ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՑԱԽԻ ԱՆՈՒՆԻՑ՝ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ

Սերժ Սարգսյանը տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ կարեւոր հայտարարություն է արել ԼՂ խնդրի մասին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Սերժ Սարգսյանը վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Մինսկի խումբն առաջարկել է սկզբունքներ, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող են հակամարտության լուծման առանցք դառնալ»: ԵՄ պաշտոնյային նա ասել է նաեւ, որ Ադրբեջանը հակառակ իր պնդումներին, չի ընդունում այդ սկզբունքները: Ս.Սարգսյանը նաեւ ընդգծել է, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է տան Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը:
Հիշեցնենք, որ բանակցային սեղանին դրված են հայտնի Մադրիդյան սկզբունքները, որոնք առաջին հերթին սկզբունքորեն մերժում է ԼՂՀ-ն, եւ վերջին շրջանում ԼՂՀ պաշտոնյաները պարբերաբար հայտարարել են այդ մասին: Եվս մեկ փաստ. հակառակ Ս.Սարգսյանի պնդումներին, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է տա նաեւ ԼՂՀ-ն, վերջինս 1998թ. ի վեր ներկայացված չէ բանակցային գործընթացում: Էլ ինչպե՞ս պետք է լուծում տա խնդրին:

 

Ապրիլին ԱԺ-ն փոփոխություններ կատարեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում` հանելով, այսպես կոչված, «Շքեղության հարկ»-ը, որը տարածվում էր թանկարժեք մեքենաների ներկրման վրա: Օրենսդրական փոփոխության հիմնական նպատակն այդպես թանկարժեք մեքենաների ներկրումը խթանելն ու պետական բյուջե եկամուտների ավելացմանն օգնելն էր: Սակայն, ինչպես տեղեկանում ենք մաքսային վիճակագրությունից, օրենքի փոփոխությունները կարծես թե իրենց նպատակին չեն ծառայել. այս տարի ներկրվել է 30 հազար դոլարից ավելի արժեք ունեցող 660 մեքենա, մինչդեռ 2013թ. նույն ժամանակահատվածում, երբ գործում էր շքեղության հարկը, ներկրվել էր 759 մեքենա: Մի փոքր աճել է 15-30 հազար դոլար արժողության մեքենաների ներկրման ծավալը. 2013-ի առաջին կիսամյակում ՀՀ էր բերվել 1272, այս տարի` 1442 մեքենա: Հիշեցնենք, որ ԱԺ-ում օրենքում փոփոխությունների այդ նախագծի քվեարկությանը մասնակցել էր միայն ՀՀԿ-ն, իսկ մյուս 5 խմբակցությունները բոյկոտել էին:

 
Կոտայքի մարզի Քասախ համայնքում գյուղական մակարդակով քաղաքական սկանդալ է հասունանում: Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից մինչ օրս համայնքի ավագանու նիստերը չեն կայանում: Ավագանու ԲՀԿ-ական անդամները բոյկոտում են նիստերը: Արդյունքում ՏԻՄ մասին օրենքի համաձայն, համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվել են եւ այնտեղ նոր ընտրություններ են նշանակվել: «Ավագանու անդամներից հինգը ԲՀԿ-ական է եղել, իսկ մյուս հինգը՝ ՀՀԿ-ական: Մեկ տարի է, ինչ պարալիզացված է մեր համայնքի աշխատանքը: Շատ անգամ գնացել խնդրել, պաղատել եմ, թե՝ եկեք աշխատեք, ինչ որ առաջարկում ենք դրեք քննարկեք եւ այլն: Չեկան ու վերջ: Իրենց նպատակն էր մեկ տարի ձգել ու հետո անվստահություն հայտնել ինձ, բայց մուրազները մնաց իրենց փորում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համայնքում առկա իրավիճակն այսպես նկարագրեց Քասախի գյուղապետ, ՀՀԿ-ական Արա Մկրտչյանը: Նշենք, որ կառավարության առաջիկա նիստում պետք է հաստատվի ավագանու ընտրություններ կազմակերպելու համար 431 հազար դրամ տրամադրելու մասին որոշումը:

 
Արմավիրի մարզի Գայ համայնքում արտառոց դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչներն անելանելի վիճակում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ շատ բնակիչներ «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վարկ են վերցրել եւ ամեն ամիս մարել այն՝ գյուղապետարանի աշխատակից Տաթեւիկին փոխանցելով։ Եվ ահա հուլիսի 29-ին Տաթեւիկը հերթական անգամ հավաքել է վարկի մարման գումարները՝ շուրջ 3,5 միլիոն դրամի չափով, նստել գյուղի տաքսիներից մեկը եւ Արմավիրի մարզի Չոբանքյարա կոչվող ճանապարհահատվածում վթարի ենթարկվել: Վարորդն ու Տաթեւիկը հիմա հիվանդանոցում են, իսկ գումարը անհետացել է: ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ վթարի առթիվ ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Իսկ անհետացած գումարի հարցը, փաստորեն, դեռ մնում է օդում կախված:

 
«ՉՈՒԺՈՅ ՊԱԽՄԵԼ»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր` ոլորտային պատժամիջոցների սահմանման մասին: Նա առանձնացրել է երեք հիմնական ոլորտները. «Էներգետիկա, զենք եւ ֆինանսներ: Մենք արգելափակում ենք որոշակի արտադրանքի արտահանումը, ընդարձակում ենք պատժամիջոցների ցանկում ընդգրկված բանկերի եւ ռազմաարդյունաբերական ընկերությունների թիվը, պաշտոնապես սառեցնում ենք դեպի Ռուսաստան արտահանումը խրախուսող վարկերն ու արգելափակում ռուսական տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը: Այս ամենի հետեւանքով մոտ հարյուր միլիարդ դոլար դուրս կգա երկրից, ինչից Ռուսաստանի՝ առանց այդ էլ թույլ տնտեսությունն է՛լ ավելի կթուլանա»,-հայտարարել է Օբաման` սպառնալով. «Ռուսաստանը կզգա պատժամիջոցների ցավը»:
Ի պատասխան` Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ԱՄՆ պատժամիջոցները գնահատել է հակաօրինական եւ անիհիմն: Արդեն իսկ հայտնի է, որ ի թիվս ԵՄ առաջատար երկրների, Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցներին միանալու պատրաստակամություն է հայտնել նաեւ Նորվեգիան, որը, չլինելով ԵՄ անդամ եւ ունենալով ՌԴ հետ բավականին սերտ ռազմական եւ տնտեսական համագործակցություն, արդեն իսկ հայտարարել է այդ բոլոր ծրագրերը դադարեցնելու մասին:
Այսպիսով` ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը գնում է միջազգային մեկուսացման` այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Դրանք խիստ բացասական են լինելու առաջին հերթին Հայաստանի համար, որի տնտեսության գերակշիռ մասը գտնվում է ռուսների տնօրինության տակ: ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները լրջորեն հարվածելու են Հայաստանի տնտեսությանը միանգամից մի քանի ուղղություններով: Նախ` շեշտակիորեն կկրճատվեն ՌԴ-ից Հայաստան ուղղվող դրամական փոխանցումները, բացի այդ` ՌԴ-ում սոցիալական վիճակի լարման հետեւանքով (ինչն անխուսափելի է դառնալու կիրառվելիք պատժամիջոցների արդյունքում) ՌԴ-ում ապրող ավելի քան երկու միլիոն հայերի զգալի մասը կարող է զրկվել աշխատանքից, եւ նրանց` Հայաստան վերադարձը կարող է հանգեցնել սոցիալական պայթյունի: Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում կատարվելիք փոփոխություններին, ապա արդեն հայտնի է, որ պատժամիջոցները կիրառվելու են նաեւ «Գազպրոմբանկ»-ի, «Ռոսնեֆտ»-ի եւ «ՎՏԲ բանկ»-ի նկատմամբ, որոնք լայնածավալ գործունեություն են իրականացնում Հայաստանում:
Այս ամենը լրջագույն տնտեսական մարտահրավերներ են, որոնց դիմագրավելու` ՀՀ իշխանությունների ռեսուրսները զրոյական են: Ստացվում է, որ ինքնամոռաց կերպով ռուսների գիրկը նետված Հայաստանը` դեռ չտեսած Մաքսային միության տնտեսական օգուտները, ստիպված է լինելու քաղել պատժամիջոցների դառը պտուղները, ինչպես ռուսներն են ասում` «չուժոյ պախմել»:

 




Լրահոս