Թուրքը մնում է թուրք. հայկական կողմը պատրաստ է համարժեք պատասխանի. Ս. Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով վերջին շրջանում սահմանին տիրող լարված իրավիճակին՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հանձնարարեց ներկայացնել իրավիճակը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ ընդհանուր առմամբ 2014 թ. լարված ժամանակաշրջան էր: Նա նշեց, որ 2014թ. արդեն հրադադարի խախտման շուրջ 18.000 դեպք է եղել, անցյալ ամբողջ տարվա 13.000-ի փոխարեն: Նա նշեց նաև, որ այս ընթացքում եղել է 26 դիվերսիոն փորձ, որի միայն 65 տոկոսը՝ վերջին ժամանակահատվածում:

«Օգոստոսի 1-ից սկսած հրադադարի խախտման ինտենսիվությունը չի նվազել: Կրակահերթի տակ են նաև սահմանամերձ հայկական գյուղերը: Իրենց ինտենսիվությամբ և ծավալներով դա չենք կարող համարել զուտ դիվերսիոն գործողություններ»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ ամենը կրում է մարտական գործողությունների բնույթ:

«Ցավոք սրտի մենք ունեցել ենք կորուստներ, ովքեր հետմահու արժանացել են պետական պարգևների», – հավելեց նա՝ ընդգծելով, որ հենց նշված զինծառայողների և հրամանատարական կազմի գործունեության արդյունքում են հասնում հաջողության:

Պաշտպանության նախարարը նշեց նաև, որ այս ամենից զատ հակառակորդի կողմից իրականացվում են նաև այլ գործողություններ: Նա նշեց, թե Ադրբեջանում հավաք է հայտարարվել, արձանագրվել են զինտեխնիկայի տեղաշարժ, ուղղաթիռների ակտիվություն:

«Թուրքը մնում է թուրք, և մենք նրանց հետ գործելու ենք այն կանոններով, որոնք անհրաժեշտ են: Հետագա նման լարվածության դեպքում հայկական զինուժը համարժեք պատասխան է տալու: Ես կարծում եմ մինչև օգոստոսի 9-ը նրանք չեն հանգստանալու և մենք պատրաստ ենք համարժեք պատասխան տալու», – եզրափակեց նա:

Հովիկ Աբրահամյանը ցավակցեց բոլոր զոհվածների ընտանիքներին, և ամբողջ կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգեց նրանց հիշատակը:




Լրահոս