ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պտտվեցինք «Ֆեյսբուք»-ով` պարզելու, թե այս օրերին ինչն է անհանգստացնում հայտնի մարդկանց, ինչ են գրում նրանք իրենց պատին:  
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան պատին գրում է. «Բոլոր համայնքներից ահազանգ է գալիս, որ կոալիցիոն կուսակցությունները թափով անձնագրեր են հավաքում, ջեմ ու մուրաբա են բաժանում, փող են բաժանում: Հիմա ինչպես հասկանալ? Օրինաց, բարգավաճ, հզոր Հայաստան, թե փողի, մուրացիկ ու լլկված երկիր? Ախր ես ինչպես այդ Հայաստանում մնամ…»:
Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով աչքի է ընկնում բավական կառուցողական ու ազգային մտքերով, գրում է. «Շրջում էի Ֆեյսբուքիս գլխավոր էջով… շատ բաներ կարդացի, քննարկեցի, անտեսեցի, բայց որոշեցի արտահայտվել… Այսօր մի տարօրինակ բան է կատարվում բոլորիս հետ. բոլորս դարձել ենք եսակենտրոն… ամեն մեկս մեր ճշմարտացիությունը, մեր քաղաքական դիրքորոշումը, մեր գաղափարական դիրքորոշումն արդարացնելու համար պատրաստ ենք աղավաղել ցանկացած պատմական փաստ, բարոյականություն, կրոնական, մշակութային երեւույթ… Մեր իրականության մեջ կան մարդիկ, որ մի տեղ մի տող բան են կարդացել կամ լսել, առանց խորը ուսումնասիրելու ամպագոռգոռ հայտարարություններ են անում… ՍԹԱՓՎԵՔ ՄԱՐԴԻԿ… ում եք ինչ ապացուցում??? Ժամանակն է միախմբվելու… անհատական շահը երկրի, ազգի շահի համար զոհաբերելու… Չնայած ով է նվաստիս ձայնը լսելու??? բայց ամեն դեպքում… ոչ մի մրցանակ, ոչ մի կոչում ձեզ հետ հաջորդ կյանք չեք տանելու… ասենք 10, 100, լավ 1000 հոգու համոզեցիք եւ ինչ?? Ժամանակն է համախմբվելու եւ աշխարհին համոզելու, այլ ոչ թե իրար… Հիշեք Ի. Կռիլովի «Կարապը, Խեցգետինն ու Գայլաձուկը»… ախր բոլորդ դպրոցում անցել եք…., եթե մոռացել եք, կարող եմ հիշեցնել»:
Երգչուհի Նադեժդա Սարգսյանն իր էջում, օրինակ, շնորհակալություն է հայտնում Շուշան Պետրոսյանին համերգի համար եւ գրում (լատինատառ). «Երեկ ես այնպիսի մի հաճույք եմ ստացել, որ չեմ կարողանում չասել. Մերսի Շուշան քո հիասքանչ համերգի համար: Խոսքը վերաբերվում է Շուշան Պետրոսյանին: Մերսի Շուշան ջան, ես կարողացա համերգի ընթացքում մոռանալ ամեն ինչ»:
Իսկ բլոգեր եւ վերջերս «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատներ»-ի միասնական ցուցակում հայտնված Իզաբելլա Աբգարյանը, մեջբերում անելով ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 1. կետ 2-ից, որտեղ ասված է. «Ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են անմիջականորեն, ԿԱՄՔԻ ԱԶԱՏ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ, կամավոր հիմունքներով», ավելացնում է. «Սա է, որ պետք իմանա, հարգի եւ կատարի ընտրողը»: Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանն էլ իր էջում պարբերաբար զետեղում է Մեծ Պահքի տարբեր օրերի խորհուրդների մասին տեղեկություններ:
Ինքնատիպը, իհարկե, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի թողած 10-կետանոց «նախընտրական խրատանին» է:
Նախընտրական խրատանի )))
1. Մանդատը չտեսած` մի՛ մերկացիր:
2. 4,9 % կլինես, 5% չես լինի:
3. Լեզվին զոռ տալուց հիշի՛ր քաղաքական ճողվածքի մասին:
4. Ընտրե՛ք չարյաց փոքրագույնը:
5. Գցի՛ր, որ չգցեն:
6. Facebook-ը քաղաքական կատեգորիա չէ:
7. Լեզվի երկարությունը հակադարձ համեմատական է ցուցակային տեղին:
8. Մարդ կա` մարդ է, մարդ էլ կա` անցողիկ տեղում է:
9. Նազիկ Ավդալյանի քարը ծանր է:
10. Մանդատը վարունգ չէ. կա՛մ կա, կա՛մ չկա:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս