ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ

Մի քանի ամիս առաջ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը եւս գիտական ատենախոսություն է պաշտպանել եւ ինչպես Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դարձյալ տնտեսագիտության ոլորտում: Aravot.am-ը գրում է, որ ի տարբերություն քաղաքապետի ատենախոսության «կիսաբաց» պաշտպանության՝ Սահակյանի ատենախոսության պաշտպանությունը ծածուկ է եղել: Ամենահետաքրքրականը, սակայն, այն է, որ Սահակյանի գիտական ղեկավարը եղել է նրա տեղակալը` Աշոտ Մարկոսյանը:

 

 

 

ԱՐԳԵԼԱՆՔԸ
ՀԱՆՎԵՑ

Երեկ Շանթ Հարությունյանի կինն ու որդին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող Շանթին եւ շուրջ հինգ ժամ անցկացրել նրա հետ: Հարությունյանը հարազատների միջոցով գրավոր կոչ է փոխանցել իր կողմնակիցներին, որն առաջիկայում կհրապարակվի: NEWS.am-ի փոխանցմամբ՝ Շանթ Հարությունյանն ընտանիքին ասել է, որ գոհ է ՔԿՀ-ի պայմաններից եւ շարունակելու է իր պայքարը:

 

 

 

ՄԻԱՑԵԼ ԵՆ

«Դեմ ենք պարտադիր կենսաթոշակայինին» քաղաքացիական շարժմանը միացել են շոու բիզնեսի, կինոյի եւ ռադիոյի ոլորտի ներկայացուցիչներ: Նրանց թվում են ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը, դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը, ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանն ու կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

 

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է
ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» եւ «Վարդաշեն», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ, որտեղ հանդիպել է նոյեմբերի 5-ի գործով կալանավորված 13 անձանց, այդ թվում եւ` Շանթ Հարությունյանին: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշել է պատգամավորը, նա չի կարողացել զրուցել միայն Անուշավան Գրիգորյանի հետ, որին ուղարկել են հոգեբուժարան` փորձաքննության: Փաշինյանը նշել է, որ ՔԿՀ-ում գտնվողների ճնշող մեծամասնությունը պահվում է գերբեռնված խցերում, որտեղ կալանավորված անձանց թիվն ավելի մեծ է, քան քնելատեղերը: Նա նաեւ նկատել է, որ Լիպարիտ Պետրոսյանն ու Ալբերտ Մարգարյանն ունեն բժշկական հետազոտության կարիք: Իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդան Վարդանյանից կալանքի օրն առգրավված ակնոցները, ի հեճուկս իր բազմաթիվ խնդրանքների, չեն վերադարձնում: Վարդանյանին նաեւ պաշտպան չեն տրամադրում:

 

 

 

 

ՍՐԸՆԹԱՑ`
ԴԵՊԻ ՄՄ

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն, որի ընթացքում վարչապետ Տ. Սարգսյանը պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որեւէ շեղում սահմանված ժամանակացույցից:

 

 

 

ԷԼԻ ԱՐԳԱՄԻՉԻ ՀԵՏ

168.am-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իրենց արձակուրդն են անցկացնում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Նրանց ուղեկցում են Հայաստանի մի քանի գործարարներ ու քաղաքական գործիչներ:




Լրահոս