Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ագրարային համալսարանն ու «Օրինաց երկիր կուսակցությունը» տարածքային խնդիրներ ունեն:
Այսպես, 2006 թ. դեկտեմբերի 28-ին Ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները ճանաչվել են պետական սեփականություն, և կառավարության որոշմամբ՝ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել են համալսարանին: ՀԱԱՀ-ն այդ օրից համարել և համարում է, որ այս տարածքները վիճելի չեն կարող լինել և քննարկման ենթակա չեն:
Համալսարանականներն էլ Armlur.am-ին հայտնել են, որ 2008-ի նոյեմբերին քաղաքապետը, անտեսելով կառավարության վերը նշված որոշումը, ՕԵԿ-ին է հանձնել սեփականության իրավունքով շինության մի հատվածը և կից հողատարածքը: Գործող օրենսդրությամբ քաղաքապետարանն այդպիսի լիազորություններ չունի: Պետական գույքի կարգավիճակի փոփոխություն կարող է իրականացնել միայն ՀՀ կառավարությունը` որոշմամբ:
Քիչ առաջ համալսարանի ներկայացուցիչները Armlur.am-ին տեղեկացրին, որ ՀՀ կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շինության տանիքը ՕԵԿ-ի կողմից ապամոնտաժելու կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հուլիսի 7-ին և 21-ին կայացրել է որոշումներ` արգելելով կուսակցությանն իրականացնել որևէ շինարարական աշխատանք:
Համալսարանականների փոխանցմամբ` ՕԵԿ-ը, սակայն, ոչ միայն անտեսել է դատարանի որոշումը, այլև մի քանի օրվա ընթացքում` հիմնականում գիշերային ժամերին, վիճահարույց տարածքում կառուցել է շինություն` չունենալով նախագիծ և շինթույլտվություն: Համալսարանն այդ մասին իրազեկել է բոլոր պատկան մարմիններին:
«Սակայն գործուն միջամտություն իրականացվել է միայն Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, որն իրականցրել է օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ և կազմել արձանագրություն: Մյուս բոլոր պատկան մարմինների կողմից որևէ արդյունավետ միջամտություն չի իրականացվել»,- մեզ հետ զրույցում հայտնեց համալսարանի ներկայացուցիչ Հայկը:
Վերջինիս խոսքերով` օգոստոսի 3-ին Երևան քաղաքի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները փաստի առթիվ կազմել էին արձանագրություն և ակտավորել նրանց երկրորդ անգամ, որի արդյունքում կուսակցությունը դադարեցրել էր շինարարական աշխատանքները:
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ին «Օրինաց երկիր» կուսակցությունը, չհարգելով պատկան մարմինների որոշումները, վերսկսել է շինարարական աշխատանքները: