Նախատեսվում է կառուցել փոքր ՀԷԿ-եր, երկջերմային էլեկտրակայաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:  

Կառավարության հիմնավորումներոմ նշվում է, որ էներգետիկական համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ՝ կապված անվտանգության  մակարդակի և տարբեր բնույթի ռիսկերի նվազեցման, էներգետիկ ծառայությունների որակի բարձրացման հետ: Այդ նպատակով անհրաժեշտ են ծրագրեր, որոնք ուղղված կլինեն էներգետիկ անվտանգության բնագավառում առկա խնդիրների համակարգված լուծմանը:  

Նախատեսվում է ՀԱԷԿ-ի գործող ատոմային էներգաբլոկի աշխատանքային ռեսուրսի երկարացում 10 տարով: Այս դրույթի կատարման ժամկետը նշվում է 2015 թվականը:   Նախատեսվում է էներգետիկ համակարգի հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի բարձրացում և էներգետիկ համակարգի (Որոտան ՀԷԿՀ և Սևան-Հրազդան ՀԷԿՀ) հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով՝ ծրագրի մշակում:

Հայեցակարգով նախատեսվում է փոքր ՀԷԿ-երի (մինչև 145 ՄՎտ ընդհանուր հզորությամբ) կառուցում՝ լրացուցիչ շուրջ 500 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն ի լրումն ներկայիս մոտ 740 մլն կՎտ.ժ-ի, և նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երում միջազգային ստանդարտներին համապատասխան նորագույն տեխնոլոգիաների կիրառման նպատակով լրացուցիչ խթանող միջոցառումների մշակում: Հայեցակարգային առանձին-առաձին կետերով նախատեսվում են Լոռի բերդ ՀԷԿ-ի (60 ՄՎտ հզորությամբ) կառուցում՝ շուրջ 200 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն՝ օրվա կարգավորվող ջրամբարով և Շնող ՀԷԿ-ի (75-ից մինչև 100 ՄՎտ հզորությամբ) կառուցում` շուրջ 300-ից մինչև 400 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն:

Նախատեսվում է նաև երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման նպատակով հետազոտություններ կատարել և երկրաջերմային էլեկտրակայան կառուցել: Հայեցակարգում նշվում է արևային էներգիայի օգտագործման մասին` էլեկտրաէներգիա  ստանալու նպատակով: Այս առումով պետք է կառուցվի արևային ֆոտովոլտայիկ մինչև 30 ՄՎտ հզորության էլեկտրակայան:

Բազմաթիվ այլ դրույթներ ևս ունի հայեցակարգը, ինչպես, օրինակ’ Էներգետիկայի բնագավառի կադրերի պատրաստում, տարբեր ու տարաբնույթ օրենսդրա-իրավական ակտերի մշակում ու ընդունում, ծրագրերի մշակում եւ իրականացում:




Լրահոս