ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԸ ԿՈՐԾԱՆՈՒՄ Է ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ

Այն, որ շրջանառության հարկը փոքր բիզնեսի համար կործանարար է, ակնհայտ փաստ է: Սակայն կառավարությունը ջանք չի խնայում ցույց տալու, որ այն այդքան էլ վնասակար չէ, հատկապես որ վերջերս կառավարությունում տեղի ունեցավ ՓՄՁ-ների զարգացման խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Այնուամենայնիվ, նկատենք, որ այդ օրենքի հետեւանքով ոչ միայն որոշ ԶԼՄ-ներ, այլեւ մանր ու միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ հայտնվել են բարդ իրավիճակում:

ՓՄՁ-ների զարգացման խորհրդի հերթական նիստում վարչապետը նշել է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկի իմաստը փաստաթղթային ուսումնասիրությունների խստացմամբ շրջանառության հարկի 3,5 տոկոսը մինչեւ 1 տոկոս նվազեցնելն է` ապահովելով նաեւ բոլոր գործարքների փաստաթղթավորումը:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե հարկային այս փոփոխությունները նպատակ ունեն գործարար միջավայրը բարելավել հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար: Ինչի համար էլ ներդրվել է շրջանառության հարկը, որին կարող են անցնել մինչեւ 58,3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող այն տնտեսվարողները, որոնք գործում են պարզեցված շահութահարկի դաշտում: Նոր հարկատեսակին անցնելու դեպքում տնտեսվարողները պարտավորված չեն լինի հաշվել իրենց եկամուտների եւ ծախսերի տարբերությունը, այլ միանգամից շրջանառությունից կվճարեն որոշակի տոկոս: Առեւտրային գործունեություն իրականացնողների համար դա կազմում է 3,5 տոկոս, իսկ արտադրության եւ ծառայություններ մատուցողների համար` 5 տոկոս:
Որպես դրական փոփոխություն՝ շրջանառության հարկի շնորհիվ տնտեսվարողներն ավելի քիչ հաշվետվություններ կներկայացնեն (դրանք կպակասեն 12-ով): Սակայն զուգահեռ խստացվեցին առանց փաստաթղթերի ապրանքների առաքման համար նախատեսված տուգանքները: Դրոշմապիտակներ կիրառելու պահանջ դրվեց գարեջրի, մրգահյութերի, ջրերի եւ հանքային ջրերի նկատմամբ: Փոփոխություններ արվեցին նաեւ ակցիզային հարկում, ըստ որի՝ մասնավորապես քսայուղերը հարկվեցին ակցիզով:
Հակառակ կառավարության պնդումների՝ բազմաթիվ մասնագետներ ահազանգում են, որ այս օրենքը փոքր եւ միջին բիզնեսի համար կործանարար է: Շրջանառության հարկի առքուվաճառքի կամ արտադրության համար հաշվարկվող 3.5%-ը բավականին բարձր դրույքաչափ է: Մասնագետների պնդմամբ՝ նախագիծը մշակելու ընթացքում խորը վերլուծություններ չեն արվել, եւ հնարավոր է՝ հետեւանքներն ամբողջովին չեն հաշվարկվել:
Ի դեպ, 2012թ. դեկտեմբերին ընդունված «Շրջանառության հարկի մասին» օրենքը վատ ազդեցություն է ունենում նաեւ փոքր տպաքանակ ունեցող մի շարք թերթերի վրա, որոնց հարկերը կտրուկ ավելացել են: Պարբերականներն այժմ ստիպված են եռամսյակը մեկ հարկ վճարել՝ 3.5 տոկոս թերթի իրացումից եւ 5 տոկոս՝ գովազդային շահույթներից: Մինչդեռ նախկինում իրացումից 1-2 տոկոս հարկ էին վճարում: Այս մասին ահազանգեցին նաեւ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը եւ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը:
Երբ թերթի խմբագիրներն այս թեմայի շուրջ աղմուկ բարձրացրին, ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Վարդան Արամյանը հրապարակավ խոստացավ, որ ֆինանսների նախարարությունը կրկին կուսումնասիրի օրենքը, որպեսզի հասկանա, թե որտեղ է եղել օրենքի թերացումը: Անցել են ամիսներ, սակայն մինչեւ հիմա «սայլը տեղից չի շարժվել»: Ֆիննախ. աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության եւ վարչության մեթոդաբանության պետ Արման Պողոսյանի խոսքով՝ շրջանառության հարկի համակարգի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ այս պահին որեւէ որոշում չկա, ավելին, դրա անհրաժեշտությունը նա հիմա չի տեսնում:
Նկատենք, որ այս կործանարար օրենքի ընդունումից հետո, բացի եկամտահարկից, փոքր եւ միջին ձեռնարկատերերը նաեւ շրջանառության հարկ են վճարում, ինչը նշանակում է, որ մանր բիզնեսի հարկերը կառավարությունը գրեթե եռակի անգամ բարձրացրել է: Այսինքն՝ տնտեսվարողը կարող է ունենալ մեծ շրջանառություն, բայց ոչ եկամուտ: Մինչդեռ գործադիրի ներկայացուցիչներն օրենքի ընդունումից առաջ լայն ժպիտներով վստահեցնում էին, որ այն բարելավելու է գործարար միջավայրը, թեթեւացնելու է փոքր եւ միջին ձեռնարկատերերի գործը: Սակայն, ինչպես միշտ, եղավ հակառակը. բազմաթիվ մանր կրպակներ ու խանութներ «չդիմացան գործարար միջավայրի այդչափ բարելավմանը» եւ փակվեցին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
11 ՏԱՐԻ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐՎԵԼ

Վանաձորում վթարայնության 3-րդ կարգ ունի 84 շենք, դրանցից 20-ը վերին սահմանում են, այսինքն՝ ծայրահեղ վտանգավոր բնակության համար: Դեմիրճյան 28 հասցեի բազմաբնակարան շենքը պատկանում է դրանց թվին: Այն ունի 32 բնակարան, որից 3-ը համայնքային են, մի մասը պաշտպանության նախարարությանն է պատկանում, մի մասն էլ սեփական է: Վանաձորի վթարային շենքների վիճակն օր օրի վատանում է, սակայն կառավարությունն այդպես էլ ոչինչ չի անում խնդրի լուծման ուղղությամբ: Վանաձորի քաղաքապետարանն ամեն տարի դիմում է վերին ատյաններին, սակայն ոչինչ չի փոխվում: Ինչպես փաստում է Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը` 2003 թվականից ի վեր Վանաձորում շենքերի ամրացման աշխատանքներ չեն կատարվել:
Խարխուլ շենք, քանդված, համարյա գոյություն չունեցող տանիք, առանց դուռ ու լուսամուտ շքամուտք. այս պայմաններում են գոյատեւում Դեմիրճյան 28 բազմաբնակարանի բնակիչները, որոնք շտապում են այս խնդիրներին գումարել նաեւ ամիսներով ջրից զրկված լինելու փաստն ու սառած կոյուղագծերի պատճառած անհարմարությունները: Այս տեսարանը վանաձորցիներից շատերին է ծանոթ: Հարցի կարգավորման համար բնակիչները շատ անգամ են դիմել համապատասխան ատյաններին ու հուսալքվել: Ստիպված իրենց ուժերով, բնակիչներից գումարներ հավաքելով՝ փորձել են որոշ չափով լուծել կոյուղու կամ ջրի խնդիրը: Շենքը վթարային է, իսկ համատիրությունը սպասարկման աշխատանքներ չի կատարում, քանի որ վարձավճար չի գանձում: Գրիշա Պառավյանը վստահեցնում է, որ ամրացման աշխատանքներից հետո շենքը բնակության համար պիտանի կլինի: Վանաձորի քաղաքապետարանն առաջարկել է չբնակվել շենքում մինչեւ հիմնանորոգման աշխատանքները: Թվով 3 համայնքային բնակարանների համար քաղաքապետարանի կողմից ֆինանսական աջակցություն է ցույց տրվել, որպեսզի բնակարաններ վարձեն, իսկ մյուս ընտանիքներին առաջարկվել է այլ տեղ բնակվել մինչ ամրացման աշխատանքները: Բայց բնակիչներն ասում են, որ գնալու տեղ չունեն:
«Նրանք, ովքեր բնակարաններում ժամանակավոր բնակություն են հաստատել, դատարանի որոշմամբ զգուշացվել են, ինչ վերաբերվում է այն քաղաքացիներին, որոնք տեղափոխվել են այլ բնակարաններ Վանաձորի քաղաքապետարանի կողմից վարձակալության գումարը մուծելու պայմանով, ապա պետք է իմանան, որ Վանաձորի քաղաքապետարանը չի կարող անընդհատ վճարել այդ գումարները: Կառավարության 317 որոշման հիմնադրույթների համաձայն՝ այդ ժամանակահատվածը 2 տարի է»,-պարզաբանեց Գ. Պառավյանը` հավելելով, որ շենքի ամրացման աշխատանքներից հետո սեփականության ձեւը չի փոխվի: «Վանաձորի քաղաքապետը եւ ավագանին բազմիցս դիմել են ՀՀ ղեկավար ատյաններ, որ բազմաբնակարանային վթարային շենքերի ամրացման աշխատանքները սկսվեն: 2014թ. նույնպես քաղաքապետը գրավոր դիմել եւ տեղեկացրել է, որ խնդիրը ժամանակի հետ ավելի հրատապ է դառնում»,-նշեց քաղաքապետարանի պաշտոնյան:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

 

 

 
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՍՈՉԻ՝ ՉՈՐՍ ՀՈԳՈՎ

Սոչիի օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

 

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում երեկ տեղի ունեցավ վերջին՝ իններորդ տուրը։ Հիշեցնենք, որ 8 տուրից հետո տղամարդկանց առաջնությունում 6 միավորով միանձնյա առաջատարը Տիգրան Քոթանջյանն էր, երկրորդ հորիզոնականում 5.5 միավորով Ռոբերտ Հովհաննիսյանն էր, իսկ Արման Փաշիկյանը եւ Ավետիք Գրիգորյանը վաստակել էին 5-ական միավոր: Վերջին տուրում Տ. Քոթանջյանը, ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Զավեն Անդրիասյանի հետ, հռչակվեց չեմպիոն։
Կանանց առաջնությունում առաջատարը Շուշաննա Սարգսյանն էր, որը վաստակել էր 6.5 միավոր, 6-ական միավորով 2-3-րդ հորիզոնականները կիսում էին Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը, 5.5 միավորով չորրորդ հորիզոնական էր նահանջել մինչ այդ առաջատար Նարինե Գասպարյանը, նույնքան միավոր էր վաստակել նաեւ Արմինե Բաբայանը։ Իսկ ահա Հայաստանի գործող չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը հրաժեշտ տվեց տիտղոսին, քանի որ վաստակել էր ընդամենը 4.5 միավոր։ 7 միավորով չեմպիոն դարձավ Շուշաննա Սարգսյանը:
ՁԱԽՈՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անցյալ տարեվերջին առաջին անգամ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպեց լավագույն 10 մարզիկներին, մարզիչներին մեծարելու հանդիսություն։ Այն տեղի ունեցավ «Ֆլորենցիա» ռեստորանում։ Եվ ահա դրանից օրեր անց մեզ հայտնի դարձան որոշ մանրամասներ այդ միջոցառման մասին։ Մասնավորապես, մեր լավատեղյակ աղբյուրները նշեցին, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը միջոցառմանը մասնակցելու հրավերն ստացել է ընդամենը այն սկսվելուց երկու ժամ առաջ եւ, բնական է, չի գնացել։
Իսկ երեկոյին ներկա մի խումբ մարդիկ, ըստ մեր աղբյուրների, հիասթափվել ու հուսախաբվել են սպորտի նախարար Յուրի Վարդանյանից, քանի որ մարզաշխարհի մի քանի երախտավորների նա նախապես խոստացել է պարգեւատրել նախարարության, նախագահի մրցանակներով, սակայն խոստումը չի կատարել, եւ այդ մարդիկ վիրավորված հեռացել են։ Ասում են նաեւ, որ միջոցառմանը ներկա չի եղել փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ում հարաբերությունները նախարարի հետ, ըստ խոսակցությունների, լարված են։ Եթե այս ամենին էլ հավելենք այն, որ միջոցառումն սկսվել է գրեթե մեկուկես ժամ ուշացումով (սպասել են ՀՀ վարչապետին), ապա պատկերը կամբողջանա։

 

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս