![](https://armlur.am/wp-content/uploads/2000/05/02//21179.jpg)
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Երեւանի «Արաքս» թռչնաֆաբրիկան արտերկրից հավ է ներկրում ու այն վաճառում տեղական արտադրության անվան տակ: Տեղեկությունը ստուգելու համար դիմեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), որտեղ արդեն նման ահազանգ հնչեցրել էին: Պարզվեց, որ այս պահին ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է կատարում թռչնամսի շուկայում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից էլ փոխանցեցին, որ Հայաստանում տեխնիկական հնարավորություն չկա` ստուգելու եւ տարբերելու ներկրված սառեցված հավը տեղական սառեցված հավից: Այսինքն` չի բացառվում, որ տեղական արտադրության անվան տակ ներկրված հավ վաճառվի: Պարզաբանումների համար դիմեցինք նաեւ «Արաքս»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին` Վալենսիայի Խաչիկին, ով բարկացած բղավեց. «Մենք պարապ չենք, որ ձեր հարցերին պատասխանենք ու ձեր խնդիրներին լուծում տանք», ապա անջատեց հեռախոսը: