«ԿԲԱՑԱՏՐԵՆՔ, ՈՐ ՆՅՈՒԹԱՊԱՇՏ ԱԶԳ ՉԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Մանուել Գասպարյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իր կարծիքով` ժողովուրդը չի հիասթափվել ՀԱԿ-ից, ուղղակի իրենց առաջարկած ուղիները պետք է լավ հրամցնել ժողովրդին:
-Պարո՛ն Գասպարյան, ինչո՞ւ որոշեցիք ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել:
-Մենք քաղաքականությամբ զբաղվում ենք տարիներ շարունակ եւ անմասն չէինք կարող մնալ այսօրվա քաղաքական գործընթացներից: Միեւնույն ժամանակ ասեմ, որ  մինչ առաջադրվելը, ազգաբնակչության հետ սոցհարցում ենք անցկացրել, ինչպես նաեւ քաղխորհրդի ընդլայնված նիստում կարելի է ասել միաձայն որոշում է  կայացվել, որ մենք թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պարտավոր ենք ժողովրդի ցանկությունները բավարարել եւ իմ թեկնածությունն առաջադրել: Եւ ինձ համարելով պայքարի մարտիկ` փորձելու եմ ինքս իմ մասնակցությամբ վեր հանել այն ամենը,  ինչ կապված է ընտրակեղծիքների հետ:
-Իսկ չե՞ք հիասթափվել, քանի որ 2007 թվականին եւս Ձեր թեկնածությունն առաջադրել էիք, սակայն պարտվեցիք:
-Ուրեմն ասեմ Ձեզ, որ նախորդ ընտրությունները մեզ համար եւս մեկ փորձություն էր, որ անցավ: Ես չէ, որ պետք է ասեմ այն, որ ժողովրդի մեջ բավականին դժգոհություն առաջացրեց նման կեղծիքներով կազմակերպված ընտրությունը, որը բերեց հակառակորդի  «հաղթանակին»: Բայց մենք այն մարդկանցից չենք, որ հիասթափություններով ենք առաջնորդվում, մենք երբեք չենք հիասթափվում, եւ մենք մեր անելիքներն ամեն գնով կատարում ենք: Անգամ իրենց կողմից առաջարկած ժոստկի խաղի կանոնները` ճնշում են, ոստիկանություն են տանում, նորից փորձում են նույն ընտրությունները կազմակերպել, անգամ այդ ամենը մեզ չեն հիասթափեցնում: Մեծ է ընդդիմադիր ընտրազանգվածը` տոկոսային առումով երեւի 70-30 հարաբերակցությամբ: Նշեմ, որ իմ առաջադրվելը նաեւ պայմանավորված է նրանով, որ  մենք փորձելու ենք տեղերում ժողովրդի հետ զրուցելով բացատրել, որ մենք նյութապաշտ ազգ չենք, մենք սոցիալական ծանր վիճակում ենք գտնվում, բայց դա չի… կարեւորն այն է, որ ժողովրդի ոգին բարձր պահվի: Կոալիցիոն ուժերն այսօր հավատից են խոսում, նրանք 5 տարի շարունակ ոչ մի բան չեն արել հավատալու համար, բայց կարգախոս են վերցրել «Հավատանք…»:
-Նշեցիք, որ անցած ընտրությունները կեղծիքներով են անցել, հավատո՞ւմ եք, որ այս խորհրդարանական ընտրություններն առանց կեղծիքների են լինելու:
-Ժողովուրդը տեսել է, որ ընտրությունները միշտ կեղծվել են, բայց մենք պետք է գանք հասնենք նրան, որ ընտրությունները կեղծելու էդ մանր-մունր խախտումները ոչ մի ազդեցություն չթողնեն իրական ընտրված թեկնածուի վրա:
-Թիվ 3 ընտրատարածքում կոալիցիոն երեք կուսակցություններն էլ թեկնածուներ ունեն, ըստ Ձեզ` ի՞նչ շանսեր ու ռեսուրսներ ունեք Դուք:
-Դե ռեսուրսները մարդկային ռեսուրսներն են, բոլորը գիտեն, որ դա պայմանավորված է ժողովրդի հետ զրույցի, քարոզի միջոցով: Մենք պետք է կարողանանք ժողովրդի «հավատն» իրական հավատի վերածել: Այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր քվեն կարեւորի նրանով, որ ինքը, մասնակցելով ընտրություններին, ցանկացած թեկնածուի ձայն տալով,  կփորձի իր կամքը թելադրել, որ այսօրվա իշխանությունները չփորձեն այդ քվեն գողանալ: Առանց այդ էլ քաղաքացիները տարիներով բացակայում են Հայաստանից ու այսօրվա իշխանություններն իրենց փոխարեն են քվեարկում, դա պետք է թույլ չտանք: Մի փոքր կոչով կուզենայի ժողովրդին դիմել, ասել, որ ժողովրդի  մասնակցությունն ու հետեւողականությունը շատ կարեւոր է: Տարիների ընթացքում գործ չեն անում, իսկ ընտրությունների ժամանակ հիշում են ժողովրդին: Նման բաները չպետք է թույլ տանք, որ նման ձեւով ժողովրդի աչքին թոզ փչեն, իբրեւ թե գործ են անում:
-Մարտի 30-ին ՀԱԿ-ի հերթական հանրահավաքն է, ի՞նչ եք կարծում, հանրահավաքը մարդաշա՞տ կլինի, արդյո՞ք ժողովուրդը չի հիասթափվել Կոնգրեսից:
-Չեմ կարծում, որ ժողովուրդը հիասթափված է ՀԱԿ-ից, մարդիկ դժգոհում են այսօրվա տիրող իրավիճակից: Այն ելքերը,  որոնք մենք առաջարկում ենք,  ժողովրդի համար մի փոքր անտեսանելի են: Վաղվա մեր բարեկեցիկ ապագայի ճանապարհները, որոնք մենք պետք է ցույց տանք, ուղղակի պետք է ճիշտ բացատրել, որ ժողովրդին ավելի հասանելի լինի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս