ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ-Ը ԿԼՈՒԾԱՐՎԻ՞
Պարույր Հայրիկյանը հայտնել է, որ հնարավոր է` ԱԻՄ-ը լուծարվի: «Շաբաթ օրը քննարկվելու է նաեւ այդ հարցը: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծվի բազմակուսակցական համակարգ, եւ այս ընտրություններին չենք մասնակցելու: Հնարավոր է` մենք զմռսենք մեր դղյակի դուռը, այսինքն` կուսակցությունը ոչ միայն լուծարվի, այլեւ դառնա անցյալի սեփականություն»,-ասել է ԱԻմ առաջնորդը:

ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ` ՇՏԱԲԻ ՊԵՏ
«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքի նախընտրական շտաբի պետ է նշանակվել Խաչատուր Քոքոբելյանը, տեղակալներ` Գեւորգ Կալենչյանը եւ Հովհաննես Ղազարյանը: Քաղաքական խորհրդականներն են Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուբեն Հակոբյանը, նախընտրական ծրագրի պատասխանատուն` Ստեփան Սաֆարյանը, մամուլի խոսնակը` Հովսեփ Խուրշուդյանը: ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Արմեն Թորոսյանը: Գլխավոր շտաբը տեղակայվելու է Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի հատման վայրում` Մոսկովյան 31, տարածք 172 հասցեում:

ՄՏԱԾՎԱ՞Ծ Է
ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով այն փաստին, որ քաղաքական գրեթե բոլոր ուժերի կարգախոսներում կա «հավատ» բառը, համոզմունք է հայտնել, որ դա նշանակում է հավատի կորուստ, ապատիա եւ շատ ցցուն  կերպով ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացու մոտ  հավատի կորուստ կա: «ՀՅԴ կարգախոսը` «Ազատություն, արդարություն, դաշնակցություն», հենց այնպես չէ ընտրված, այլ մտածված է»,-կարծում է Գալստյանը, ով, սակայն, այդ կարգախոսով ԱԺ չի մտնի, քանի որ ընդգրկված չէ կուսակցության ցուցակում:

ՄԵՆՔ ԷԼ ԳԻՏԵՆՔ
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների որակը կարեւոր է հայ ժողովրդի եւ Հայաստանի ապագայի համար. «Ընտրությունները կարեւոր են նաեւ ԱՄՆ եւ արեւմտյան երկրների հետ Հայաստանի երկկողմանի հարաբերությունների համատեքստում: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք հետեւել հայաստանյան ընտրությունների ընթացքին»,-ասել է դեսպանը` ընդգծելով, որ ընտրությունների դիտարկումը թույլ կտա համոզվել, որ նախընտրական գործընթացներում օգնությունը ցուցաբերվել է ճիշտ ուղղությամբ:

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Մարտի 28-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Եվրամիության պատվիրակության դեսպանատանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպման նպատակն է եղել ԱԺ ընտրություններին ընդառաջ` Հայ ազգային կոնգրեսի մոտեցումների, ներկա իրավիճակի գնահատականի եւ առաջիկա անելիքների մասին տեղեկատվություն ստանալը: Դեսպանների խնդրանքով Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման կապակցությամբ իր նկատառումները: Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել այն պարադոքսի վրա, որ չնայած Հայաստանի բնակչության նվազմանը, ընտրողների թիվը ցուցակում ավելանում է: Երեկ Տեր-Պետրոսյանը հանդիպել է նաեւ Շվեդիայի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Բյորն Լիրվալի գլխավորած պատվիրակությանը եւ նրանց խնդրանքով անդրադարձել է նաեւ Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, արտաքին քաղաքական մարտահրավերներին, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:

ԱՐԴԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ
Շենգավիթ համայնքի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը  Panorama.am-ին ահազանգել է, որ Մանանդյան փողոցում ոմն Արսեն, որի մականունն է Այվազ, հանդես գալով ՀՀԿ-ի անունից, 8 հազար դրամ է բաժանում քաղաքացիներին` կուսակցությանը ձայն տալու համար: Նույն փողոցի ԲՀԿ գրասենյակում էլ Վոլոդյա անունով մեկը ԲՀԿ-ի օգտին քվեարկելու համար 13 հազար դրամ է բաժանում: Անահիտ Բախշյանի ձեռքն է ընկել նաեւ ՀՀԿ-ի մշակած այն հատուկ ցուցակի ձեւը, որտեղ ապագա ընտրողից պահանջվում է լրացնել անձնագրի տվյալներ, հեռախոսահամար եւ այլն: Այդ թերթիկը, ըստ տիկին Բախշյանի, բաժանել են Շենգավիթի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին:




Լրահոս