ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անձամբ է գնացել ԼՂՀ ոստիկանություն եւ խիստ հանձնարարականներ տվել: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի եղբայրը` Վաչիկ Բալասանյանը: Ավելին, ըստ նրա՝ Բակո Սահակյանը եւ Վիտալի Բալասանյանը ոստիկանությունում հանդիպել եւ զրուցել են միմյանց հետ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել երեկոյան, երբ Վիտալի Բալասանյանի մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկը մեքենայից պոկվել էր շրջադարձի վրա արգելակելու ժամանակ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ այս գործով արդեն երկու ձերբակալված կա: Տեղեկություններ տարածվեցին, որ ձերբակալվածները երկուսն էլ Ստեփանակերտ քաղաքից են ու մտերմիկ հարաբերությունների մեջ Վիտալի Բալասանյանի հետ, սակայն նրանց միջեւ ինչ-որ տարաձայնություններ են առաջացել, ինչը կարող էր հանգեցնել մահափորձի:
Թերեւս սա միակ վարկածը չէ: 2012թ. ԼՂՀ նախագահական ընտրություններում Վիտալի Բալասանյանը պարտվեց: Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ հանդես էր գալիս շատ ակտիվ, ընդդիմադիր դիրքերից եւ հայտարարել էր, որ չընտրվելու դեպքում իրեն կհայտարարի ընդդիմություն՝ պայքար տանելով գործող իշխանությունների դեմ: Իսկ ԼՂՀ նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը: Արդյո՞ք քաղաքական հնչերանգներ ուներ չստացված մահափորձը:
Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Վիտալի Բալասանյանի եղբայրը` Վաչիկ Բալասանյանը, նշեց, որ ձերբակալվածներ Սերգեյն ու Արայիկը մորաքրոջ տղաներ են. «Սուտ են այն հրապարակումները, թե այդ տղաներն իմ եղբոր հետ տարաձայնություններ ունեն կամ վիճել են: Նրանց հայրն արհեստավոր մարդ է, ու բոլորն էլ մեզ հետ նորմալ հարաբերություններ ունեն, ավելին, նրանք ընտրությունների ժամանակ մեր թիմում են եղել ու շատ ակտիվ մասնակցություն ունեցել: Մեզ մոտ շոկային վիճակ է, թե ոնց կարող են նրանք մեր նկատմամբ նման բան անել»:
Ըստ Վաչիկ Բալասանյանի՝ դեռեւս առերեսում չի եղել, եւ դեռ իրենց չեն ասել՝ արդյոք այդ տղաները խոստովանական ցուցմունք տվել են, թե ոչ, իսկ քննությունը դեռեւս շարունակվում է: Տուժող կողմը քաղաքական դրդապատճառներ տեսնո՞ւմ է կատարվածում: «Ժողովուրդ»-ի այս հարցին ազգային հերոսի եղբայրը պատասխանեց. «Ընտրությունները վաղուց ավարտվել են, հիմա ինչ է, ոնց է, պարտվել է, ու նախագահը ճանաչվել է Բակո Սահակյանը: Ի՞նչ քաղաքական պատվերի մասին է խոսքը, ես դա բացառում եմ: Գիտե՞ք՝ ինչքան դժվար է մեզ համար, ոչ թե այն պատճառով, որ շատ թշնամիներ ունենք, ընդհակառակը՝ շատ էլ չունենք, քիչ էլ չունենք, բայց նստում մտածում ենք, մեր մեջ ենթադրություններ անում՝ կարո՞ղ է` սա է, կարո՞ղ է` մեկի հետ շփոթել են, չկա տենց մարդ, որ կասկածենք: Մենք այդ տղաների վրա էլ չենք կասկածում: Ավելին ձեզ ասեմ, նրանց հայրը այդ ժամանակ Վիտալի Բալասանյանի հետ ճաշարանում հաց ուտելիս է եղել ու դեպքից հետո մեզ հետ խոսել է եւ ասել, որ եթե իր որդին ասի, թե դա ինքն է արել, չի հավատալու»:
Վաչիկ Բալասանյանի խոսքով՝ իրենք վստահում են իրավապահներին, որ արդար քննություն կընթանա, եւ դեպքը կբացահայտվի. «Գեներալ մայոր, ազգային հերոս, մարտական խաչի ասպետ, վերջապես, փողոցային մարդ չէ: Եղբայրս կատարվածի մասին ոչինչ չի մտածում, նայում է ինձ ու ծիծաղում: Ախր ասում եմ՝ ինձ հետ լիներ, կհասկանայի, քանի որ մի քանի բիզնես ունեմ: Նույնիսկ էն վիճակն է, որ եթե մենք կատարվածը չտեսնեինք, ու մեզ ասեին, թե ձեր մեքենայի տակ ռումբ է եղել, մենք կմտածեինք, թե խաբում են, բայց մեր աչքով ենք տեսել, է՜»:
Վիտալի Բալասանյանի եղբայրը մեզ հետ զրույցում պատմեց, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կատարվածից հետո անձամբ է գնացել ոստիկանություն. «Ասել է, որ բոլոր ուժային կառույցները համատեղ քննություն տանեն եւ հատ-հատ այն բացահայտեն: Բակո Սահակյանը եւ Վիտալի Բալասանյանը նաեւ այնտեղ հանդիպել են ու զրուցել, երկար քննարկում չի եղել, բայց զրուցել են: Բոլորն էլ զարմացած են: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ այս գործով քննչական մարմինները լուրջ զբաղվում են, ու այն կբացահայտվի»:
Հավելենք, որ սպանության փորձի փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քր. օր.-ի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) եւ ԼՂՀ քր. օր.-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):
Հ.Գ. Վիտալի Բալասանյանը նշեց նաեւ, որ եղբոր մահափորձի գործով ձերբակալված տղաների` Սերգեյի եւ Արայիկի կալանավորվելուց հետո քննչական մարմինները քննության արդյունքում այլ հանցագործության դեպքեր են բացահայտել (գողություն, ծեծ եւ այլն): Եվ այդ տարբեր գործերով արդեն շուրջ 10 հոգի ձերբակալվել է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս