջ: «Ժողովուրդ»-ին ահազանգած ոսկերիչները դժգոհեցին՝ նշելով, որ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ոսկին նորմալ չի ձուլվում, բացի այս՝ աշխատանքների մեծ մասը փչանում է: Սակայն նրանք վախենում են այս մասին բարձրաձայնել՝ կարծելով, որ շուկայի տնօրինությունն իր այս բացթողման համար կտուգանվի, ինչն էլ «իրենց ջանից է դուրս գալու»: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել շուկայի տնօրինության հետ, սակայն ապարդյուն:

 

 

 

ՉԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանի այն հայտարարությունից հետո, թե ինքը որոշել է պատգամավորական մանդատը վայր դնել, մեծ իրարանցում է առաջացել: «Ժառանգություն»-ում եւ նրանց հետ միասնաբար ԱԺ ընտրություններին մասնակցած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում շատերը, շունչները պահած, սպասում են, թե ով է փոխարինելու նրան: Ընտրացուցակում հաջորդը Մասիս Այվազյանն է, որն ԱԴԿ անդամ է, եւ, ըստ լուրերի, հնարավոր է՝ ինքնաբացարկ հայտարարի: Սակայն վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման բան չասաց՝ հայտարարելով, թե դեռեւս պաշտոնապես չի հրապարակվել Թեւան Պողոսյանի հրաժարականի մասին, ինչի պատճառով էլ իրենք իրենց տեսակետը չեն հայտնում: Ըստ մեր զրուցակցի՝ իրենք մտադրություն չունեն մանդատից հրաժարվել:




Լրահոս