Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր:
Հանդիպմանը լրագրողը հարց հնչեցրեց, թե կպատժվեն արդյոք հրամանատար Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ մեղադրվողները: Նախարարը պատասխանեց, որ իրենց համար ցանկացած զինծառայողի կյանքն է թանկ ու կարևոր, և իրավապահ մարմինները կատարում են իրենց աշխատանքը:
Ապա Ս. Օհանյանն անդրադարձավ պայմանագրային զինծառայողներին` նշելով, որ ծառայողական աշխատատեղեր ստեղծելով` առաջին հերթին նպաստում են արտագաղթի նվազմանը:
«Եթե Ադրբեջանը մեր դեմ է դուրս գալիս, պետք է նկատի ունենա, որ ՀՀ ԶՈՒ-ն միշտ հարձակվողական բնույթի գործողություն է կատարում: Մենք որևիցե մեկի դեմ չենք աշխատում, և նրանք ովքեր մեր սկզբունքներին դեմ են, նրանք դուրս են գալիս մեր շարքերից: Այս օրերին իրավիճակին ճիշտ գնահատական տալ է պետք, և եթե ճիշտ անենք, խուճապ չի առաջանա: Առաջին գծում մեր զինվորների մարտական ոգին բարձր է»,- շարունակելով խոսքն` ասաց նախարարը` միաժամանակ վստահեցնելով, որ խաղաղություն ցանկացողը պետք է պատրաստ լինի պատերազմի:
Սեյրան Օհանյանի համոզմամբ` լայնածավալ պատերազմի հավանականությունն այս պահին ցածր է:
Ինչ վերաբերում է ադրբեջանական դիվերսիոն գործողություններ իրականացնելուն, Սեյրան Օհանյանը նշեց, որ սահմանն անցնելն այնքան էլ դժվար չէ, մանավանդ մեր լեռնաանտառային պայմաններում: Նախարար Օհանյանը կարևորեց այն, որ ժամանակին մեր զինծառայողները կարողանան նրանց արագ հայտնաբերել, և ոչնչացնել:
Այսօր նաև հարց հնչեցվեց գեներալ Հայկազ Բաղմանյանին պատկանող 160 հազ. դոլարանոց ավտոմեքենայի մասին: Լրագրողը նախարարից փորձեց ճշտել, թե որտեղից կարող է զինծառայողն այդպիսի մեքենա ունենալ, և չկա արդյոք կոռուպցիոն ռիսկ: Նախարարը բացառեց կոռուպցիոն ռիսկի հավանականությունը և հավելեց, որ մեքենան գեներալին նվիրել է նրա ռուսաստանցի ընկերը, իսկ Բաղմանյանն էլ չի հրաժարվել այդ նվերից:
«Ինչ վերաբերում է թիկնազորով շրջելուն, Բաղմանյանը կռված տղա է, և դրա կարիքը չունի: Հնարավոր է՝ իր ընկերների հետ է եղել, և թիկնազորի տպավորություն է ստեղծվել»,- եզրափակեց Պաշտպանության նախարարը: