ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԶԻՆՎՈՐԸ ՄԱՀԱՆԱ ԲԱՆԱԿՈՒՄ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հիվանդության պատճառով մահացած երկու զինծառայողների դեպքը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂ ՊԲ զորամասերից մեկում մահացավ զինծառայող Հայկ Մակարյանը: Պատճառը մենինգիտն էր: Երեկ Կոթի գյուղի բնակիչ Էդիկ Շահնազարյանի մահը եւս վրա է հասել հիվանդության պատճառով:

Ո՞վ է պատասխանատու
Հետեւելով բանակում զինվորների մահվան դեպքերին՝ կարելի է կարծել, որ կա՛մ բժիշկներն են անփույթ, կա՛մ զինվորներին «սիմուլյանտության» մեջ մեղադրելը բանակում ընդունված կեցվածք է, այլապես անհասկանալի է, թե ինչպես կարող են Հիպոկրատի երդում տված մարդիկ այդքան անտարբեր լինել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2011թ. դեկտեմբերի 30-ին Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությունից մահացավ ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանը: Ըստ զինվորի հարազատների՝ դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 5-ին Հայկի մոտ որովայնի շրջանում սկսվել էին ուժեղ ցավեր, այդ թվում նաեւ էպիլեպսիկ դրսեւորումներ, նա երբեմն ընկել էր ցնցումների մեջ: Բժիշկները, սակայն, ասել էին, թե կույրաղիքի բորբոքում է, եւ որ նա պետք է մնա իրենց հսկողության տակ, որպեսզի հարկ եղած ժամանակ ենթարկվի վիրահատության: Թեեւ զինվորի հայրը խնդրել էր ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխել, սակայն զորամասի բժիշկները դեմ էին եղել: Երբ դանակը ոսկորին էր հասել, եւ զինվորի հայրը բարկացել էր, միայն այդ ժամանակ բժշկական խորհրդակցության արդյունքում Հայկը տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ հետազոտությունից հետո պարզվել էր, որ նրա մոտ առկա է ջրծաղիկ հիվանդություն՝ ծայրահեղ բարդացած վիճակով: Ավելին, մահացած զինծառայողի հայրը պարզել էր, որ զորամասում Հայկի՝ առողջական վիճակից բողոքներին ի պատասխան՝ նրան մեղադրել էին «սիմուլյանտության» մեջ եւ ստիպել վազել 10 կիլոմետր:
Իհարկե, այս գործով մեղադրանք առաջադրվեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանին եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը): Գործն այս օրերին գտնվում է արդեն դատաքննության փուլում:
Պարզվում է՝ այս դժբախտությունը դաս չի եղել ՊՆ բժիշկների համար: Հունվարի 16-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ ԼՂ ՊԲ զորամասերից մեկում մահացած զինծառայող Հայկ Մակարյանի մոտ կայծակնային արագությամբ մենինգիտ հիվանդություն է առաջացել, թեեւ կանխարգելման համար հիվանդությունը նախօրոք պետք է բացահայտվեր: Այսինքն՝ բժիշկները դարձյալ իրենց տեղում չեն եղել: Փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 1-ին մասով:
Եվ ահա երեկ էլ մահացավ շուրջ մեկ շաբաթ առաջ բանակ զորակոչված զինծառայող Էդիկ Շահնազարյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ զինվորի մահը վրա է հասել հիվանդության պատճառով: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Էդիկը բանակ զորակոչվելուց առաջ քթի վիրահատության է ենթարկվել, իսկ դրանից հետո Նոյեմբերյանի զինկոմիսարիատում, ինչպես նաեւ ՊՆ կենտրոնական հավաքակայանում ստուգել են եւ ասել, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է, եւ նա լիովին պատրաստ է ծառայության: Ավելի ուշ Էդիկը զանգահարել է ծնողներին եւ ասել, թե լավ չի զգում իրեն եւ բուժկետում պառկած է: Ու այդպես էլ բուժկետից դուրս չի եկել՝ մահանալով հենց այդտեղ: Այս փաստի առիթով էլ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):
Մի սրտաճմլիկ տեսարանի էլ «Ժողովուրդ»-ն ականատես եղավ հունվարի 13-ին ՊՆ կենտրոնական հավաքակայանում: Այնտեղ էր Մաշտոցի զինկոմիսարիատից զորակոչված զինվորներից մեկի ծնողը, որը խնդրում էր որդուն չտանել ծառայության՝ հայտարարելով, թե տղան լուրջ առողջական խնդիրներ ունի, որի մասին ինքը Սեյրան Օհանյանին նամակ է գրել: Սակայն որեւէ մեկը չլսեց իր խոսքերը լացակումած արտահայտող հորը, եւ տղային ուղարկեցին ծառայության Երեւանից բավականին հեռու զորամասում: Հուսանք՝ գոնե նրա հետ ամեն ինչ կարգին կլինի:
Իսկ ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ որքան խստանում են հարուցված քրեական գործերի հոդվածները, այնքան անփութության դրսեւորումները շարունակում են զարգանալ բանակում: Գուցե նման ցավալի երեւույթների հանգեցնող դեպքերի կանխարգելման համար անհրաժեշտ է ուրի՞շ մեթոդներ կիրառել: ՊՆ-ում կարծես թե հապաղում են խնդրին արմատական լուծում տալու հարցում կամ գոնե հանրությունը տեղյակ չէ այդ մասին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍԱԳՅՈՒՂՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում վերջին շրջանում շատացել են գողության դեպքերը: Մեզ տեղեկություններ հասան, որ հունվարի 18-ին գյուղում գողացել էին բնակիչներից մեկի ջերմոցների երկաթները, եւ այս օրերին գյուղի մի շարք երիտասարդների տանում են ոստիկանություն՝ ցուցմունք վերցնելու: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սարիբեկ Կարապետյանը նշեց, որ նման դեպք եղել է, ու գողացել են բնակիչներից մեկի ջրի պոմպը. «Տանտերն այս պահին Ռուսաստանում է ու պետք է գա, որ կատարվածի մասին դիմում գրի: Իսկ ինչ վերաբերում է երիտասարդներին հարցաքննելուն, ապա նման բան չկա»:

 

ՄԱՏՆԱԾ ԹՄՐԱՆՅՈՒԹԸ

Երբ հունվարի 17-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերեց ու ցուցադրեց 928 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոցը, լուրը զարմանքով ընկալվեց հասարակության գրեթե բոլոր շերտերի կողմից: Առաջին արձագանքն այն էր, որ «մատնած գործ է», քանի որ «ֆոլգայով» խնամքով փաթեթավորված 47 փաթեթ հերոինը դժվար էր հայտնաբերել: «Ֆոլգան» համարվում է մեկուսիչ:
Այն, որ այս բացահայտումը կարող է լրջորեն վտանգել մեր երկրի միջազգային հեղինակությունը, մեկ անգամ չէ, որ խոսվել է այդ մասին: Նույնիսկ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցներում տարիներ առաջ նշվել է, որ Հայաստանը համարվում է թմրանյութի տարանցիկ երկիր: Բայց մյուս կողմից դրական է այն, որ գոնե բացահայտվել է մոտ 200 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հերոինի տեղափոխումը: Միջազգային շատ ատյաններում ՀՀ-ի անունից կարելի է գլուխ գովել, թե մեր երկրի ազգային անվտանգությունն ու մաքսային կառույցներն այնպիսի լուրջ մարմիններ են, որ անհնար է ինչ-որ բան պլստացնել:
Բայց այս պատմության մեջ ամենակարեւորը, թերեւս, հայտնաբերված թմրանյութի ճակատագիրն է: Սովորաբար, երբ թմրանյութ է հայտնաբերվում, այն քրեական գործով ճանաչվում է որպես իրեղեն ապացույց, իսկ գործի քննության ավարտից հետո պատասխանատու մարմինները պարտավոր են այն ոչնչացնել: Երեկ «Ժողովուրդ»-ը ՊԵԿ-ից հետաքրքրվեց, թե երբ եւ ինչ պայմաններում է ոչնչացվելու մոտ 200 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հերոինը: Պետական այդ ատյանից պատասխանեցին, թե գործը գտնվում է ԱԱԾ վարույթում: Քանի որ ԱԱԾ-ն էլ համարվում է փակ մարմին, դժվար է իմանալ, թե ինչ է լինելու հայտնաբերված թմրանյութի ճակատագիրը:
Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, երբ Հայաստանում ներքաղաքական կյանքը սկսում է ակտիվանալ, եւ բավականին մեծ թվով մարդիկ են փողոց դուրս գալիս՝ դժգոհելով որեւէ երեւույթի դեմ, անպայման հայտնաբերված աննախադեպ քանակությամբ հերոինի նման մի թեմա հրապարակ է նետվում:

 

ՀԵՌԱՑՐԻՆ

Երեկ` երեկոյան, zham.am-ը տեղեկացրեց, որ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ Վարդան Ղուկասյանին, որը հայտնի է «Դոգ» մականունով: Հիշեցնենք, որ նրա անունը շրջանառվեց «Հետք»-ի լրագրողի վրա հարձակվելու ժամանակ: Ի դեպ, երեկվա դրությամբ փակ էր, չէր գործում նաեւ nrnak.com կայքը, որն անուղղակի կերպով ղեկավարվում էր Դոգի կողմից:

 

 

ԲԼԹ

«Ի՞նչ կապ ունի, թե հայհոյում ես էսպես` սեռական ներշնչանքներով, թե հայհոյում ես գրական լեզվով, որն ավելի վիրավորական է… Վերջիվերջո, այդ մարդկանց պետք է խնայել մի փոքր, մարդկանց, ովքեր Արցախյան պատերազմին են մասնակցել ու այդ թոհուբոհով անցել»:

Գալուստ Սահակյան Yerkir.am
Թվում էր, թե Գալուստ Սահակյանն անհեթեթություններ արտադրելու հարցում այլեւս աճելու տեղ չունի, սակայն պարզվեց, որ լավ էլ ունի եւ յուրաքանչյուր հերթական անհեթեթություն նախորդների ավելի կատարելագործված տեսակն է: Եթե մարդ ապրում է սեռական ներշնչանքներով եւ ունի «քուչի» բառապաշար, ապա ի՞նչ գործ ունի Ազգային ժողովում, ինչո՞ւ պետք է սահմանափակ մտավոր ունակությունների տեր անձը զբաղվի օրենսդիր գործունեությամբ, եթե, իհարկե, գիտի, թե դա ինչ է: Եվ, ամենակարեւորը, պատերազմին մասնակցածներին այդպես չէ, որ պետք է գնահատել:
«Իրար մեղադրում են, բայց այսօրվա ստեղծված իրավիճակի պատասխանատուները հենց իրենք են: Դրամավարկային քաղաքականությունը, տնտեսական քաղաքականությունը հանգեցրին այս իրավիճակին»:

Արտաշես Գեղամյան Slaq.am
Այսօրվա ստեղծված իրավիճակի պատասխանատուները բոլորն են, այդ թվում` ճամբարափոխ քաղաքական գործիչները: Իսկ ճամբարափոխության արվեստում Գեղամյանի ներդրումը հսկայական է: Դեռ Քոչարյանի օրոք թունդ ընդդիմադիր էր խաղում, հանդես գալիս իշխանությունների հասցեին ամենակոշտ քննադատություններով: Հետո հանկարծակի պատգամավոր «նշանակվեց» ՀՀԿ ցուցակով՝ վաստակելով նաեւ «Դհոլ» մականունը: Հիմա անհասկանալի է, թե ինչ է ուզում Գեղամյանը. եթե դժգոհ էիք Տիգրան Սարգսյանից, ինչո՞ւ էիք նրա կառավարության ծրագրին կողմ քվեարկում կամ ընդհանրապես դակում նրա ներկայացրած բոլոր օրենքները:

«Երկրի երկրորդ նախագահն ութ տարի կառավարել է երկիրը: Որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչու է կարծիք հայտնում, դա այդքան էլ ճիշտ չէ: Եթե նա կարծիք է հայտնում, դա նորմալ է, որովհետեւ վերջապես եղել է երկրի երկրորդ նախագահը»:

Հեղինե Բիշարյան Slaq.am
Անկախ նրանից, թե ով է տվյալ պահին իշխանության ղեկին, ՕԵԿ-ը միշտ ձգտում է լինել նրա կցորդը: Ռ. Քոչարյանի օրոք ՕԵԿ-ը սկզբնական շրջանում հանդես էր գալիս Քոչարյանի հանդեպ առանձնահատուկ ընդգծված սիրով, հետո մի պահ դարձավ ընդդիմադիր, երբ պարզվեցին ԱԽՔ Ա. Բաղդասարյանի դավաճանական հակումները, այնուհետեւ ՕԵԿ-ը սկսեց սիրել Ս. Սարգսյանին: Բայց քանի որ Հ. Բիշարյանը կանխատեսում է, որ այդ հարցազրույցով Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացնում, դրա համար աշխատում է վատ չարտահայտվել: Ի՞նչ իմանաս՝ ինչ կլինի: Ի վերջո, ՕԵԿ-ն էլ ճամբարափոխության մեծ փորձ ունի:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս