ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈՐՉՈՒՄ ԳՆՈՒՄ ԵՆ ՄԵԿ-ՄԵԿ ԲՈԼՈՐ ՄԵՐ ՋՈՒԹԱԿՆԵՐԸ

Սերժ Սարգսյանն ու նրա իշխանության օրոք պաշտոնավարած կառավարությունները կարող են մի հարցում հպարտանալ. նրանք անշեղորեն իրականացրել են ներկայացրած ծրագրերի` Սփյուռքի վերաբերյալ հատվածը: Ս.Սարգսյանի պաշտոնավարման տարիներին հայկական սփյուռքը գնալով մեծացել է աննախադեպ ծավալներով, միայն թե` դա արվել է ի հաշիվ Հայաստանի:

ՀՀ ԱՎԾ-ն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները, եւ ժողովրդագրական առումով Հայաստանում իրավիճակը պարզապես մտահոգիչ է. բարձր տեմպերով շարունակվում է արտագաղթը: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից մեկնել է 693 հազար 362, վերադարձել՝ 580 հազար 548 ՀՀ քաղաքացի: Ասել է թե՝ միայն կես տարվա ընթացքում արտագաղթել է 112 հազար 814 ՀՀ քաղաքացի: Այս ցուցանիշը 2013թ. համեմատ մի փոքր նվազել է, քանի որ նախորդ տարի արտագաղթել էր 123 հազար 303 ՀՀ քաղաքացի: Սակայն, չնայած այդ հանգամանքին, պատկերը միեւնույն է, տխուր է:
Հիշեցնենք, որ 2014թ. տարեսկզբից ՌԴ-ն խստացրել էր միգրացիոն օրենսդրությունը, եւ բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիների այս կամ այն պատճառով սահմանից հետ էին ուղարկել: Խնդիրը լուծվեց միայն հունիսին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Սոչի այցի ժամանակ, ստորագրվեց համապատասխան փաստաթուղթ` հայ միգրանտների նկատմամբ այլ վերաբերմունք ցուցաբերելու եւ օրենսդրական որոշակի արտոնություններ տալու մասին: Ասել է թե՝ անգամ ամիսներ շարունակ ՌԴ-ի կողմից երկիր մուտքի արգելքին, հեռացողների թիվն, այնուամենայնիվ, գերազանցում է 100 հազարը: Արտագաղթի տեմպերն ավելի լավ են երեւում, երբ տվյալները վերլուծում ենք ըստ սահմանային անցակետերի: Այս տարի «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ-ից մեկնած ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է 63 հազար 2 հոգի, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով` 2 հազար 935 հոգի, Բագրատաշենի անցկետով` 40 հազար 899, Բավրայով` 4 հազար 959 ՀՀ քաղաքացի: Նշենք, որ սրանք սահմանային այն հիմնական անցակետերն են, որոնցով արտագաղթում է ՀՀ բնակչությունը: Ընդ որում, եթե օդանավակայանով հեռանում են համեմատաբար ունեւորները, ապա Բագրատաշենի ու Բավրայի անցակետերով արտգաղթում են ոչ հարուստ մարդիկ, հիմնականում ընտանիքներով մեկնողները: Հետազոտությունները ցույց են տվել, որ Գյումրիի օդանավակայանով, Բագրատաշենի ու Բավրայի անցակետերով հիմնականում մեկնում են Ռուսաստան:
Ի դեպ, արտագաղթի պատկերն ավելի լավ է երեւում դպրոցներում կամ բուհերում սովորողների թվաքանակի տատանումների համատեքստում: Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ եթե 2008-09 ուսումնական տարում միջնակարգ դպրոց ավարտել է 45 հազար 700 հոգի, ապա 2012-13թթ. նրանց թիվը դարձել 34 հազար 900: 2008-09 ուստարում բուհերում սովորել է 114.4 հազար ուսանող, իսկ 2012-13-ին ուսանողների թիվը դարձել է 90 հազար 100: Տարեցտարի նվազում է դպրոցներ եւ բուհեր ընդունվողների թիվը, եւ այդ ամենը` արտագաղթի հետեւանքով: Արտագաղթի տեմպերի մասին են վկայում նաեւ Հայաստանում ապրանքաշրջանառության ծավալների անկումը եւ այլ սոցիալ-տնտեսական ցուցանիշներ:
Բայց Հայաստանից արտագաղթի այս տվյալներն առավել մտահոգիչ են դառնում բնական հավելաճի ցուցանիշների համատեքստում: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում ծնվել է 19 հազար 401, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 18 հազար 802 երեխա: Ճիշտ է, ծնունդների թիվն աճել է 3.2 տոկոսով, սակայն դրան զուգահեռ աճել է նաեւ մահացությունների թիվը` 4.3 տոկոսով: 2014թ. մահացել է 14 հազար 929 մարդ, նախորդ տարի` 14 հազար 310 հոգի: Ասել է թե՝ բնական հավելաճը շարունակում է նվազել` 0.4 տոկոսով:
Եթե համադրենք բոլոր ցուցանիշները, կստացվի հետեւյալ պատկերը. մի կողմից՝ արտագաղթի միջոցով սրընթաց կերպով դատարկվում է երկիրը, իսկ մյուս կողմից՝ նվազում է բնական հավելաճը: Այսինքն` Հայաստանում տարեկան չի ծնվում այնքան մարդ, որ կարողանար կոմպենսացնել ոչ միայն արտագաղթողների, այլեւ` նույնիսկ մահացությունների թիվը:
Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ արտագաղթի` նման տեմպերով շարունակումը, դժվար չէ պատկերացնել: Բավական է միայն նշել, որ երկիրը զրկվում է ներքին դիմադրողականությունից: Միայն թե, չնայած այս ամենին, իշխանությունները որեւէ քայլ չեն անում իրավիճակը կանխելու համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

ԼՈՒՐԵՐ

ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ
Արմավիրի մարզի Գայ գյուղի մի խումբ բնակիչներ գումար են հավաքում` օգնելու օրերս վթարի ենթարկված համագյուղացուն, իսկ մյուսներն էլ իրենց վճարած, բայց կորած վարկի գումարն են հայթայթում: «Ժողովուրդ»-ն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ Գայ համայնքում, գյուղապետարանի 29-ամյա աշխատակից Տաթեւիկ Հարությունյանն օրերս վթարի է ենթարկվել, եւ միջադեպից հետո նրա պայուսակից անհետացել է գյուղի բնակիչների կողմից հավաքագրված «Կամուրջ» վարկային կազմակերպության 3 միլիոն 200 հազար դրամ եւ 520 դոլար վճարելիք գումարը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը տեղեկացրեց, որ գյուղի մի խումբ բնակիչներ վթարված աղջկա հիվանդանոցի ծախսերը հոգալու համար որպես օգնություն գյուղապետարան են բերում 10.000-ական դրամ: Երեկվա դրությամբ հավաքվել էր մոտ 150.000 դրամ:

 

ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հարթակ» եւ «Բլոգբոքս» լրատվական կայքերի աշխատակիցներին արդեն 2 ամիս է` չեն վճարում հասանելիք աշխատավարձերը: Ըստ շրջանառվող լուրերի, կայքի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք ինչ-որ ֆինանսական խնդիրներ ունեն, որոնք լուծելու դեպքում անպայման կվճարեն աշխատավարձի պարտքը: Տեղի ունեցածն ուշագրավ է այն առումով, որ ըստ հավաստի աղբյուրների՝ «Հարթակ» եւ «Բլոգբոքս» լրատվական կայքերը ֆինանսավորվում եւ «հսկվում» են ՕԵԿ-ի կողմից: «Ժողովուրդ»-ը փորձեց ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից պարզել, թե ինչու չեն վճարում նշված կայքի աշխատակիցների աշխատավարձերը: Սակայն մեր զրուցակիցը հայտարարեց, թե իրենք որեւէ առնչություն չունեն նշված կայքերի հետ, իսկ իրենք իրենց աշխատակիցներին մշտապես վճարում են: «Ես չեմ կարծում, որ այս երկրում կա մի տեղ, որտեղ 2 ամիս աշխատավարձ չվճարեն ու աշխատողները շարունակում են աշխատել: Եթե, օրինակ, աշխատավարձ չեն ստանում, ինչի՞ համար են մնացել ու աշխատում, չգիտեմ՝ ովքեր են ու ինչի համար են նման բաներ ասում, բայց զարմանալի է, որ եթե մի մարդ մի տեղ աշխատավարձ չի աշխատում, ինչու է մնում ու աշխատում»,-նշեց ՕԵԿ մամուլի խոսնակը:

ՓՈՐԼՈՒԾ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում այս օրերին համատարած փորլուծության դեպք է գրանցվել: Մեզ հասած տեղեկություններով՝ մոտ 30 դատապարտյալների տրամադրվել են փորլուծությունը մեղմելու դեղորայք: Ըստ ՔԿՀ-ի մոտ կանգնած աղբուրների՝ պատճառը ջուրն է եւ ՔԿՀ-ում տիրող ոչ հիգիենիկ վիճակը, պետքարանների վատ պայմանները: ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ընդամենը մեկ հոգի է փորկապության խնդիր ունեցել, որին էլ տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՅԴ ՄՈՏ ԱՊԱԳԱՆ
Հայաստանը մոտ ապագայում կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այս մասին Տաջիկստանի երիտասարդ դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա նաեւ ավելացրել է, որ ԵՏՄ-ին միանալու շուրջ Ղրղզստանի հետ բանակցություններն «առաջանցիկ փուլում են»

 

ԵՎՍ ԵՐԿՈՒ ԶՈՀ
Հուլիսի 31-ին ԼՂՀ հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի վրա ազերիների գործած հարձակման արդյունքում հայկական կողմը տվել է երկու զոհ, սակայն կարողացել է հետ շպրտել ազերիներին, որոնք կրել են բազմաթիվ կորուստներ: Հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն եւ տեխնիկական միջոցներ: «Ցավոք, գործողության արդյունքում զոհվել են ՊԲ զինծառայողներ՝ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Աշոտ Արթուրի Ասոյանը»,-նշված է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

 

ՄԻԱՀԱՄՈՒՌ ԴԱԿՈՒՄ ԵՆ
ԱԺ-ում նախագծերին «կողմ» քվեարկած պատգամավորների առաջին տասնյակում ներառված են բացառապես ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորները: Parliamentmonitoring.am կայքի տվյալներով՝ առաջին տեղը կիսում են Ռազմիկ Զոհրաբյանը եւ Հովհաննես Սահակյանը՝ 370 «կողմ» քվեարկությամբ, երկրորդ տեղում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է՝ 369 «կողմ» քվեարկությամբ: Ապա, ըստ հերթականության գալիս են Հայկ Գրիգորյանը, Մկրտիչ Մինասյանը, Մնացական Մնացականյանը եւ Ալեքսան Պետրոսյանը՝ 368-ական «կողմ» քվեարկություններով, Ռուբեն Հովսեփյանը` 367, Հրանտ Գրիգորյանը` 366 քվեարկությամբ: Ուշագրավ է, որ երկրորդ տասնյակում եւս ՀՀԿ-ականներ են, բացառությամբ ՕԵԿ նախկին անդամ Կարեն Բոթոյանի: Իսկ ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորը ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է, ում հաջորդում է ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը, ապա՝ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԿԳՈՐԾԵՆ
Եվրամիության խորհուրդը ՌԴ-ի դեմ ոլորտային պատժամիջոցների մասին որոշում է ընդունել: Այն իրավաբանական ուժ է տալիս պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել հուլիսի 29-ին՝ ԵՄ-ի ներկայացուցիչների մշտական հանձնաժողովի կողմից եւ հաստատվել էին ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպոյի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի կողմից: ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից:

 

ԽՏՐԱԿԱՆ ԵՆՔ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն անդրադառնալով կրոնական ազատության մասին ԱՄՆ պետդեպի վերջին զեկույցի` Հայաստանին վերաբերող մասին, նշել է, որ մեր երկրում գրանցված կրոնական կազմակերպությունների մեծ մասը շարունակում է խտրական վերաբերմունքի թիրախում մնալ։ Նա նաեւ հիշեցրել է, որ 2013թ. մայիսին խորհրդարանը որոշ փոփոխություններ է կատարել այլընտրանքային ծառայության մասին օրենքում, որով կրճատվել է այլընտրանքային ծառայության ժամկետը եւ կալանավայրերից ազատ են արձակվել իրենց կրոնական համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարված մարդիկ։ Դեսպանի ներկայացմամբ՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանը կրոնական ազատության ոլորտում առաջընթաց է արձանագրել։

 




Լրահոս