Ի՞ՆՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հանել է իր թեկնածությունը 7-րդ ընտրատարածքից: Այստեղ ՀԱԿ ներկայացուցիչ, «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը կպայքարի հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի դեմ. թեեւ կա նաեւ երրորդ թեկնածուն` Վարդան Վարդանյանը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում բաժնի պետի տեղակալ է:
Հիշեցնենք, որ մինչ այս, Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամություն էր հայտնել հանել իր թեկնածությունը 7-րդ ընտրատարածքից, եթե ՀԱԿ-ը հանի իր թեկնածուներին 1-ին, 4-րդ 6-րդ, 9-րդ եւ 12-րդ ընտրատարածքներից: Սակայն Կոնգրեսը թեեւ ընդդիմադիր ուժերի հետ մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման հարցը քննարկելուն կողմ է, չգնաց համաձայնության, ինչը երեկ Փաշինյանն այսպես է բացատրել. «ՀԱԿ-ը մասնակցում է ընտրություններին ոչ թե զիջելու, այլ իշխանափոխություն իրականացնելու համար: ՀԱԿ-ը միշտ էլ պատրաստ է եղել եւ հիմա էլ պատրաստ է քննարկել տրամաբանական եւ կառուցողակայն առաջարկներ»: Պարզվում է, որ մինչ թեկնածուների գրանցման շրջանը, ՀԱԿ-ը խնդրել է «Ժառանգությանը» մեծամասնականով առաջադրվելու համար նախընտրելի աշխարհագրական քարտեզ ներկայացնել, սակայն այստեղից պատասխանել են, թե պատրաստ են բանակցություններ սկսել առաջադրման շրջանում, ինչն անընդունելի է ՀԱԿ-ի համար:
Երեկ, խոսելով իր հիմնական մրցակցի` Սամվել Ալեքսանյանի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ալեքսանյանը չորրորդ գումարման նիստերի կեսից ավելիին բացակայել է եւ առնվազն տասն անգամ պետք է զրկվեր մանդատից, բայց դա չի եղել: Եթե չի զրկվել, ուրեմն անաշխատունակ է եղել եւ դրա համար թուղթ է ներկայացրել… Եթե այդ անձինք ունեն խրոնիկ հիվանդություն, ապա հանրությունը պետք է տեղյակ լինի, որ նրանք ի վիճակի չեն կատարել իրենց պարտականություններն ԱԺ-ում»:
Արձագանքելով Փաշինյանի այս խոսքերին` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե ԱԺ-ն գործել է օրենքի սահմաններում, իսկ մնացածը կասի Սամվել Նիկոյանը`  Ալմաթիից վերադարձից հետո:
Նիկոլ Փաշինյանը հեռուստաբանավեճի է հրավիրել իր մրցակցին. «Հիմա Սամվել Ալեքսանյանը, որ հայտնի է Լֆիկ Սամո անունով, հայտնվել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում եւ նույն կուսակցության կողմից առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով: ՀՀԿ-ն ասում է, որ Սամվել Ալեքսանյանը բիզնեսմեն չէ: Եթե նա բիզնեսմեն չէ, ուրեմն քաղաքական գործիչ է: Եկե՛ք բանավեճ կազմակերպենք եւ տեսնենք, թե էդ ինչպիսի քաղաքական գործիչ է նա, եւ քաղաքական ինչ թիմով է Սերժ Սարգսյանը հանդես գալիս խորհրդարանական ընտրություններին: ՀՀ-ի հեռուստատեսություններին կոչ եմ անում կազմակերպել ցանկացած ֆորմատով հաղորդում, որտեղ երկուսս դեմ առ դեմ խոսենք: Հավաստիացնում եմ, որ այն կապահովի բարձր դիտողականություն եւ հեռուստատեսության վարկանիշի բարձրացում»:
Իսկ Սամվել Ալեքսանյանը Tert.am-ին ասել է, որ իրեն մրցակից է համարում ոչ թե Փաշինյանին, այլ ինքնաառաջադրված Վարդան Վարդանյանին: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլին` Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ Րաֆֆին իր «խաթեր» է հանել թեկնածությունը:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս