Չկա մեկը, որ ինձանից շատ գիտի իր արածները Ղարաբաղում. Զորի Բալայանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մի խումբ քաղաքական գործիչներ, հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ: Ըստ տարածված հայտարարության` ստորագրահավաք է իրականացվել` ընդդեմ Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների եւ Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող բիրտ ճնշումների:

«Ակնհայտ է` «Մարտի 1»-ի` դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը` ով է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար: Սա «Մարտի 1»-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք, ցանկացած գնով նրան անազատության մեջ պահելու սեւեռում»,- նշված է հայտարարությունում: Ստորագրահավաքին միացածները իշխանություններին կոչ են արել դադարեցել հակասահմանադրական գործընթացը, զերծ մնալ հակապետական գործողություններից ու պահանջել են փոխել Ռ. Քոչարյանի խափանման միջոցը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի հերոս, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հետ:

-Պարո՛ն Բալայան, Դուք էլ եք միացել այն ստորագրահավաքին, որով պահանջվում է ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ինչո՞ւ, կարծում եք Ձեր դիմումին ընթա՞ցք է տրվելու:

-Այո, միացել եմ, կարծում եմ` կարելի է պահանջը կատարել, ինչ ասեմ:

-Բայց 2008 թվականի մարտի 1-ի զոհերի ծնողները պահանջում են, որպեսզի Ռ. Քոչարյանը գտնվի կալանքի տակ ու կրի իր պատիժը:

-Այդ հարցը այնքան բարդ է, ես այդ բոլորը հասկանում եմ, ես չեմ կարող ասել` այո կամ ոչ, ես, հավատացեք, հասկանում եմ: Այո, գիտեմ, որ իրենց հարազատներին են կորցրել, ցավալի, շատ ցավալի բան, մի կողմից իրենք են, մի կողմից էլ Ռոբերտ Քոչարյանն է: Ու կարծում եմ, որ չկա մեկը, որ ինձանից շատ գիտի իր արածները Ղարաբաղում, խնդիրը դրա մեջ է: Եթե պետք է պատժեն, ապա թող դա անեն օրենքի բոլոր կետերով: Ես դրա կողմնակիցն եմ: Ես գիտեմ, որ ժամանակին գերխնդիրներ են եղել, որ ինքն է կարողացել լուծել, ես դրա մասին իմ գրքերում եմ գրել:

-Ձեր կարծիքով` Ռ. Քոչարյանը մեղավորություն չունի՞ մարտի 1-ի իրադարձություններում:

-Ես չեմ ուզում դրա մասին հեռախոսով խոսել, հավատացեք, որ ես կողմնակից եմ, որպեսզի մտածենք նաեւ ծնողների մասին` չմոռանալով նաեւ Ռ. Քոչարյանի կատարած գործերը: Ես շատ լավ ամեն ինչ հասկանում եմ: Հավատացեք, շատ դժվար իրավիճակ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԳՈՐՅԱՆԸ




Լրահոս