ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կառավարությունը չուներ կատարվածի վերաբերյալ ողջամիտ բացատրություններ եւ ծայրահեղ անհամոզիչ էր: Ավելի հեշտ կլիներ պարզապես ներողություն խնդրել»:

Ռոբերտ Քոչարյան 2rd.am
Գոնե այս հարցում չի կարելի չհամաձայնել երիտասարդ թոշակառուի հետ. իհարկե, եթե կառավարությունը գազի գնի բարձրացման լուրը թաքցնելու եւ 300 միլիոն դոլարի պարտքի կուտակման հարցում չուներ ողջամիտ բացատրություններ, ավելի լավ կաներ` ներողություն խնդրեր: Սակայն այլ հարց է, թե ով է այս մասին խոսողը. մի մարդ, որի նախագահության օրոք պաշտոնավարում էր այսօրվա չինովնիկների զգալի մասը, որն ինքը սատարեց Սերժ Սարգսյանի վարչակազմին` թողնելով որպես իր իրավահաջորդ: Իսկ քանի՞ անգամ է Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության տարիներին ներողություն խնդրել ժողովրդից:

 

 

«Անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծություններ են, որոնք ժամանակավրեպ են»:

Էդուարդ Շարմազանով Slaq.am
ԱԺ փոխնախագահն ու ՀՀԿ խոսնակը նկատի ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որոնք, ըստ իրեն, անցյալում մնացած գործչի ժամանակավրեպ վերլուծություններ են: Իհարկե, ասվածի մեջ ճշմարտություն կա, սակայն Էդ. Շարմազանովը երեւի մոռանում է, որ այդ անցյալում, որտեղ մնացել է Ռ. Քոչարյանը, ինքն էլ իր տեղն ուներ նրա կողքին, նույն թիմից էր եւ այն ժամանակ իր սիրելի նախագահ Քոչարյանը բնավ էլ անցյալում մնացած քաղաքական գործիչ չէր, իսկ վերլուծություններն էլ ժամանակավրեպ չէին: Այնպես որ, խոսքն ընդամենը հերթական ներքին գզվռտոցի մասին է, որի գերագույն նպատակն աթոռն է:

 

 

«Սուտ է ինձ վրա հարձակվելու մասին լուրերը, ոտքս սայթաքել է, ընկել եմ»:

Ռուբեն Մասումյան «Իրավունք»
Դե իհարկե, Բենզին Ռուբոյի ոտքը սայթաքել է, ընկել է եւ ստացել գանգուղեղային վնասվածք: Հավանաբար գլուխը խփել է գետնին ու այդպես կրկնել մի քանի անգամ… Անշուշտ, հասկանալի է, որ կիսաքրեական գործարարի վրա կարող էին հարձակվել եւ հարվածել: Ի վերջո, նրա անունն առաջին անգամը չէ, որ հայտնվում է աղմկալի պատմությունների մեջ: Պարզապես նրա «պանյատները» թույլ չեն տալիս դիմել ոստիկանություն, որպեսզի գոնե օրենքով ի վիճակի լինի պայքարել իր վրա հարձակվողների դեմ: Այսպիսով` ինքնուրույն սայթաքելը մնում է առավել «պատվաբեր» տարբերակը մարմնական վնասվածքների մասին խոսելիս:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս