ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԴԵՌ ՄՏԱԾՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս դեկտեմբերի 28-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ «Ժառանգության» գործընկերներին: Պատճառներն ամենեւին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետեւաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»: Այս հայտարարությունից անցել է 18 օր, սակայն դեռեւս հստակ չէ, թե, ի վերջո, ինչ է լինելու Թ. Պողոսյանի «ճակատագիրը»: «Ժառանգականների» հավաստմամբ` նրա որոշումը վերջնական չէ:

Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, Թեւան Պողոսյանը չպատասխանեց ո՛չ մեր հեռախոսազանգերին, ո՛չ էլ հաղորդագրություններին: Պարզվում է` նա դեռեւս որոշում չունի, ինչի պատճառով էլ չի ցանկանում խոսել: Հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, որպես «Ժառանգության» փոխնախագահ՝ խնդրում եմ ասեք, թե ինչ է կատարվում ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում: Թեւան Պողոսյանը նախ հայտարարեց, թե վայր է դնում իր պատգամավորական մանդատը, սակայն այդ ուղղությամբ քայլ չի կատարում, ավելին, անցել է ընդհատակ եւ հրաժարվում է իր որոշման մասին հստակեցում անել:
-Մենք զրուցել ենք ու կոչ արել, որ Թ. Պողոսյանը մանդատը վայր չդնի, հետ կանգնի իր մտադրությունից, որովհետեւ նա արդյունավետ գործունեությամբ է հանդես եկել: Ասաց՝ կմտածեմ: Հիմա այդ ժամանակահատվածն է, ու ինքը պետք է որոշում կայացնի: Մենք տեղյակ չենք եղել իր կայացրած որոշումից:
-Կոնկրետ ո՞վ է Ձեր կուսակցությունից հանդիպել պարոն Պողոսյանի հետ ու նրան խնդրել մանդատը վայր չդնել:
-Պարոն Րաֆֆի Հովհաննիսյանն է հանդիպել, մենք բոլորս էլ Նոր տարուց հետո հանդիպում ունեցանք, մեր տեսակետը հայտնեցինք: Պարոն Հովհաննիսյանը եւս դրական է գնահատել նրա աշխատանքը եւ ասել, որ ինչպես մենք, այնպես էլ ինքը ցանկանում է, որ նա շարունակի իր գործունեությունը:
-Իսկ ինչո՞ւ է Թ. Պողոսյանը նման որոշում կայացրել, գոնե Ձեզ համար պարզե՞լ եք պատճառը:
-Ինձ համար մի բան է պարզ. դա չի եղել ո՛չ «Ժառանգություն» կուսակցության կողմից եւ ո՛չ էլ խմբակցության: Նա ասում է, որ դա իր անձնական որոշումն է:
-Տեղեկություններ կան, որ «Ժառանգություն» կուսակցությունում առկա լուրջ տարաձայնություններն են Թ. Պողոսյանի` նման որոշում կայացնելու պատճառը: Իր ֆեյսբուքյան գրառման մեջ էլ, ի դեպ, վերջինս հստակ նշել է «ներքինխոհանոցային խնդիրների» մասին: Ձեր մեկնաբանությունը:
-Վերջին ժամանակահատվածում զգում եմ, որ մեր կուսակցությանը բոլորը սկսել են խոշորացույցով հետեւել ու նման ցանկություններ հայտնել: Իրականում նման բան գոյություն չունի:
-Այդուհանդերձ, այնպիսի տպավորություն է, որ «Ժառանգություն»-ում շարունակվող պառակտում է. կուսակցության առաջնորդը մի կողմ է «քաշվել», խմբակցության անդամներն էլ տարբեր որոշումներ են կայացնում: Չմոռանանք նաեւ խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանի հրաժարականը, որը, ի դեպ, դարձյալ ներկայացվեց որպես զուտ անձնական որոշում:
-Ի՞նչ պառակտում կա, պարոն Հակոբյանն այդպես ցանկացավ, ի՞նչ է եղել: Ինչպես բոլոր քաղաքական ուժերում, այնպես էլ մեր կուսակցությունում խնդիրներ կան, բնականաբար, առանց խնդիրների որեւէ քաղաքական ուժ գոյություն չունի, բայց այն խնդիրները, որոնք վերագրում են մեզ, գոյություն չունեն: Այս ընթացքում ինչ ասես տարածվեց, ի՞նչ անենք, թող տարածեն:

 

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս