Ադրբեջանն ավելի անվստահ և ագրեսիվ տպավորություն է թողնում. Թոմաս դը Վաալ. azatutyun.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Azatutyun.am-ը գրում է. Վերջին մի քանի օրերի ընթացքում հայ ադրբեջանական շփման գծում ուժգնացած կրակահերթերը խաթարեցին առանց այն էլ անհանգիստ այս ամառը, գրում է Վաշինգտոնում գործող Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը՝ իր հոդվածում վերլուծելով ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները:

«Ղարաբաղի հեռավոր պատերազմական գոտուց դժվար է վստահելի տեղեկատվություն ստանալը: Սակայն երկու կողմից ստացվող տեղեկություններից կարելի է ենթադրել, որ վերջին օրերի ընթացքում առնվազն 30, իսկ գուցե և ավելի զինվոր է զոհվել: Հայկական աղբյուրները պնդում են, որ 5 հայ և 25 ադրբեջանցի է զոհվել: Ադրբեջանցի գեներալը պնդում է, որ 71 զոհ է գրանցվել հայերի կողմից, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը 13 զոհ ունի», – գրում է դե Վաալը, – «Ամեն դեպքում, սա թույլ է տալիս ենթադրել, որ վերջին մի շաբաթում շատ ավելի շատ զոհեր են եղել շփման գծում, քան ողջ 2013 թվականի ընթացքում»:

Ղարաբաղի ճակատային գիծը բնութագրելով որպես «Եվրոպայի ամենառազմականացված տարածք»՝ փորձագետը արձանագրում է, որ անցած 15 տարիներին այստեղ սահմանային միջադեպերից ամեն տարի 2-3 տասնյակ մարդ է զոհվել, սակայն այս տարի իրավիճակը վատթարացել է մի շարք գործոնների ազդեցությամբ, որոնց թվում է, ըստ Թոմաս դե Վաալի, Ռուսաստանի կողմից մատակարարվող սպառազինությունների շարունակվող մրցավազքը:

«Հայաստանը ավելի շատ ռուսամետ ուղղություն է բռնել` Ռուսաստանի Եվրասիական միությանը անդամակցելու նկրտումներով: Հնարավոր է, որ այս հանգամանքը ամրապնդել է Երևանի համոզմունքը, որ հակամարտության դեպքում Մոսկվան կմիջամտի և օգնության կհասնի Հայաստանին», – գրում է նա, – «Ադրբեջանը ավելի անվստահ և ագրեսիվ տպավորություն է թողնում: Այդ երկրում ամբողջ թափով շարունակվում են իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ ճնշումները»:

Թոմաս դե Վաալը բերում է Ադրբեջանի ամենահայտնի իրավապաշտպան զույգի՝ Լեյլա և Արիֆ Յունուսների կալանավորման և նրանց ներկայացված` դավաճանության և լրտեսության անհեթեթ մեղադրանքների օրինակը:

Փորձագետը նկատում է` վերջին երկու ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագծի մոտ բախումների մասին հաղորդումները ավելացել են անգամ այն հատվածներում, որտեղ իրավիճակը նախկինում համեմատաբար հանգիստ էր, օրինակ` Նախիջևանում:

«Հրադադարի խախտումները հիմնականում տեղային բնույթ են կրում և համակարգված չեն, սակայն ավելի լուրջ միջադեպերը, ինչպիսիք օրինակ շփման գծի ողջ երկայնքով հարձակումներն են, չեն կարող առանց քաղաքական հաստատման տեղի ունենալ: Այս հարձակումները առավել հավանական է` գալիս են ադրբեջանական կողմից, որը մերժում է հրադադարը ամրապնդելու և դիպուկահարներին հետ քաշելու միջազգային նախաձեռնությունը»,- գրում է փորձագետը:

Մանրասները՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս