Հուլիսի 25-ին հայտնի դարձավ, որ գործարար Լեւոն Հայրապետյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռքբերված միջոցների լվացում) հոդվածներով: Գործարարի մտերիմները, սակայն, առավել մտահոգված են ոչ այնքան նրա դեմ առաջադրված մեղադրանքներով, որքան գործարարի` օրեցօր վատթարացող առողջական վիճակով:
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Լեւոն Հայրապետյանը 2009 թվականի ապրիլին Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազ Ռահիմովի որդու՝ Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» ընկերությունը «Սիստեմա ԱՖԿ»-ին վաճառելու գործում հանդես է եկել որպես գործակալ ու որպես փոխհատուցում ստացել է 50 մլն ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում կալանքի տակ է դրվել նաեւ «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որի արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին:
Արցախում բարեգործական մեծ ծրագրեր իրականացրած գործարարի կալանավորման կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հետ` պարզելու` արդյո՞ք նա պատրաստվում է Լեւոն Հայրապետյանին ազատ արձակելու կոչով նամակ գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Բալայանը, հիշեցնենք, նախկինում տարբեր առիթներով բաց նամակներով դիմել է ՌԴ ղեկավարներին: Վ. Պուտինին ուղղված վերջին բաց նամակը նա գրեց անցած աշնանը, որում հիշատակելով Գյուլիստանի պայմանագիրը` ՌԴ նախագահին կոչ արեց «տիրություն անել» Արցախին:
-Պարոն Բալայան, Լեւոն Հայրապետյանի դեմ արդեն քրեական գործ է հարուցվել, Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել հայազգի բարերարին օգնելու համար:
-Մենք մինչեւ վերջ պետք է պնդենք, որ նրա տեղը փոխեն ու տանեն համապատասխան կլինիկա, նա չի ապրելու… ես գիտեմ նրա բոլոր ախտորոշումները ու այժմ մեր խնդիրը դա է: Դա շատ վտանգավոր է ու իսկապես այժմ պետք է միայն այդ ուղղությամբ աշխատել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի անպայման տեղափոխեն համապատասխան կլինիկա: Լեւոն Հայրապետյանը 12 ախտորոշում ունի, մեկը մյուսից բարդ, սա է կարեւորը:
-Բայց կարծես թե Լ. Հայրապետյանի առողջական վիճակը չի հուզում ՌԴ իրավապահներին, եւ գործարարի առողջության հետ կապված բոլոր մտահագություններն ու կոչերն անհետեւանք են մնում :
-Դե, պետք է ամեն ինչ անենք, որ լսեն: Ժամանակին լսել են, հիմա էլ պետք է լսեն: Այստեղ ուրիշ հարց չկա, ասել՝ ինքը հանցագործ է, հանցագործ չէ, դա հիմա ոչ մի կոպեկ չարժի, եթե նա չի կարողանալու դատարանում պայքարել ինքն իր համար, ոչ ոք չի կարողանալու դա անել, բայց նա կարող է` մինչեւ սեպտեմբերի 15-ը չքաշի, սա է կարեւորը: Ես այդ մասին արդեն հոդված եմ գրել, օրինակներ եմ ներկայացրել, որ շատ հաճախ ղեկավարներն… իրենց երկրների դիմում են, որպեսզի ըստ օրենքի նույնիսկ բարոյական…. տեղափոխեն համապատասխան բժիշկների հսկողության ներքո:
-Պարոն Բալայան, Դուք տարբեր առիթներով բաց նամակներով դիմել եք ՌԴ նախագահներին, վերջերս էլ գրել էիք Վլադիմիր Պուտինին` ԼՂ խնդրի կապակցությամբ: Հնարավո՞ր է նման մի նամակով կրկին հանդես գաք ու ՌԴ նախագահին կոչ անենք Լ. Հայրապետյանին տեղափոխել բժիշկների վերահսկողության տակ կամ ազատ արձակել:
-Իմ գրած նամակում ես նշում եմ, որ ՌԴ նախագահը պայքարում է երկակի ստանդարտների համար, որովհետեւ տվյալ դեպքում կա մի օրինակ` դա Ռոման Սելեզնյովն է, ով նստած է ԱՄՆ-ում, անընդհատ դիմում են, որ նա հիվանդ է ու նրան պետք է անպայման տեղափոխեն համապատասան կլինիկա: Նույն բանը պարոն Վլադիմիր Վլադիրովիչը պետք է անի իր քաղաքացու համար, ի վերջո Լեւոն Հայրապետյանն արդեն մոտ 50 տարի կամ 45 տարի է`ՌԴ քաղաքացի է: Այո, հայ է, բայց նա ՌԴ-ի քաղաքացի է, ու եթե նույն ձեւով պայքարում են ԱՄՆ-ում, ուրեմն նույն ձեւով պետք է պայքարեն Մոսկվայում: Պետք է մենք պնդենք, որ Լեւոն Հայրապետյանը ՌԴ-ի քաղաքացի է: Ես առաջին ակնարկը Լեւոնի մասին գրել եմ դեռեւս 20 տարի առաջ, իր ամբողջ կենսագրությունը գիտեմ:
-Այսինքն` Դուք Վ. Պուտինին Լ. Հայրապետյանի հետ կապված անձամբ նամա՞կ եք ուղարկել:
-Չէ, ես հոդված եմ գրել, որտեղ վերջին տողում նշված է, դա ես գրել եմ մոտ մեկ շաբաթ առաջ:
Զրուցեց Սոնա Գրիգորյան