ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, շուկաներում եւ առեւտրի կետերում օգտագործվող կշեռքները ո՞վ է ստուգում: Ընդհանրապես ո՞վ է վերահսկում դրանց ճշգրտությունը:

Կարինե Գեւորգյան (65 տարեկան, տնային
տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բոլոր չափման միջոցները, այդ թվում կշեռքները տարին մեկ անգամ ենթակա են ստուգաչափման «Չափագիտության ազգային ինստիտուտի» կողմից, որի դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատոպով չափման միջոցի վրա եւ (կամ) անձնագրի վրա եւ (կամ) տրվում է ստուգաչափման մասին վկայական: Իսկ չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման, այդ թվում չափման միջոցների վիճակի ու կիրառման ճշտության որոշման պետական չափագիտական վերահսկողությունն իրականացվում է Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի
վերահսկողության պետական տեսչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, ֆորմալ առումով համապատասխան մարմինները կատարում են իրենց աշխատանքը՝ կշեռքները ենթարկելով ստուգման, բայց, ցավոք, գործում են թերակշռելու բազմաթիվ մեթոդներ, որոնց տիրապետում են թե՛ խանութների, թե՛ քաղաքային շուկաների աշխատողները:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական բնակարանից: Ընդհանրապես հասարակության ո՞ր խավի ներկայացուցիչներն իրավունք ունեն օգտվել դրանցից:

Կարապետ Հայրապետյան (53 տարեկան,
հողագործ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սոցիալական բնակարաններից կարող են օգտվել սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթեւանի կարգավիճակում (տեխնածին ու բնական աղետների եւ ոչ աղետների հետեւանքով): Բնակարանային կարիքավորության չափանիշ է համարվում ժամանակավոր կացարաններում, տնակներում, վթարային բնակելի տներում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվելը, իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները տվյալ համայնքում կատարող (այդ թվում նաեւ բժշկական եւ կրթական հաստատություններում աշխատող) եւ աշխատանքի գտնվելու վայրի համայնքում բնակելի տարածություն չունեցող անձինք, բնակարանային պայմանները դեռեւս չբարելաված եւ սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու ցանկություն հայտնած ընտանիքները: Բնակարանային կարիքավորության չափանիշը սահմանվել է կառավարության կողմից: Սոցիալական բնակարանը (կացարան) ՝ սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածություն է (բնակարան, բնակելի տուն, սենյակ):

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2013 թվականին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկեց սոցիալական բնակարանաշինությունը: Սոցիալական բնակարանների ծրագիր է նախատեսվում իրականացնել նաեւ Հրազդանում՝ առաջին փուլով կառուցելով 48 բնակարան, Վանաձորում` 80 եւ Աշտարակում` 50:




Լրահոս