ԵՏՄ-Ն ԽԱՌՆԵԼ Է ԵՐԿՐՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական միության մաքսատուրքերից ազատված ապրանքատեսակների վերաբերյալ համապատասխան պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել:

«Բանակցություններն ավարտված են: Այսօրվա դրությամբ նոր առաջարկներ չկան, ինչ համաձայնեցված է՝ համաձայնեցված է… Համաձայնեցված է այն ռեժիմով, որը գործում է ներկայում»,- ասել է Ճշմարիտյանը` հավելելով, որ խոսքը 750-800 ապրանքների մասին է: Նրա խոսքերով՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ Հայաստան այդ ապրանքները ներկրվելու են նույն մաքսային ռեժիմով, ինչ այսօր է: Ասել է թե՝ ԵՏՄ-ի մաքսատուրքերը մի քանի տարի չեն կիրառվելու ՀՀ ներկրվող ապրանքների նկատմամբ. խոսքն ազգային մակարդակով զգայուն, այդ թվում նաեւ` սոցիալական նշանակության ապրանքների` թռչնամսի, շաքարավազի, դեղորայքի եւ այլնի մասին է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մաքսատուրքերի նկատմամբ արտոնությունը նախնական պայմանավորվածության համաձայն, տրվելու է մինչեւ 5 տարի ժամկետով:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից հավելյալ մանրամասներ ճշտել, թե կոնկրետ որ ապրանքների դեպքում չեն կիրառվելու ԵՏՄ-ի մաքսատուրքերը եւ որքան ժամանակ է գործելու այդ արտոնությունը, սակայն պատասխանը չեղավ. «Ինչ ասել է նախարար Ճշմարիտյանը, դրան ավելացնելու որեւէ բան չունենք»,-փոխանցեցին նախարարության լրատվական ծառայությունից:
Նկատենք, որ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը ստիպված է լինելու կանոնակարգել իր հարաբերությունները Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ: Բանն այն է, որ, լինելով ԱՀԿ անդամ, Հայաստանը ԵՄ-ի հետ արտաքին առեւտրաշրջանառությունն իրականացնում է` օգտվելով մաքսատուրքերի բազմաթիվ արտոնություններից: Մինչդեռ, ԵՏՄ-ին անդամակցության դեպքում այդ արտոնություններից ՀՀ-ն կզրկվի, ինչն էլ լրացուցիչ խոչընդոտներ կհարուցի: Ավելին՝ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը դեռ հունիսի վերջին ասել էր. «Եթե Հայաստանը հաջողությամբ անդամակցի մեր ձեւաչափին, համաձայնագիր ստորագրի եւ այն վավերացվի, ապա այն պետք է փոխհատուցումների մասին բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ»:
Ճշմարիտյանը երեկվա իր հայտարարությամբ, սակայն, մեկ այլ լուրջ բացահայտում է արել: Նախարարի խոսքերից կարելի է ենթադրել, որ տնտեսական առումով կողմերի միջեւ հաջողվել է համաձայնության գալ: Բայց քանի որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունն անընդհատ հետաձգվում է, նշանակում է` խնդիրը քաղաքական է: Մի բան, որ ընդդիմությունը պնդել է մշտապես: Իսկ քաղաքական խնդիրն առաջին հերթին կապված է ԼՂՀ-ի հետ: Ինչպես հայտնի է` նաեւ ԵՏՄ անդամ երկրների պահանջն է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ դնել մաքսային սահմաններ, մի բան, որ անընդունելի է հայկական կողմի համար:

 

Կրկին այդ «Նաիրիտ»-ը

Կարեն Ճշմարիտյանը երեկ մեկ այլ ուշագրավ բացահայտում է արել, այս անգամ` կապված «Նաիրիտ» գործարանի հետ: Նախորդ տարվա դեկտեմբերից սկսած իշխանությունները բանակցություններ են վարել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ` «Նաիրիտ»-ը նրանց վաճառելու վերաբերյալ: Պարզվում է, սակայն, որ այդ բանակցություններն, ըստ էության, տապալվել են ու «Ռոսնեֆտ»-ը տեւական ժամանակ է` որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերում «Նաիրիտ»-ի նկատմամբ: Հարցին, թե արդյոք կա՞ն հույսեր, որ «Նաիրիտ»-ի հետ կապված գործարքը կկայանա, ու «Ռոսնեֆտը» ներդրումներ կանի այդ գործարանում, նախարարը պատասխանեց, թե նրանց մտադրությունների մասին առայժմ նոր տեղեկություններ չկան: Սա ուշագրավ է այն առումով, որ «Նաիրիտ»-ը դարձել է իսկական գլխացավանք, եւ երբ գարնանը ընդդիմությունն առաջարկում էր «Նաիրիտ»-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել` պարզելու, թե ո՞ւր են կորել այդ գործարանին հատկացված ներդրումային վարկերը, ինչ են եղել ծրագրերը եւ ինչու այս գործարանը բազմաթիվ սեփականատերեր փոխելով այդպես էլ չի կարողանում աշխատել, իշխանությունները միաբերան պնդում էին` «սպասենք «Ռոսնեֆտ»-ի հետ բանակցությունների ավարտին, դրանից հետո նոր կձեւավորենք հանձնաժողովը»: Այնինչ, այսօր «Նաիրիտ»-ը նաեւ այդ պարտքերի պատճառով չի կարող ոտքի կանգնել, ինչը ցույց է տալիս, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը գնալով պարտադիր է դառնում: Մանավանդ որ, անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ստիպված եղել խոստովանել. «Մենք մի կոլապսի մեջ ենք մտած, երկու ամիս է՝ ուսումնասիրում ենք, չենք կարողանում ծայրը գտնել` ի՞նչ են արել, ո՞նց են տարել, ո՞նց են բերել: Հիմա երկու ամիս է՝ չենք կարողանում գտնենք՝ ով է սեփականատերը…»:
Եվս մեկ հետաքրքիր փաստ. «Նաիրիտ»-ով հետաքրքրված «Ռոսնեֆտ» ընկերության նկատմամբ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն ուկրաինական ճգնաժամին հետեւած իրադարձությունների համատեքստում պատժամիջոցներ է կիրառել: Երեկ Կարեն Ճշմարիտյանը դժվարացավ ասել, թե «Ռոսնեֆտ»-ի նկատմամբ պատժամիջոցներն ինչ հետեւանքներ կունենան նաեւ «Նաիրիտ»-ի գործարքի վրա:

 

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս