ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՄԵՆ ՄԵԿԸ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ ԱՅԼ ԿԵՐՊ Է ՏԵՍՆՈՒՄ»

Հունվարի 9-ին աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը կդառնար 90 տարեկան: Այդ օրը նրա արվեստի երկրպագուները, կինոյի բնագավառի մարդիկ ամեն տարվա նման այցելել են Պանթեոն, ծաղիկներ դրել նրա գերեզմանին, ապա եկել թանգարան… Իսկ թե ինչպես է նշվելու արվեստագետի հոբելյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

-Քանի որ այս տարի Փարաջանովի 90-ամյակն է, ավելի շատ մարդ ենք հրավիրել. արվեստի մարդիկ, ովքեր կապված են թանգարանի, իր, կինոյի հետ։ Թեթեւ հյուրասիրություն ենք կազմակերպել, հիշել նրան… Իսկ ընդհանրապես, անցյալ տարվանից սկսած՝ Փարաջանովի մասին հինգ գիրք է լույս ընծայվել, որը, կարծում եմ, շատ կարեւոր է։ Դրանցից մեկի հետ կապված հետաքրքիր պատմություն կա։ Նախկին Կումունալսկ, այժմ Ալչեւսկ քաղաքում կա մի կին, ում ամուսինը գաղութում էր աշխատում եւ օգնում բանտարկված Փարաջանովին: Երբ Փարաջանովն իմանում է, որ իրեն օգնողի երիտասարդ կինն ուզում է դերասանուհի դառնալ, նրան սկսում է նամակներ գրել, խորհուրդներ տալ։ Եվ երբ այդ կինը 1991 թվին ռադիոյով պատահաբար լսել էր Փարաջանովի թանգարանի բացման մասին, եկել էր Երեւան ու մեզ նվիրել այդ տասը նամակները, որոնց գոյության մասին, բնական է, մենք գաղափար չունեինք։ Եվ հենց այդ նույն կինը, որը մեծ դժվարություններ ունի կյանքում՝ կապված ամուսնու առողջականի հետ, գումարներ է գտել (այնտեղի հայ համայնքն էլ է նրան օգնել՝ հանձին շինարար Անդրանիկ Արզումանյանի), եւ հունվարի 9-ին Ալչեւսկում տեղի ունեցավ այդ նամակները, որոշ այլ նյութեր, Փարաջանովի կենսագրությունը ներկայացնող գրքի շնորհանդեսը։ Շատ այլ քաղաքներում էլ է նշվել նրա ծննդյան օրը։
-Իսկ ե՞րբ է պաշտոնապես նշվելու ռեժիսորի հոբելյանը։
-Այն պաշտոնապես կնշվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ, որը հենց նվիրված է լինելու Փարաջանովի 90-ամյակին։ Կհրավիրենք այն ռեժիսորներին, որոնց ինքն էր սիրում, որոնք ինչ-որ ձեւով միգուցե ազդված են նրա արվեստից։
-Սերժ Ավետիքյանի եւ Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմի մասին ի՞նչ կասեք։
-Իմ կարծիքը, միգուցե, սուբյեկտիվ կարող է լինել։ Ով Փարաջանովին ճանաչել է, դժվար է պատկերացնում, թե ընդհանրապես նրան որեւէ մեկը կարող է մարմնավորել, նրա դերը կատարել։ Պետք է հաշվի առնենք, որ Սերժ Ավետիքյանը նրան տեսել եւ ճանաչել է, իսկ դա շատ կարեւոր է։ Ես ֆիլմը դիտել եմ Օդեսայի կինոփառատոնի ժամանակ, որտեղ այն «Լավագույն ուկրաինական ֆիլմ» մրցանակը ստացավ։ Երեւանում էլ կինս է դիտել եւ ասում է, որ հանդիսատեսը լավ է ընդունել։ Բայց Փարաջանովին ճանաչողները, բնական է, ինչ-որ բանից դժգոհ են։ Սա դժվար հարց է. գուցե ամեն մեկը Փարաջանովին այլ կերպ է տեսնում։ Ես ասում էի, որ պետք չէ նրա մասին ֆիլմ նկարահանել, որովհետեւ բարդ գործ է, մանավանդ որ արվեստագետի կինը, տղան կան, կան մարդիկ, ում մասին խոսվում է… Միգուցե կարելի էր ավելի լավ նկարել, բայց հաշվի առնենք, որ նույնիսկ շատ վատ ֆիլմը, միեւնույն է, ինչ-որ ձեւով Փարաջանովի գովազդն է։
-Ո՞րն է Փարաջանովի արվեստի երկարակեցության գաղտնիքը։
-Նա ստեղծել է իր լեզուն կինոյում, ինչը շատ քիչ մարդիկ են արել, եւ դա գնահատվում է։ Կարեւորը մասսայական գնահատվելը չէ, այլ պրոֆեսիոնալների շրջանում շատ բարձր վարկանիշ ունենալը։ Ֆելինիի ֆիլմն էլ մասսայական, ասենք, «Տիտանիկ» կամ «Տարզան» չէ, որ բոլորը գնան նայեն, բայց այն արվեստ է, որն ընդհանրապես դժվար է ընկալվում։ Մեկին Վերնիսաժի նկարն է դուր գալիս, որը լուսանկարից են արտանկարել, եւ առհասարակ արժեք չունի, մյուսը լավ է հասկանում նկարչությունից ու լուրջ, նույնիսկ նոր նկարչից է գործ գնում, որովհետեւ լավ է հասկանում, որ վաղը դա կարող է արժեք դառնալ։ Մարդ պետք է կրթվի, որ մի քիչ արվեստից հասկանա. դա այդքան հեշտ լեզու չէ, որոշ աշխատանք է պահանջում մարդուց։ Իսկ Փարաջանովի արվեստը շատ խորը հետք է թողել Հայաստանում, Ռուսաստանում, հատկապես Մոսկվայում, որտեղ սովորել է եւ որին կապված է եղել, ինչպես նաեւ Ուկրաինայում, Վրաստանում, առհասարակ նախկին ԽՍՀՄ տարածքում, ամբողջ աշխարհում։

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐԸ ԵՌԱԿԻ ՑԱԾՐ ԵՆ»

Ամանորյա տոները ոմանց համար հաճույքի, վայելքի օրեր են, ոմանց համար՝ տանջանքի, իսկ շոու բիզնեսի ներկայացուցիչների համար էլ դրանք պարզապես ակտիվ աշխատանքային օրեր են, երբ նրանք վաստակում են բավականին մեծ գումարներ։

«Ժողովուրդ»-ը դիմեց երգիչ Մհերին՝ պարզելու, թե նա ինչպես է անցկացրել տոնական օրերը։
-Ես Ամանորը դիմավորել եմ Ծաղկաձորում՝ «Գոլդեն Փալաս» հյուրանոցային համալիրում որպես վարող եւ երգիչ: Ամբողջ Ամանորի երեկոն եմ վարել ու նաեւ երգել իմ՝ ժողովրդի կողմից սիրված հիթերը։ Բացի այդ՝ նույն Ծաղկաձորում էլի մի քանի համերգներ եմ վարել, ինչպես նաեւ Սուրբ Ծնունդի երեկոն։ Ընդ որում, այդ միջոցառումներին, համերգներին նաեւ արտասահմանյան երգիչներ էին հրավիրված։ Դրանց թվում կային թե՛ դասական օպերային երգչուհիներ, թե՛ ճանաչված «պոպսա» երգչուհիներ, օրինակ՝ Ինգրիդը։ Կային նաեւ ուկրաինական խմբեր։
-Իսկ ինչպե՞ս եք վարձատրվել։
-Վարձատրվել եմ բավականին նորմալ։
-Օրինակ՝ մեկ համերգ վարելու համար որքա՞ն գումար եք վաստակել։
-Եկե՛ք թվերի մասին չխոսենք։
-Հարցն այլ կերպ ձեւակերպենք. այդ թվերը համեմատելի՞ են ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների վաստակած գումարների հետ։
-Ո՛չ, պարզ է՝ ո՛չ։ Հայաստանում, կարելի է ասել, գները եռակի ցածր են։ Պարզապես, ըստ մեր հայկական շուկայական գների՝ նորմալ եմ վարձատրվել, այսպես ասեմ՝ դժգոհ չեմ։
-Իսկ հասցրե՞լ եք Ամանորը նշել հարազատների, ընտանիքի հետ։
-Իմ մտերիմները, հարազատները՝ հայրս, մայրս, քույրս, եղբայրս, բնակվում են Մոսկվայում, եւ, բնական է, չեմ կարողացել նրանց հետ նշել Նոր տարին։ Եվ ընդհանրապես, կարծես ավանդույթ է դարձել, որ շոու բիզնեսի ներկայացուցիչներն Ամանորի գիշերն ընտանիքի հետ չեն անցկացնում։
-Ամանորյա ուրիշ ի՞նչ միջոցառումների եք մասնակցել։
-Իմ նոր ու հին հիթերով նախօրոք նկարահանվել եմ տարբեր հեռուստաալիքների երաժշտական հաղորդումներում։
-Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա տոնական հաղորդումները։
-Կոնկրետ իմ դեպքում անցյալ տարի ավելի ակտիվ էր. ես նաեւ ամանորյա կինոնկարում էի նկարահանվել։ Իսկ ընդհանրապես, այս տարի անընդհատ աշխատանքի մեջ եմ եղել ու չեմ հետեւել հեռուստահաղորդումներին։
-Տոնական թոհուբոհից հետո ինչո՞վ եք զբաղված։
-Որոշել եմ մի 15 օր ոչ մի տեղ չաշխատել, յուրահատուկ արձակուրդ վերցնել։ Բայց այդ ընթացքում աշխատելու ենք նոր ձայներիզի վրա, կազմելու ենք մեկ տարվա իմ, այսպես ասած, աշխատանքային գրաֆիկը, պլանները։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է

Կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանն ամուսնացել է Հայաստան տեղափոխված սիրիահայ Ջորջ Բեդուրյանի հետ: Ավանդական հարսանիք չի եղել, բայց ՔԿԱԳ-ում օրինականացրել են հարաբերությունները:
Քեթրինը ներկայացման ավարտից հետո ռեստորան է գնացել իր ծննդյան խնջույքին եւ անակնկալի եկել: Առանց իր իմացության՝ Ջորջը Քեթրինի քրոջ հետ կազմակերպել է ամուսնության առաջարկի արարողություն, որին հրավիրված են եղել դերասանուհու հարազատներն ու թատրոնի անձնակազմը: Քեթրինի համար առաջարկը սկզբում շոկային է եղել, բայց շոկից դուրս գալուց հետո համաձայնել է Ջորջի կինը դառնալ: Զույգը ծանոթացել է աշխատանքի բերումով. մեկ տարի առաջ դերասանուհին գեղեցկության սրահներից մեկի գեղարվեստական տնօրեն էր, ապագա ամուսինն էլ՝ ոճաբան-վարսահարդար: Ամուսնությունից հետո դերասանուհին շարունակում է աշխատանքը թատրոնում եւ հեռուստատեսությունում: Պատրաստվում է նկարահանվել Հ2-ի նոր նախագծում:

 

ՍՓԻԼԲԵՐԳԸ` ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԱՍՏՂ

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է 2013-ի ամենաազդեցիկ աստղերի աղյուսակը: Վարկանիշային առաջին հորիզոնականում հռչակավոր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է: Առաջատարների եռյակում են նաեւ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին եւ «Աստղային պատերազմներ»-ի հեղինակ Ջորջ Լուկասը: Հարցումն անցկացրած E-Poll Market Research գործակալությունն առաջարկել է 45 չափորոշիչներով գնահատել ավելի քան 6 հազար հայտնի մարդկանց: Գլխավոր չափորոշիչներն են եղել գրավչությունն ու ճանաչվածությունը: Վարկանիշային աղյուսակում են նաեւ ռեժիսոր Մարտին Սքորսեզեն, U2 խմբի երգիչ Բոնոն եւ կոմիքսների հեղինակ Սթեն Լին:

 

ԴԵՊԱՐԴՅԵԻ ԲԻԶՆԵՍՆԵՐԸ

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն ավիաընկերության սեփականատեր է դարձել:Ռուսաստանի քաղաքացի արտիստն արդեն իր ավիաընկերության համար ինքնաթիռ է գնել: Այն օգտագործելու է սեփականատերը կամ տրվելու է վարձույթով: Բացի ավիաընկերությունից՝ Դեպարդյեն նաեւ Բելգիայում անշարժ գույքի գործակալություն եւ գինու խանութ ունի, որտեղ վաճառվում են հայտնիների կողմից արտադրվող գինիներ:




Լրահոս