Ֆորշը, Հր. Թոխատյանը կմիանան «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պաշտպանություն գործարար Լևոն Հայրապետյանի կազմակերպվող երթին կմիանան մի շարք հայտնի մարդիկ: Երթը կայանալու է օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին:

Այս կապակցությամբ «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Նախքան երթը, Տեր Հակոբն իր աստվածային օրհնանքը կասի երթին, բոլորս միասին կաղոթենք Լևոն Հայրապետյանի առողջության և նրա գործի արդար քննության համար ու կշարժվենք նախատեսված ուղղով:

Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն:

Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին:

Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթին պատրաստակամություն են հայտնել միանալու հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, սցենարիստ Արմեն Վաթյանը, երգիչ Ֆորշը, դերասան Հրանտ Թոխատյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դերասան Միքայել Պողոսյանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու և անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) և 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:




Լրահոս