ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՎՏՈՎԹԱՐԸ, ՏՈՒԺԱԾ ԳԱՆՁԱՊԱՀԸ ԵՎ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՄԻԼԻՈՆԸ

Արմավիրի մարզի Գայ համայնքում արտառոց դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում: Բանն այն է, որ հուլիսի 29-ին Արմավիրի մարզի Չոբանքյարայի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, վթարից հետո մեքենայից անհետացել է գյուղի բնակիչների վարկը` շուրջ 3 միլիոն 200 հազար դրամ եւ 520 դոլար:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 29-ին գյուղի մի խումբ բնակիչներ իրենց վարկերի հավաքագրման պատասխանատու Տաթեւիկին են տրամադրել «Կամուրջ» Ունիվերսալ Վարկային կազմակերպությունից վերցված վարկի մարման գումարը, որպեսզի վերջինս այն վճարի կազմակերպությանը: Տաթեւիկն էլ, որ այդ աշխատանքն իրականացնում է արդեն 4 տարի, նշված օրը իրենց գյուղից մի տաքսի է նստել եւ ուղեւորվել Երեւան` վճարումներ կատարելու: Սակայն գյուղից մոտ 7կմ հեռավորության վրա` Չոբանքյարայի ճանապարհին, ավտովթարի է ենթարկվել: Գյուղի բնակիչները տեղեկանալով կատարվածի մասին, շտապել են դեպքի վայր: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, իսկ ահա մի փոքր ուշ մարդիկ հասկացել են, որ Տաթեւիկի մոտ հավաքված մոտ 3 միլիոն 200 դրամը, ինչպես նաեւ 520 դոլարն անհետացել է: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ բնակիչների մեծ մասը տոկոսով գումար է վերցրել, որպեսզի կարողանան կազմակերպության վարկը մարեն, սակայն արդյունքում կանգնել են լուրջ խնդրի առաջ: Գյուղում շրջանառվող լուրերի համաձայն, դեպքի վայրում մի հովիվ հավաքվածներին ասել է, թե ինքը տեսել է՝ ինչպես է ինչ-որ մեկը մեքենայից վերցրել մի տոպրակ ու գնացել:
Ավելին՝ երեկ մի խումբ բնակիչներ արցունքակալած աչքերով բողոքի ակցիա են կազմակերպել գյուղապետարանի շենքի մոտ՝ խնդրելով գյուղապետից աջակցել իրենց:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանի հետ, ով ասաց, թե իսկապես Տաթեւիկն աշխատում է գյուղապետարանում որպես օպերատոր, սակայն այդ վարկի գումարի հետ համայնքապետարանը որեւէ առնչություն չունի. «Դեպքը տեղի է ունեցել, գումարը կորել է: Որքան գիտեմ՝ մոտ 3 միլիոն 200 հազար դրամ եւ 520 դոլար է եղել: Ոստիկանությանը կատարվածի մասին տեղյակ ենք պահել: Տաթեւիկը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում է, ոսկորները փշրվել էր, բավականին երկար վիրահատել են: Տեսնենք՝ ինչ կլինի: Տուժած բնակիչները գալիս են ինձ մոտ, իսկ ես էլ ոչինչ չեմ խոստանում, բայց ինձնից ինչ կախված է կանեմ»:
Գյուղապետը նաեւ կարծիք հայտնեց, որ նման դեպքերում ճիշտ չէ` այդքան գումարով, այն էլ միայնակ, ճանապարհ ընկնել. «Օրինակ, երբ մենք գյուղապետարանից պետք է մուծում անենք, անպայման մեր գանձապահի հետ նաեւ հաշվապահին եմ տանում»:
Փնտրեցինք եւ գտանք նաեւ «Կամուրջ» Ունիվերսալ Վարկային կազմակերպության վարկառուներից Արմանին (նրա մոր անունով է ձեւակերպված վարկը): Արմանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տաթեւիկը մինչ այդ նորմալ կատարել է իրենց վարկի վճարումները եւ որեւէ խնդիր չի եղել. «Վթարի ժամանակ հազար մարդ է հավաքվել, չգիտենք, թե հիմա ինչպես է անհետացել այդ գումարը: Տաքսու վարորդն էլ է մեր գյուղից, նա էլ է կոտրվածքներ ստացել, ինֆարկտ տարած տղա է: Վարկային կազմակերպության գործակալներից եկել էին հիվանդանոց՝ Տաթեւին տեսակցության, ու երբ նրան տարել են վիրահատարան, գործակալներից մեկն ասել է, թե՝ Տաթեւ ջան, ոչ մի բանի մասին մի մտածի, ամեն ինչ նորմալ է: Այդքան բան, չգիտենք, թե ինչ կլինի մեր գումարների ճակատագիրը, պարզ չէ»:
Ի՞նչ է սպասվում տուժած բնակիչներին. արդյո՞ք բանկը կընդառաջի եւ ժամանակ կտա բնակիչներին, մինչ նրանք կկարողանան անհետացած գումարը հայտնաբերել, թե՞ ընդհանրապես կհամարի այն մարված գումար: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան «Կամուրջ» Ունիվերսալ Վարկային կազմակերպությունից պատասխանեցին. «Մեզ ժամանակ է հարկավոր այս դեպքին արձագանքելու եւ որոշում կայացնելու համար, քանի որ խոսքը վարկառու խմբի մասին է»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ վթարի առթիվ ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Իսկ անհետացած գումարի հարցը դեռ մնում է օդում կախված:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈ՞ՒՄ

Երեկ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատակիցներին դուրս է հրավիրել շենքից` կապարակնքելով շենքի դռները: Իսկ մինչ այդ շենքի տարածքում ռազմական ոստիկանության աշխատակիցներն են դիտակետ տեղադրել: Ի՞նչ է նշանակում այս ամենը:

Նախ հիշեցնենք, որ պետական վարկի մարումը ուշացնելու համար ՀՀ կառավարությունը որոշել էր համալիրն աճուրդի հանել: ԴԱՀԿ-ն էլ արդեն հինգերորդ անգամ աճուրդի է հանում համալիրի շենքը, սակայն գնորդներն այդպես էլ չեն հայտնվում: Իսկ համալիրը սեփականաշնորհած ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանը շարունակում է բողոքել, որ աճուրդն անօրինական է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում համալիրի մամլո պատասխանատու Կորյուն Գրիգորյանը հայտնեց, որ համալիրի տնօրեն Բորիս Մուրադյանը ԴԱՀԿ աշխատակիցների ժամանման պահին շենքում չի եղել. «Նա մարզում էր գտնվում եւ ԴԱՀԿ աշխատակիցներն առանց զգուշացնելու, մոտ 40 հոգով, ներս են մտել ու պլոմբել շենքը»: Կորյուն Գրիգորյանի խոսքերով՝ աճուրդային փուլը դեռ չի կարողացել համալիրի գինն այնքան իջեցնել, որ հավասարվի պետությանն ունեցած պարտքի չափին ու պարտքի դիմաց այն կառավարությունը հետ վերցնի: «Դրա համար էլ մենք դեռ տիրապետում ենք շենքի նկատմամբ բոլոր իրավունքներին: Եթե ԴԱՀԿ-ն այս քայլն աներ 14 օր հետո, ինչ-որ տեղ տրամաբանական կլիներ, բայց շտապել են: Այն, ինչ կատարվում է, օրենքի կոպիտ խախտում է: Ամբողջ ԴԱՀԿ-ը տեղափոխվել էր համալիր»:
Իսկ ի՞նչ քայլեր է պատրաստվում անել համալիրի տնօրինությունը. «Ժողովուրդ»-ի այս հարցին Կորյուն Գրիգորյանը պատասխանեց. «Հայկական դատական համակարգին հավատալն ուղղակի անհնար է, համակարգը կոռումպացված է: Մենք պետք է այս փուլային քայլերն անենք ու մտնենք Եվրադատարան: Մեր վարչության պետն ասել էր, որ որեւէ մեկին թույլ չի տա խլել իր բիզնեսը, բայց այն, ինչ կատարվում է, ուղղակի խլել է նշանակում, սա պետական ռեկետ է»:
Ավելին՝ մամլո պատասխանատուն պատմեց, որ օրեր առաջ ռազմական ոստիկանության մի քանի աշխատակից գնացել են համալիր եւ դիտակետ տեղադրել. «Քարվաճառի սահմանը, որ դիվերսանտներն էին մտել, ռազմական ոստիկանները թողել եկել, համալիրում էին դիտակետ տեղադրում: Ինչի՞ համար: Ու երբ մոտեցել են ռազմականի աշխատակիցներին, մեքենայի բագաժնիկը բացել ու ասել են, թե մեքենա ենք սարքում կամ լվանում: Չհասկացանք, համալիրը խադավիկի տե՞ղ է, թե՞ մեքենայի լվացման կետ, սա ի՞նչ կապիկություն է»: Այսպիսով, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը սեփականատերերից խլելու գործուն քայլերը ԴԱՀԿ-ի կողմից շարունակվում է:

Ք. Մ.

 

ԲԼԹ

«Եկեղեցաշինությունը ոչ թե դա քո ցանկանալով, այլ Աստծո կամոք է: Աստված պետք է ցանկանա, որ այդ ճանապարհը քեզ տրվի: Ես հենց այնպես ոչ մի բան չեմ կառուցել, Աստծո կամոք, Աստված կամեցել է, երազ է եկել…»:

Գագիկ Ծառուկյան «Առավոտ»

Նոր բացահայտումներ ԲՀԿ առաջնորդի մասին. եթե հավատանք Ծառուկյանի խոսքերին, ուրեմն ինքը ոչ միայն օլիգարխ է, այլ նաեւ մարգարե, երազներ է տեսնում եւ դրանց հետքերով եկեղեցիներ կառուցում: Ընդհանրապես վերջին շրջանում հայ օլիգարխների եւ պաշտոնյաների մոտ «սուրբ» դառնալու հակումներ են նկատվում, մեկը եկեղեցի է կառուցում՝ ներսում փակ արարողություններ անելով, մյուսի նկարը հայտնվում է եկեղեցու պատին՝ առաքյալների շարքում, մեկն էլ՝ երազներ է տեսնում: Միգուցե այդ նույն «պայծառատեսության» շնորհի՞վ էր, որ Ծառուկյանը որոշեց չառաջադրվել 2013-ի նախագահական ընտրություններում:

 

«Եվ կա Ադրբեջանը, որը ղեկավարում է Իլհամ Ալիեւը: Մարդ, որի շնորհիվ երկիրը հաջողությունների է հասել, ծաղկել եւ զարգանում է: Ադրբեջանում ռուսաֆոբիա չկա, ոչ ոք չի փակում ռուսական դպրոցները»:

Վլադիմիր Ժիրինովսկի

Ռուս քաղաքական գործիչը չի նշում պատճառները: Այո, Ադրբեջանում հիմա չի էլ կարող ռուսաֆոբիա լինել, որովհետեւ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, որը կարող է օգտագործվել հայերի դեմ: Այսքանից հետո ադրբեջանցիներն առնվազն հիմար պետք է լինեն, որ ռուսաֆոբ դրսեւորումներ ունենան կամ ռուսական դպրոցներ փակեն: Նաեւ նույն Ժիրինովսկին, ով այսօր Ադրբեջանի գովքն է անում, մոռացել է, թե ինչպես էր այս տարվա մարտ ամսին հրապարակավ ասում, որ իր համար ադրբեջանցի ազգություն գոյություն չունի: Այդ ինչպե՞ս եղավ, որ սկսեց գոյություն ունենալ եւ նույնիսկ իրեն սիրելի դարձավ:

 

«Երբ բոլորիս համար ակնհայտ էր, որ Հայաստանի ժողովրդի 77 տոկոսը կողմ էր եվրոպական կողմնորոշմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվեց նրանց հետ հարաբերությունների սերտացումից…»:

Պարույր Հայրիկյան Tert.am

Բայց ինչի՞ց ԱԻՄ առաջնորդը վերցրեց, որ Հայաստանի ժողովրդի 77 տոկոսը կողմ էր եվրոպական կողմնորոշմանը, այն էլ՝ իբրեւ թե դա բոլորիս համար ակնհայտ էր: Կարծես թե ոչ ոքի համար էլ դա ակնհայտ չէր, ավելին՝ շատերին Եվրոպան ոչ հետաքրքրում էր, ոչ էլ հիմա է հետաքրքրում, իսկ մեծ մասն էլ ընդհանրապես դեմ էր ու դեմ էր եվրոպական արժեհամակարգին, նաեւ՝ ռուսականին: Հայ ժողովուրդը կողմ է միայն ինքնիշխանությանը, անկախությանը: Իհարկե, այս տերմինները Հայրիկյանն էլ է սիրում հաճախ օգտագործել, պարզապես այլ՝ Արեւմուտքին հպատակ դառնալու քարոզչության նպատակով:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս